Եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարեց ապա Ադրբեջանը Արցախի ուղությամբ նոր պատերազմական գործողություններ կսկսի

Երբ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր դաշնակցային պայմանագի էին կնքում, շատերը համոզված էին, որ այդ քայլով Մոսկվան փորձում էր չեզոքացնել Ադրբեջանի վտանգը ռուս-ուկրաինական բախումից առաջ: Այսինքն, այն ժամանակ արդեն Մոսկվան Ուկրաինայի ուղղությամբ՝ հատուկ ռազմական գործողություններից առաջ, փորձում էր իրեն երաշխավորել, որ Թուրքիան և Ադրբեջանը իր դեմ Անդրկովկասում երկրորդ ճակատ չեն բացի:

Դրա համար նույնիսկ Մոսկվան գնաց աննախադեպ զիջումների Ալիևին: Հերիք է կարդալ այդ դաշնակցային համաձայնագիրը և ամեն ինչ պարզ կդառնա:

Սակայն, ինչպես հայտնի է, երկրները ռազմական գործողություններ սկսում կամ դաթարեցնում են,  ոչ այդպիսի համաձայնագրերի հիման վրա: Այդ «թղթերը» կատարում են միմիայն իրենց գործողությունների համար լեգիտիմ հիմք, այս կամ այն գործողությունը սկսելու համար և ոչ ավել:

Այսնինքն, Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի ոչ թե հիմնվելով այդ համաձայնագրի վրա, այլ այն հաշվարկի, թե ինչ վիճակ կարող է առաջանալ ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Եթե այստեղ ռուսական կողմը չկարողանա հասնել, գոնե իր մինիմալ նպատակին, ապա Բաքուն անկասկած իր «պատմական» շանսը բաց չի թողնի: Եվ ամենայն հավանականությամբ, նրա հիմնական հարվածը կլինի հենց Արցախի ուղությամբ: Քանզի ռուս-ուկրաինական բախումը խիստ անբարենպաստ է դարձրել ազգերի ինքնորոշման սկզբունքի գաղափարը և ճիշտ հակառակը, ամրապնդել է տարածքային ամբողջականության պահպահման սկզբունքը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, Բաքուն իր համար բարենպաստ պայմանների դեպքում իր առաջին հարվածը կհասցնի հենց Արցախի ուղությամբ: Մանավանդ որ դրա համար կարող է լեգիտիմ հիմք  ծառայել նաև Բաքվի և Մոսկվայի միջև կնքված դաշնակցային համաձայնագրի այն կետը, համաձայն որի «…կողմերը չպետք է աջակցեն իրենց տարածքներում անջատողական ուժեր և կառույցներ…»:

Եթե Բաքվում և Անկարայում զգան, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանը լուրջ վիճակի մեջ է հայտնվել, ապա նրանք իրենց շանսը բաց չեն թողնելու, ինչպես որ օգտվեցին Փաշինյանի կողմից բանակցային գործընթացի տապալումից:

Հենց դրա համար էլ, նրանք այսօրվանից Արցախի ուղղությամբ փորձում են ձևավորել, այսպես կոչված, «լարվածության օջախներ», որպեսզի ցանկացած պահի կարողանան հիմնավորել իրենց ռազմական գործողությունները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։