Ժան-Ժակ Ռուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Picto infobox auteur.png

Ժան-Ժակ Ռուսո

Jean-Jacques Rousseau (painted portrait).jpg

Ծնվել է հունիսի 281712[1][2][3][…] ԺնևԺնևՇվեյցարիա[4][5]
Մահացել է հուլիսի 21778[1][2][3][…] (66 տարեկան) Էրմենոնվիլ[4]
բնական մահով
Գերեզման cenotaph of Jean-Jacques RousseauՊանթեոն (Փարիզ) և île des Peupliers
Բնակության վայր(եր) Թուրին և Սթեֆորդշիր
Քաղաքացիություն Ժնևի հանրապետություն
Դավանանք բողոքականությունկաթոլիկություն և բողոքականություն
Ուղղություն social contract? և բարոկկո դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտություն փիլիսոփաբուսաբանկոմպոզիտորպարուսույցգրողերաժշտագետգրականագետվիպասանինքնակենսագիրերաժշտություն տեսաբանմանկավարժբնագետդրամատուրգհանրագիտականնամակագրության հեղինակքաղաքագետակնարկագիր և երաժշտական քննադատ
Գործունեության ոլորտ բուսաբանություն
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[1]
Ազդվել է ՊլուտարքոսՆիկոլո ՄաքիավելիՀուգո ԳրոտիոսԹոմաս ՀոբսՌենե ԴեկարտՋոն ԼոքԷտիեն Բոննո դը ԿոնդիլյակԳոթֆրիդ Լայբնից
Ազդել է Իմանուիլ ԿանտԺոզեֆ դը ՄեսթրՄաքսիմիլիեն ՌոբեսպիեռԼև ՏոլստոյԱլեքսանդր ՊուշկինՅոհան Ֆրիդրիխ ՇիլլերՅոհան Գոթլիբ ՖիխտեԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ ՀեգելԺորժ Սանդ
Ամուսին(ներ) Thérèse Levasseur?
Հայր Իսաակ Ռուսո
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) Rousseau
Աշակերտներ Cécile Stanislas Xavier de Girardin?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Jean-Jacques Rousseau Վիքիպահեստում

Ժան-Ժակ Ռուսո (ֆր.՝ Jean-Jacques Rousseauհունիսի 281712[1][2][3][…]ԺնևԺնևՇվեյցարիա[4][5] – հուլիսի 21778[1][2][3][…]Էրմենոնվիլ[4]), Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող։

Ժան-Ժակ Ռուսոն ֆրանսիական լուսավորության ամենաազդեցիկ գործիչներից մեկն է։ Ծնվել է աղքատ ժամագործի ընտանիքում։ Շատ վաղ հասակում զրկվել է ծնողներից, իսկ հարազատները չեն մտահոգվել նրա կրթության ու դաստիարակության հարցերով։ Ռուսոն թափառաշրջիկ կյանք է վարել, շրջագայել է Շվեյցարիայի քաղաքներն ու գյուղերը, հարուստ ընտանիքում աշխատել որպես սպասավոր, որոշ ժամանակ սովորել աբբայի մոտ, ապա հոգևոր սեմինարիայում, աշխատել է երաժշտական դպրոցում։ Ամենուր ուժերը փորձելով՝ նա ամենուր կիսատ է թողել սկսած գործը։ Սակայն այս թափառաշրջիկ կյանքը Ժան-Ժակ Ռուսոյին հնարավորություն է տվել մոտիկից ծանոթանալու ժողովրդի իրավազուրկ վիճակին, անձամբ տեսնելու և զգալու ֆեոդալական հասարակարգում թագավորող սոցիալական անհավասարություններն ու անարդարությունները։ Այս հանգամանքն էլ նրա մոտ ատելություն է ձևավորել ազնվականության ու հոգևոր դասի նկատմամբ։

Ռուսոյի հասարակական և քաղաքաիրավական հայացքները շարադրված են «Դատողություն գիտությունների և արվեստների մասին» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման մասին» (1755), «Հասարակական դաշինք» (1762), «Էմիլ կամ դաստիարակության մասին» (1762), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին) երկերում։

Ռուսոյին մեծ ճանաչում է բերել «Դատողություն գիտությունների և արվեստների մասին» աշխատությունը, որն արժանացել է Դիժոնի ակադեմիայի մրցանակին։ Այս աշխատության մեջ քննադատելով իր ժամանակի հասարակական կարգերը՝ Ռուսոն ձգտում է ապացուցել, որ քաղաքականությունը, գիտություններն ու արվեստները ոչ թե ծառայում են հասարակության առաջընթաց զարգացմանը, այլ ստրկացնում են մարդուն։ Ռուսոն, քննադատելով քաղաքակրթությունը, առաջին հերթին քննադատում է դրա կրողներին, այն քաղաքակրթությունը, որի քողի տակ ազնվականությունը թաքցնում է այլասերված բարքերը։ Ռուսոն, ըստ էության, քննադատում է ֆեոդալական հասարակարգի կեղծ քաղաքակրթությունն ու մշակույթը։

1755 թվակականին լույս տեսած «Դատողություն հասարակական անհավասարության մասին» աշխատության մեջ նույնպես Ռուսոն քննադատում է մշակույթը և քաղաքակրթությունը, ձգտում ապացուցել, որ ժամանակակից քաղաքակրթությունն է փչացնում մարդուն։ Նա այս աշխատության մեջ փորձում է գտնել քաղաքակրթության բարոյալքող ազդեցության և, առհասարակ, սոցիալական չարիքների սկզբնապատճառը։

1761 թվականի սկզբին լույս տեսած «Յուլիա կամ Նոր Էլոիզ» գեղարվեստական վեպը ֆրանսիական սենտիմենտալ գրականության առաջին լավագույն գործերից մեկն էր։ Այն թարգմանվել և տարածվել է Եվրոպայի բոլոր երկրներում։ Իր վեպում Ռուսոն երկու սիրահարների ողբերգական սիրո ֆոնի վրա քննադատում է ֆեոդալիզմի հասարակական հարաբերությունները, ֆեոդալական քաղաքակրթությունն ու բարոյականությունը և պաշտպանում ազատ, դասային սահմանազատում չճանաչող սիրո գաղափարը։

1762 թվականին Ռուսոն հրատարակեց իր հռչակավոր «Հասարակական դաշինք» աշխատությունը։ Այս աշխատության մեջ նա ապացուցում էր, որ անհավասարությունն աճել է քաղաքակրթության հետ միասին։

Ռուսոյի մյուս հանճարեղ ստեղծագործությունը «Էմիլ կամ դաստիարակության մասին» տրակտատ-վեպն է։ Այստեղ շարադրված են հեղինակի մանկավարժական գաղափարները։ Ռուսոն առաջիններից էր, ով երեխայի զարգացման և դաստիարակության առջև տարիքային առանձնահատկությունները հաշվառելու խնդիր դրեց, առաջարկեց ուսուցման ակտիվ մեթոդներ, առաջադրեց ուսուցման կյանքի հետ սերտ կապի անհրաժեշտության պահանջը։

Ռուսոյի գաղափարների ազդեցությունը վիթխարի էր։ Ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարախոսության նախապատրաստման գործում նրան պատկանում է կարևոր դեր, թեև ինքը հեռու էր հեղափոխական պայքարի անխուսափելիության ըմբռնումից։ Պատմական գործընթացի տեսության մեջ Ռուսոն մինչ այդ չտեսնված խորաթափանցությամբ կարողացել է կռահել հակասություների՝ որպես հասարակության զարգացման շարժիչ ուժի նշանակությունը։

Ժան-Ժակ Ռուսոն համակարգված կրթություն երբեք չի ստացել, չի դաստիարակել նույնիսկ իր սեփական երեխաներին[6], սակայն մինչ այսօր նրա գաղափարներն ամբողջ աշխարհին սովորեցնում են, թե ինչպես պետք է դաստիարակել երեխաներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, որտեղ ծնվել է Ռուսոն. Ժնև, Շվեյցարիա

Ժան-Ժակ Ռուսոյի կենսագրությանը նվիրված գրքում Ռայմոնդ Տրուսոնը նշում է, որ Ռուսոյի ընտանիքը ծագումով Մոնլերիից է, որը գտնվում է ԷտամպինՓարիզի հարավին մոտ[7]։ Ժան-Ժակի պապը՝ Դիդիե Ռուսոն, լքել է այդ քաղաքը՝ փախչելով բողոքականների դեմ ուղղված կրոնական հալածանքներից[8]։ 1549 թվականին նա բնակություն է հաստատել Ժնևում, որտեղ էլ իջևանատուն է բացել[9]։ Նրա թոռը՝ ժան Ռուսոն, ինչպես և որդին՝ Դիդիե Ռուսոն (1641-1738)՝ Ռուսոյի պապը, ժամագործ են եղել․ մի մասնագիտություն, որը ժամանակին շատ հարգված էր և շահութաբեր։

Փորագրանկար։ Ժամագործը աշխատում է պատուհանից թափանցող լույսի տակ։ Ձախ կողմում փոքրիկ երեխան կարդում է՝ նստած ծացր աթոռին

Ժան-Ժակ Ռուսոն հոր հետ ընթերցանությամբ զբաղվելիս։ 1889 թվական, հեղինակ Մորիս Լելուար

Հատված մկրտության գրանցամատյանից։ [Ն 1]

Ժան-Ժակ Ռուսոն բողոքական ծխական քահանա Լամերսիեի մոտ: 1912 թվականի փոստային բացիկ

Ժան-Ժակ Ռուսոն ծնվել է 1712 թվականի հունիսի 28-ին կալվինիստական աստվածաբանության և կալվինիստական բարոյականության կենսաձևի հինավուրց կենտրոն Ժնև քաղաքում։ Հայրը՝ Իսահակ Ռուսոն (Ժնև, 1672 – Նիոն, 1747), ժամագործ էր, ինչպես իր հայրը և պապը։ Մայրը՝ Սյուզան Բերնարը (Ժնև, 1673 – Ժնև, 1712) ևս ժամագործի զավակ էր[10]։ Ռուսոյի ծնողներն ամուսնացել են 1704 թվականին, մինչ այդ երկու ընտանիքների միջև արդեն բարեկամական կապեր էին հաստատվել՝ Սյուզանի եղբայրը ամուսնացել էր Իսահակի քրոջ՝ Թեոդորա Ռուսոյի հետ՝ 1699 թվականին։ Առաջին որդու՝ Ֆրանսուայի ծնունդից (1705 թվականի մարտ) հետո, Իսահակ Ռուսոն, կնոջը և նորածին որդուն թողնելով Ժնևում, մեկնում է Կոստանդնուպոլիս՝ կատարելագործելու մասնագիտական հմտությունները։ Այնտեղ նա ապրում է 6 տարի և տուն վերադառնում 1711 թվականին[11]։ Երկրորդ որդու՝ Ժան-Ժակ Ռուսոյի ծնվելուց ինն օր անց՝ հուլիսի 7-ին՝ Սյուզան Բերնարը մահանում է ծննդաբերական տենդից[12]։

Իր կյանքի տասը տարիները Ռուսսոն անց է կացրել հոր և հորաքրոջ խնամքի տակ։ Հետագա իր ողջ կյանքի ընթացքում նա առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով էր հիշում հորաքրոջը, ում շնորհիվ էլ ինքը ողջ էր մնացել[13]։

1722 թվականի հոկտեմբերի 11-ին Իսահակ Ռուսոն՝ հայրենակիցներից մեկի հետ վեճից հետո, խուսափելով դատավարությունից, փախչում է Ժնևից և բնակություն հաստատում Նիոնում[14]։ Նա այլևս երբեք չի վերադառնում Ժնև, բայց կապը պահում է որդու հետ, ով պարբերաբար մեկնում էր Նիոն։ Հայրը նրան պարտադրում էր գրքեր կարդալ, հատկապես՝ Պլուտարքոս։

Ավելի ուշ Ռուսոյի խնամքը ստանձնում է մորեղբայրը՝ Գաբրիել Բերնարը[15] և նրա կինը Թեոդորան[16]։ Վերջինները Ռուսոյին իրենց որդու՝ Աբրահամ Բերնարի հետ ուղարկում են Բոսե՝ սովորելու բողոքական եկեղեցուն պատկանող գիշերօթիկ դպրոցում։ Ռուսոն այստեղ աշակերտում է ծխական քահանա Լամերսիեին (1722-1724)։ Սակայն երկու տարի հետո նա հեռանում է Բոսեից[17]։

Ռուսոյին վիճակված էր վաղ հասակից ապրել սեփական աշխատանքով։ 13 տարեկան հասակում նա աշխատում է նոտարի գրասենյակում, այնուհետև 1725 թվականին փոխադրվում է փորագրիչ Աբել Դյուկոմոնի արհեստանոց՝ որպես աշակերտ[18]։ Թեպետ այս արհեստը գրավում է նրան, բայց տիրոջ դաժան վերաբերմունքը ոչնչացնում է նրա մեջ սովորելու ցանկությունը, և Ռուսոն փախչում է նրանից[Ն 2]։

1728 թվականի մարտի 14-ին Ժնևի քաղաքային դարպասները փակվում են Ռուսոյի առջև և նա որոշում է փախչել ու դառնալ կաթոլիկ[19]։

Շրջագայություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակից սկսվում է Ռուսոյի թափառաշրջիկ կյանքը՝ լի անպտուղ երազանքներով, կարճատև հաճույքներով և երկարատև զրկանքներով, հուսահատություններով և մոլորություններով։

Ռուսոյի առաջին հանդիպումը բարոնուհի դը Վարանսի հետ. հեղինակ` Կառլ Շտոյբեն (1830)

Ռուսոն շրջագայում է Շվեյցարիայի քաղաքներն ու գյուղերը, աշխատում է որպես տնային սպասավոր, որոշ ժամանակ սովորում է աբբայի մոտ, հետո հոգևոր սեմինարիայում, ապա հեռանալով այստեղից, մտնում է երաժշտական դպրոց, այն էլ թողնելով՝ աշխատում որպես տնային դաստիարակ։ Ամենուր փորձելով իր ուժերը, նա ամեն տեղ անավարտ է թողնում իր սկսած գործը։

Սակայն այս թափառաշրջիկ կյանքը Ժան-Ժակ Ռուսոյին հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալու ժողովրդի իրավազուրկ վիճակին, անձամբ տեսնելու և զգալու ֆեոդալական հասարակարգում թագավորող սոցիալական անհավասարություններն ու անարդարությունները։ Այս հանգամանքն էլ Ռուսոյի մոտ ատելություն է ձևավորում ազնվականության ու հոգևոր դասի նկատմամբ։

Իր կյանքի այս ժամանակաշրջանում Ռուսոն ավելի քան տասը տարի ապրում է բարոնուհի դը Վարանսի մոտ և, ազատ լինելով կենսական հոգսերից, մեծ եռանդով զբաղվում ինքնակրթությամբ[20]։ Պետք է ասել, որ մանուկ հասակից չափազանց ընթերցասեր Ռուսոն իր լայն ու բազմակողմանի մտավոր պատրաստությունը ձեռք է բերել համարյա բացառապես ինքնակրթության միջոցով։

1735 թվականին Ռուսոն ամուսնանում է Թերեզա Լեվասերի հետ։ Հետագայում Ռուսոն այս ամուսնությունը համարեց իր կյանքի ամենամեծ սխալներից մեկը։ Ինչպես ինքն է նշում՝ Թերեզա Լեվասերը «սահմանափակ» և «բութ» անձնավորություն էր[21]։

1741 թվականին Ռուսոն տեղափոխվում է Փարիզ, իսկ երկու տարի հետո նշանակվում Վենետիկի ֆրանսիական հյուպատոսության քարտուղար։ Վենետիկում նա հնարավորություն է ստանում մոտիկից ուսումնասիրելու թե՛ Վենետիկի հանրապետության, և թե՛ Ֆրանսիայի քաղաքական կարգերը և քաղաքական կյանքի բարքերը։ Սակայն գժտվելով հյուպատոսի հետ, նա 1744 թվականին հեռանում է աշխատանքից և վերադառնում Փարիզ։ Այստեղ աշխատանքի է անցնում Ֆրանկելի մոտ՝ որպես քարտուղար։

1749 թվականին Ռուսոն այցելում է Վենսենյան ամրոց՝ տեսակցելու Դենի Դիդրոյին, ով աքսորվել էր իր «Նամակ կույրերի մասին, որպես խրատ տեսնողներին» աշխատության համար։ Դիդրոյի խորհրդով էլ Ռուսոն որոշում է մասնակցել Դիժոնի ակադեմիայի հայտարարած մրցույթին։

Ստեղծագործական գործունեության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատողություն գիտությունների և արվեստների մասին (1750)[խմբագրել | խմբագրել կոդը]

 

Ժան-Ժակ Ռուսոն հայկական զգեստով. հեղինակ՝ Ալան Ռեմզի

«Դատողություն գիտությունների և արվեստների մասին» հայտնի հրապարակախոսական աշխատության մեջ Ռուսոն պատասխանում է Դիժոնի ակադեմիայի առաջադրած հարցին՝ «Գիտությունների և արվեստների զարգացումը նպաստել է բարքերի անկմանը, թե՞ բարելավմանը»։

Այս աշխատության մեջ Ռուսոն նպատակ է դնում հրապարակ հանել իր ժամանակի «հասարակական կարգերի ամբողջ հակասությունները…պետական հիմնարկների ամբողջ չարաշահումները» և ցույց տալ, որ մարդն իր բնությամբ բարի է, և միայն սոցիալական հաստատություններն են այլասերել նրան»[22]։

Քննադատելով իր ժամանակի հասարակական կարգերը՝ Ռուսոն ձգտում է ապացուցել, որ քաղաքականությունը, գիտություններն ու արվեստները ոչ թե ծառայում են հասարակության առաջընթաց զարգացմանը, այլ ստրկացնում են մարդուն, ստեղծում նրա մեջ անբնական պահանջմունքներ, դարձնում նրան իր իսկ արատավոր պահանջմունքների ստրուկը, զրկում այն վաղեմի ազատությունից և երջանկությունից, որ նա վայելում էր նախնադարյան հասարակության մեջ։ Մարդկանց բոլոր արատները՝ հանցագործությունները, անօրինականություններն ու կամայականությունները նա դիտում է որպես քաղաքակրթության, գիտության և արվեստների զարգացման արդյունք։ Ռուսոն, քննադատելով քաղաքակրթությունը, առաջին հերթին քննադատում է նրա կրողներին, այն քաղաքակրթությունը, որի քողի տակ ազնվականությունը թաքցնում է այլասերված բարքերը։ Ռուսոն, ըստ էության, քննադատում է ֆեոդալական հասարակարգի կեղծ քաղաքակրթությունն ու մշակույթը։

Ժխտելով գիտությունների և արվեստների դերը հասարակության զարգացման գործում՝ Ռուսոն նկատի ուներ ամենից առաջ այն, որ դրանք չեն ծառայում հասարակ ժողովրդին, այլ խորթ են նրան։ Այսպիսով՝ հենց իր առաջին աշխատության մեջ Ռուսոն հանդես է գալիս որպես երրորդ դասի՝ գյուղացիության և արհեստավորների շահերի ու ազատության պաշտպան, որպես ֆեոդալական կարգերի, դեսպոտիզմի և աբսոլյուտիզմի ոխերիմ թշնամի։

«Դատողություն գիտությունների և արվեստների մասին» աշխատությունը, որն արժանացավ Դիժոնի ակադեմիայի մրցանակին, մեծ ազդեցություն գործեց Ֆրանսիայի հասարակական մտքի վրա և անմիջապես որոշեց Ռուսոյի տեղն այն պայքարում, որ 18-րդ դարի 50-ական թվականների առաջավոր մտավորականությունը՝ հանձինս լուսավորիչների, մղում էր ֆեոդալական կարգերի դեմ։

 

Դատողություն հասարակական անհավասարության մասին (1755)[խմբագրել | խմբագրել կոդը]

1755 թվակականին լույս է տեսնում Ռուսոյի «Դատողություն հասարակական անհավասարության մասին» աշխատությունը, որտեղ նույնպես նա քննադատում է մշակույթը և քաղաքակրթությունը, ձգտում ապացուցել, որ ժամանակակից քաղաքակրթությունն է փչացնում մարդուն։ Ռուսոն այս աշխատության մեջ փորձում է գտնել քաղաքակրթության բարոյալքող ազդեցության և, առհասարակ, սոցիալական չարիքների սկզբնապատճառը։ Այս սկզբնապատճառը նա համարում է մասնավոր սեփականությունը։ Ռուսոն պնդում է, որ մասնավոր սեփականությունից է ծնվել սոցիալական անհավասարությունը, դրանից են առաջացել մի կողմից աղքատներ, որոնք ապրում եմ սեփական վաստակով, իսկ մյուս կողմից հարուստներ, որոնք ապրում են ուրիշների հաշվին։ Առաջինները թեպետ զուրկ են լուսավորությունից, բայց բարոյապես ազնիվ են ու անկեղծ, իսկ երկրորդները, լինելով կեղծ քաղաքակրթության կրողներ, զուրկ են բարոյական առաքինություններից։ Այսպիսով՝ բացահայտելով հասարակական կյանքում եղած անտոգոնիզմը, Ռուսոն հանգում է տնտեսական անհավասարության և սոցիալական արտոնությունների ժխտմանը, իսկ այստեղից էլ՝ ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքներին։

Յուլիա կամ Նոր Էլոիզ (1761)[խմբագրել | խմբագրել կոդը]

 

18-րդ դարի 60-ական թվականները Ռուսոյի համար հանդիսացան ստեղծագործական բացառիկ բուռն շրջան։ 1761 թվականի սկզբին Հոլանդիայում լույս տեսավ նրա «Յուլիա կամ Նոր Էլոիզ» գեղարվեստական վեպը, որն արագորեն թարգմանվեց և տարածվեց Եվրոպայի բոլոր երկրներում[23]։ Իր վեպում Ռուսոն երկու սիրահարների ողբերգական սիրո ֆոնի վրա քննադատում է ֆեոդալիզմի հասարակական հարաբերությունները, ֆեոդալական քաղաքակրթությունն ու բարոյականությունը և պաշտպանում ազատ, ոչ մի դասային սահմանազատում չճանաչող սիրո գաղափարը։

Այդ վեպը ֆրանսիական սենտիմենտալ գրականության առաջին լավագույն գործերից մեկն էր, որտեղ հեղինակն իր անգերազանցելի վարպետությամբ և հոգեբանական նուրբ վերլուծությունների միջոցով պատկերում է հերոսների նրաշխարհը, նրանց զգացմունքներն ու ապրումները։ «Նոր Էլոիզը», դրանում առկա հակասական գաղափարներով հանդերձ (մի բան, որ խիստ բնորոշ է Ռուսոյի բոլոր աշխատություններին և առհասարակ նրա ամբողջ աշխարհայացքին), զգալիորեն մոտենում է գեղարվեստական ռեալիզմին։

Հասարակական դաշինք (1762)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Ժակ Ռուսոյի թանգարանը Մոնմորանսիում, Ֆրանսիա

1762 թվականին Ռուսոն հրատարակեց իր հռչակավոր «Հասարակական դաշինք» աշխատությունը, որում զարգացրեց իր առաջին և երկրորդ «Դատողությունների» մեջ արտահայտած գաղափարները, ուշադրության հիմնական առարկա դարձնելով պետության, մանավանդ, իր պատկերած իդեալական հասարակարգի՝ դեմոկրատական հանրապետության հարցը։ Ռուսոն ապացուցում էր, որ անհավասարությունն աճել է քաղաքակրթության հետ միասին։ «Հասարակական դաշինք» աշխատության մեջ զարգացնելով Լոկկի պայմանագրային տեսությունը, նա քաղաքակրթված հասարակությանը որպես իդեալ հակադրեց մի ինչ-որ հասարակություն իբր «բնական վիճակում», երբ մարդիկ եղել են հավասար ու ազատ, իսկ հետո հրաժարվել են իրենց իրավունքներից՝ աշխատանքային սեփականությունը պահպանելու համար։ Ռուսոն ապացուցում էր, որ ժողովրդի շահերին չհամապատասխանող իշխանությունը օրինական չէ, այն խախտում է նախնական այն հասարակական պայմանագիրը, որի համաձայն մարդիկ կամավոր կերպով իրենց որոշ իրավունքներ զիջել են իրենց իսկ կողմից ընտրված իշխանություններին, որոնք պարտավոր են ծառայել ժողովրդին։ Սա թագավորի և ֆեոդալական կարգերի տապալման կոչ էր՝ գրական ստեղծագործության ձևի մեջ առած[24]։

Էմիլ կամ դաստիարակության մասին (1762)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական դաշինքից» ընդամենը մի քանի շաբաթ հետո լույս է տեսնում «Էմիլ կամ դաստիարակության մասին» տրակտատ-վեպը։ Այս հանճարեղ աշխատության մեջ Ռուսոն ոչ միայն շարադրում է իր մանկավարժական գաղափարները, այլև բազմակողմանի քննադատության է ենթարկում ֆեոդալական հասարակարգի բարոյականությունն ու բարքերը, դեսպոտիզմի արտահայտությունը հասարակական կյանքում, մանավանդ դաստիարակության բնագավառում, դեիզմի դիրքերից մերկացնում կաթոլիկական հավատը[25]։

Ժան-Ժակ Ռուսոյի հուշարձանը Էրմենոնվիլում, Ֆրանսիա

Գլխավորապես այս հանգամանքով է բացատրվում այն, որ «Էմիլը», ավելի, քան Ռուսոյի որևէ այլ աշխատություն, լուրջ սպառնալիք ներշնչեց 18-րդ դարում Եվրոպայի բոլոր ռեակցիոն ուժերին, որոնք անողոք հալածանք սկսեցին նրա հեղինակի դեմ։ Ռուսոյին ձերբակալելու հրաման արձակեցին թե՛ Ֆրանսիայի, և թե՛ Շվեյցարիայի իշխանությունները։ «Էմիլը» հրապարակայնորեն խարույկի մատնվեց Փարիզում, ապա Ժնևում։ Այն դատապարտվեց նաև հոլանդական կառավարության կողմից։ Ռուսոն ստիպված եղավ Փարիզից փախչել Ժնև, Ժնևից՝ Բեռն, ապա՝ Անգլիա։ Այս ամենի հետևանքով նա հոգեկան խանգարում ստացավ[26]։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տասնամյակում Ռուսոն գրեց իր հայտնի «Խոստովանություն» մեծածավալ աշխատությունը և դրա շարունակությունը հանդիսացող «Երկխոսություն՝ Ռուսոն դատում է Ժան-Ժակին» և «Մենակյաց երազողի զբոսանքները» գործերը։

«Խոստովանության» մեջ Ռուսոն նկարագրում է ոչ միայն իր կյանքի պատմությունը, այլև իր հասարակական, քաղաքական և փիլիսոփայական հայացքները, Ֆրանսիայի և Շվեյցարիայի սոցիալական ու մշակութային կյանքը, հասարակական տարբեր խավերի կենցաղն ու բարքերը։ Անգերազանցելի ուղղամտությամբ և անկեղծությամբ հեղինակը նկարագրում է իր ներաշխարհը, վերապրումները, տրամադրությունները, խոհերն ու զգացմունքները, մի հանգամանք, որն այդ երկը արժեքավոր է դարձնում նաև հոգեբանության տեսակետից։

Ժան-Ժակ Ռուսոն մահացել է 1778 թվականի հուլիսի 3-ին։ Թաղվել է Էրմենովիլում՝ գեղեցիկ լճի մեջ գտնվող «Բարդիների կղզում»։ 1794 թվականին Ռուսոյի աճյունը տեղափոխվել է Փարիզի պանթեոն։

Փիլիսոփայական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային նամականիշ. Ռումինիա (1962)

Փիլիսոփայության հարցերում Ռուսոն հետ էր մնում իր ժամանակի ֆրանսիական էնցիկլոպեդիստների ձախ թևից (ՀոլբախԳրիմմԴիդրո), ովքեր մատերիալիստներ և աթեիստներ էին, մինչդեռ Ռուսոն կանգնած էր իդեալիզմի դիրքերի վրա։ Ի տարբերություն մատերիալիստների, ովքեր ժխտում էին բնածին գաղափարները և մարդուն դիտում որպես հասարակական միջավայրի արդյունք, Ռուսոն պնդում էր թե մարդու խիղճը, նրա բարոյական զգացմունքները, մասնավորապես իր անձը սիրելու, բարեկեցության, արդարացիության, կարեկցության և այլ զգացմունքները բնածին են, թե մարդը ի ծնե բարի է։

Ռուսոյի փիլիսոփայական խորհրդածությունների թեման անհատի ճակատագիրն է ժամանակակից հասարակության մեջ՝ բարդ արհեստական մշակույթով և հակասություններով։

Ֆրանսիական հասարակակական կարգի հակասությունները Ռուսոյի ժամանակակիցներից ոչ ոք այնպես ուժեղ չէր զգում, ինչպես նա։ Ռուսոն դրանք գիտակցում էր գյուղացիների և արհեստավորների՝ մանրբուրժուական ճնշված զանգվածների՝ այսինքն՝ ավելի դեմոկրատական տեսանկյունից, քան լուսավորիչների մեծամասնության հայացքներն էին։ Ռուսոյի քննադատությունը միաժամանակ և՛ արմատական դեմոկրատական է, և՛ հետադիմական. այն կոչում է առաջ՝ դեպի մարդկությունը ճնշող կարգի տապալումը, և հետ է մղում՝ ներշնչում գաղափարներ, որոնք պետք է բնորոշվեն որպես հետադիմական սոցիալական երազանք։ Իր ժամանակակից հասարակական կյանքի հիմնական հակասությունը Ռուսոյի գիտակցության մեջ ընդունում է մշակույթի և բնության, զգացմունքի, իր համոզմամբ բնական, ներդաշնակ կյանքի և բնախոհական մտածողության արհեստականության, միակողմանիության միջև հակասության վերացական ձև[27]։

Քննարկելով շրջապատող աշխարհի ընկալման հարցը՝ Ռուսոն դատում է որպես սենսուալիստ․ չկա ոչինչ մարդու գիտակցության մեջ, որը ստացված չլինի զգայությունների միջնորդությամբ, զգայարանների միջոցով։ Սակայն նա այս դրույթից չկարողացավ մատերիալիստական եզրակացություններ անել։

Ռուսոն անողոքաբար քննադատում էր կաթոլիկական եկեղեցին ու նրա դոգմաները, ժխտում էր պաշտոնական կրոնը և «զգացմունքային կրոնի» կողմնակից էր, գտնելով, որ յուրաքնաչյուր մարդ ազատ է հավատալու յուրովի։

Aquote1.png Ամեն ինչ լավ է, ինչ դուրս է գալիս տիեզերքի արարչի ձեռքից, ամեն ինչ այլանդակվում է մարդու ձեռքերում։

– «Էմիլ կամ դաստիարակության մասին»
Aquote2.png

«Սավոյական փոխանորդի խոստովանության» մեջ Ռուսոն կրոնական հավատի հիմք ու չափանիշ է հռչակում ոչ թե բանականության փաստարկները, այլ սիրտն ու զգացմունքը։

Ռացիոնալիզմի, չոր ու խստաբարո դատողականությանը Ռուսոն հակադրում է անկեղծ, բնական զգացմունքի բարերար ուժը։ 17֊18֊րդ դարերի ռացիոնալիզմը զգացմունքը չէր դիտում, ինտելեկտի և կամքի հետ մեկտեղ՝ որպես ուրույն հոգևոր գործունեություն։ Մինչդեռ՝ Ռուսոն զգացմունքը դիտում էր որպես հոգևոր գործունեության առաջնային ձև։ Բանականությունից ավելի վաղ մարդու մեջ հանդես են գալիս հաճույքի ու տհաճության զգացմունքները։ Զգացմունքը ոչ միայն առաջնային է բանականության նկատմամբ ըստ ծագման, այլև ավելի կարևոր է, քան բանականությունը։

Փոստային նամականիշ. ԽՍՀՄ (1962)

Զգացմունքի առաջնայնության մասին Ռուսոյի ուսմունքը երկակի է։ Մի կողմից այն ճիշտ էր բացահայտում մարդու և նրա հոգևոր գործունեության մասին ռացիոնալիստական պատկերացման միակողմանիությունը, մյուս կողմից, այն պարունակում էր խորապես սխալ միտում, այն է զգացմունքի որպես հոգևոր կյանքի բարձրագույն և ավելի արժեքավոր ոլորտի հակադրումը բանականությանը[28]։

Ռուսոյից է սկիզբ առնում վարքի և հոգեկան կյանքի մեջ բնազդային, չգիտակցված և միաժամանակ վերին աստիճանի նպատակահարմար շարժումներն ու գործողություններն առաջին պլան մղելու միտումը։ Նույնիսկ խիղճն ու հանճարը Ռուսոն վերածում է ամեն ինչում բանականությանը հակադիր բարձրագույն բնազդների։

Մոտեցնելով զգացմունքը բնազդին՝ Ռուսոն այդ մոտեցումից բխեցնում էր այն միտքը, թե իբր ինտելեկտի ձևերի՝ երևակայության և մտածողության զարգացումը կործանել է մարդու մեջ նախասկզբնական ներդաշնակությունը, խախտել է պահանջմունքների ու ընդունակությունների ճիշտ հարաբերակցությունը, թուլացրել մարդու բնական հզորությունը։ Սակայն հենց Ռուսոյի մոտ այդ մտքերը դեռ հեռու են ուշ շրջանի բուրժուական հետադիմական ալոգիզմից։ Դրանցում անտրամաբանականությունը հանդես էր գալիս որպես միտում, որը մեղմանում է բազմաթիվ վերապահումներով ու հակասություններով։ Քննադատելով ռացիոնալիզմի միակողմանիությունը՝ Ռուսոն ինքը շատ բաներում մնում է ռացիոնալիզմի դիրքերի վրա։ Ընդգծելով զգացմունքի իրավունքները՝ նա ընդունում է, որ զգացմունքի զարգացման գործում մեծ դեր է խաղում ճանաչողությունը։

Ռուսոյի ուժն ու պատմական նշանակություն ոչ այնքան այն մտքերի մեջ է, որոնք կարելի է գտնել նրա մոտ տեսական փիլիսոփայության հարցերի վերաբերյալ, որքան այն գաղափարների, որոնք նա առաջադրել է որպես սոցիոլոգ, քաղաքական մտածող, բարոյագետ, հոգեբան և մանկավարժ։ Իր ժամանակակիցների մեծամասնությունից Ռուսոն տարբերվում է ամենից առաջ Ֆրանսիական հասարակական կարգի քննադատության մեջ ցուցաբերած սրաթափանցությամբ, խորությամբ և համարձակությամբ։

Սոցիալ-քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Դատողություն գիտությունների և արվեստների մասին» աշխատության մեջ Ռուսոն ապացուցում էր, որ Վերածննդի ժամանակներից սկսած գիտությունների ու արվեստների զարգացումը, ոչ թե կատարելագործել, այլ վատթարացրել է հասարակության բարքերը։ Չնայած բացահայտ չափազանցումներին, փաստարկների միակողմանիությանն ու ծայրահեղ վերացականությանը՝ Ռուսոյին այս երկում հաջողվել է ուժեղ ու համարձակ կերպով արտահայտել հասարակ գյուղացու և արհեստավորի բողոքը, ով տեսնում է, որ քաղաքակրթության առաջընթացի պտուղներն իր համար մատչելի չեն՝ իր սոցիալական դրության հետևանքով։ Ըստ Ռուսոյի, մարդկային տառապանքների գլխավոր պատճառներից մեկը հակասությունն է մեր դրության և ցանկությունների, մեր պարտքի և հակումների, բնության և սոցիալական հիմնարկությունների, մարդու և քաղաքացու միջև։

Aquote1.png Դարձրեք մարդուն կրկին միասնական և դուք կդարձնեք նրան այնքան երջանիկ, որպիսին նա միայն կարող է լինել[29]։ Aquote2.png

Բնության հակադրումը մշակույթին, որ կատարում էր Ժան֊Ժակ Ռուսոն, ժամանակակիցների մի մասը հասկացավ որպես դեպի hետ, մինչմշակութային «բնական» դրությանը վերադառնալու միամիտ կոչ։ Վոլտերը, ծաղրելով Ռուսոյին, ասում էր, որ նա մարդկությանը կոչ է անում նորից կանգնել չորեքթաթ և սողալ դեպի կուսական անտառը։ Իրականում Ռուսոն լավ էր հասկանում զարգացման արդեն անցած ուղու անդառնալիությունը։ Նա բացատրում էր, որ արդեն ձեռք բերված քաղաքակրթությունից լրիվ հրաժարումը մարդուն կդարձներ վայրենի, բայց չէր դարձնի ավելի երջանիկ։

Ըստ Ռուսոյի քաղաքակրթության հակասական զարգացման, ինչպես նաև սոցիալական չարիքների առաջացման սկզբնաղբյուրը մասնավոր սեփականությունն է։ Հասարակության պատմության մեջ տարբերակելով երկու շրջան՝ բնական և քաղաքացիական, Ռուսոն կարծում էր, թե բնական վիճակում մարդիկ ապրում էին ազատ, առողջ ու երջանիկ։ Մարդկանց վիճակն արմատապես փոխվում է «քաղաքացիա­կան հասարակության» մեջ, որի տնտեսական հիմքը մասնավոր սեփակա­նությունն էր։ Այդ հասարակության մեջ անհետանում է սոցիալական հա­վասարությունը, երևան են գալիս ստրկությունը և աղքատությունը։ Գույքա­յին անհավասարության խորացումը հանգեցնում է ունևորների փոքրաթիվ խավի առաջացմանը, որը շահագործում և ճնշում է չունևորների մեծաթիվ խավին։ Պետության առաջացումը Ռուսոն դիտում է որպես հասարակական դաշինքի արդյունք։ Թեև այդ դաշինքը կնքվել է ժո­ղովրդի և իշխողների միջև, բայց, իշխողները ժամանակի ընթացքում չարաշահել են իրենց իրավունքները և պետությունը դարձրել ժողովր­դին ստրկացնելու գործիք։ Հանդես գալով ժողովրդի շահերի պաշտպանութ­յամբ՝ Ռուսոն «Հասարակական դաշինք» աշխատության մեջ առաջադ­րում է հետևյալ գաղափարները. ժողովուրդն ինքնիշխան է, նրա ինքնիշխանությունն անօտարելի ու անբաժանելի է, օրենսդիր իշխանությունը պատկանում է ժողովրդին և կարող է պատկանել միայն նրան[30]։

Փոստային նամականիշ. Մոլդովա (2012)

Իր «Հասարակական դաշինքում» Ռուսոն ապացուցում էր, որ այժմ գոյություն ունեցող սոցիալական անհավասարության՝ գույքային անհավասարության և պարտականությունների անհավասարության միակ ուղղումը կարող են և պետք է լինեն ազատության ու իրավաբանական իրավունքների անվերապահ հավասարությունը։ Այս գաղափարը, որի մեջ արտահայտվել է Ռուսոյի սոցիոլոգիայի բուրժուական բնույթը, հետագայում բարձր գնահատեցին ֆրանսիական հեղափոխության գործիչները և ամենից առաջ յակոբինյանները[31]։

Բուրժուական դեմոկրատիզմով ու հանրապետականությամբ է համակված «Հասարակական դաշինքի» ամբողջ ծրագրային մասը։ Հասարակության քաղաքական կյանքի հիմքը Ռուսոն համարում էր ժողովրդի կամքի սուվերենությունը և այդ իսկ սուվերենության անբաժանելիությունը։ Ուստի՝ Ռուսոն մերժում է իշխանությունը օրենսդրի և գործադրի բաժանման սկզբունքը և հանձնարարում է պետության մեջ քաղաքական կյանքի բոլոր լուրջ հարցերի վերաբերյալ մշտապես գործող հանրաքվեի կամ համաժողովրդական հարցման համակարգը։

Սոցիալական անհավասարության, աշխատանքի բաժանման գոյություն ունեցող աղետալի հետևանքները Ռուսոն բացահայտում է մեծ խորաթափանցությամբ ու բարոյական զայրույթի պաթոսով։ Նա անհամեմատ թույլ է մշակույթի հակասությունների հաղթահարման համար միջոցների հանձնարարության մեջ։ Մի կողմից Ռուսոն փրկություն է որոնում պատմական զարգացման թափի պարզ դանդաղեցման, նրա արգելակման մեջ, մյուս կողմից պնդում, որ դեպի ներդաշնակությունը մարդու ճանապարհին առաջացող խոչընդոտները պետք է վերացվեն ոչ միայն աստիճանական զարգացմամբ, այլև պայքարով։ Սակայն պայքարը, որի մասին խոսում է Ռուսոն, ոչ թե հասարակական հեղափոխական պայքարն է, այլ միայն անհատի բարոյական պայքարը սեփական թուլությունների ու թերությունների դեմ, իր կրքերի նկատմամբ հաղթանակը և իր զգացմունքների վրա իշխելը[27]։

Քաղաքակրթության հակասություններից դուրս գալու ելքը Ռուսոն տեսնում է դաստիարակության կարգի ու մեթոդների փոփոխության մեջ։ Հետևելով Լոկկին՝ Ռուսոն «Էմիլ կամ դաստիարակության մասին» նշանավոր աշխատության մեջ ուրվագծեց մարդու բնական և ազատ դաստիարակության ու զարգացման իր ծրագիրը։

Մանկավարժական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական և ազատ դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսոյի մանկավարժական հայացքների հիմքում ընկած են բնական և ազատ դաստիարակության սկզբունքները։ Մարդը, ըստ Ռուսոյի, իր դաստիարակությունը ստանում է բնությունից, իրերից և մարդկանցից։ Նրա դաստիարակությունը կարող է արդյունավետ լինել, եթե այդ երեք գործոնները ձգտեն միևնույն նպատակին, չհակասեն իրար, այլ համագործակցեն իրար հետ[32]։ Եվ քանի որ բնությունից ստացած դաստիարակությունը մեզանից չի կախված, իրերից ստացած դաստիարակությունը մասամբ է մեզանից կախված, և միայն մարդկանցից ստացած դաստիարակությունն է կախված մեզանից, ուրեմն՝ «բնության դաստիարակությանը, որի հանդեպ մենք անզոր ենք, պետք է ուղղել մյուս երկուսը»[33]։

Բնական դաստիարակություն ասելով՝ Ռուսոն հասկանում էր այնպիսի դաստիարակություն, որը համապատասխանում է երեխայի բնական զարգացման ընթացքին՝ նրա բնական ընդունակություններին ու նախադրյալներին, նրա պահանջմունքներին ու առանձնահատկություններին[34]։

Բնական դաստիարակության սկզբունքից էլ Ռուսոն բխեցնում է ազատ դաստիարակության սկզբունքը։ Եթե պետք է հետևել երեխայի բնական զարգացման ընթացքին, նրա բնական ընդունակությունների և հակումների ներքին զարգացմանը, կնշանակի դաստիարակության մեջ երեխան պետք է լինի ազատ վիճակում։

Aquote1.png Երեխան ծնվելու րոպեից արդեն ոչ թե դաստիարակի, այլ բնության աշակերտն է. դաստիարակը սոսկ ուսումնասիրում է նրան այս առաջին ուսուցչի ձեռքի տակ և հետևում, որ ապարդյուն չանցնի բնության հոգածությունը[35]։

– «Էմիլ կամ դաստիարակության մասին»
Aquote2.png

Առաջնորդվելով բնական և ազատ դաստիարակության սկզբունքներով՝ Ռուսոն պահանջում էր մինչև 15-16 տարեկան հասակը երեխային մեկուսացնել հասարակական կյանքից, պահել նրան գյուղում, բնության գրկում։ Այսպես է վարվում նա Էմիլի հետ, նրա համար ստեղծելով արհեստական միջավայր։ Այս պահանջը պայմանավորված էր այն բացառիկ նշանակությամբ, որ Ռուսոն տալիս էր բնության բարերար ազդեցությանը երեխաների վրա։ Մյուս կողմից, մեկուսացնելով իր սանին հասարարակական կյանքից, Ռուսոն ուզում էր նրան հեռու պահել ազնվականության բարքերից, կեղծ քաղաքակրթությունից։ Նա մեկուսացնում էր իր սանին հասարակությունից, որովհետև ըստ նրա՝ ֆեոդալական հասարակարգը՝ իր քաղաքական ստրկությամբ, այլասերված բարքերով և մոլորություններով, մարդու մեջ սպանում է բնությունը[36]։

Բնական և ազատ դաստիարակության սկզբունքները 18-րդ դարում, երբ հրապարակ եկավ Ռուսոյի «Էմիլ կամ դաստիարակության մասին» աշխատությունը ունեին առաջադիմական նշանակություն, ուղղված էին այն ժամանակվա սոցիալիալական-քաղաքական կարգերի և ֆեոդալական հասարակարգի պաշտոնական դաստիարակության համակարգի դեմ։

Տարիքային շրջաբաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունելով, որ երեխաներն ունեն իրենց առանձնահատկությունները, Ռուսոն փորձել է այդ առանձնահատկությունների հիման վրա ստորաբաժանել նրանց ըստ տարիքային շրջանների։ Երեխայի տարիքային տարբերությունների վերաբերյալ արտահայտած Ռուսոյի մտքերը համապատասխանության մեջ են գտնվում դաստիարակության բնահարմարության մասին ունեցած նրա հայացքների հետ և զուրկ չեն դիալեկտիկայից[37]։ Նա աշխատում էր գտնել երեխայի բնականոն զարգացման յուրաքանչյուր աստիճանի համար որոշիչ սկզբունքը, որի վրա էլ տվյալ շրջանում պետք է բևեռվի հիմնական ուշադրությունը։ Ըստ որում՝ այս աստիճաններից յուրաքանչյուրը սերտորեն կապված է մյուսների հետ։

Առաջին շրջանի հիմքում ընկած է ֆիզիկական դաստիարակությունը, որը նպաստում է երեխայի ֆիզիկական զարգացմանը, երկրորդ շրջանում առաջին պլան է մղվում զգայարանների դաստիարակությունը, որպես մտավոր դաստիարակության նախադրյալ, որը հանդիսանում է երրորդ շրջանի հիմքը։ Երրորդ շրջանում երեխայի ուժերը պետք է ուղղել գիտելիքներ ձեռք բերելուն։ Չորրորդ շրջանում, երբ արթնանում են կրքերը, ամբողջ նախորդածի հիման վրա առաջադրվում է բարոյական դաստիարակության խնդիրը[38]։

Տարիքային զարգացման շրջանը Դաստիարակության բովանդակությունը Դաստիարակության խնդիրները
Ծնված օրվանից մինչև 2 տարեկան Ֆիզիկական դաստիարակություն Երեխայի ֆիզիկական առողջ զարգացման ապահովում[39]
2-ից մինչև 12 տարեկան Զգայական դաստիարակություն Շրջապատող աշխարհի ճանաչում, զգայարանների զարգացում[40]
12-ից մինչև 15 տարեկան Մտավոր և աշխատանքային դաստիարակություն Գիտելիքների ձեռքբերում, գործնական նշանակություն ունեցող առարկաների ուսումնասիրում[41]
15 տարեկանից մինչև հասունություն Բարոյական դաստիարակություն Բարոյական հատկանիշների, կամքի ձևավորում[42]

Երեխաների այսպիսի տարիքային ստորաբաժանումը մտացածին է և վաղուց հերքված։ Սխալ է նաև այն, որ ամեն մի տարիքային շրջանի համար Ռուսոն նախատեսում է դաստիարակչական հատուկ խնդիր։ Դաստիարակության խնդիրները չի կարելի սահմանազատել տարիքային շրջաններով և յուրաքանչյուր շրջանի համար նախատեսել դրանցից որևէ մեկը միայն։ Թեպետ Ռուսոն դաստիարակության խնդիրները սահմանազատում էր ըստ երեխաների տարիքային շրջանների, բայց նա բավականին պարզ պատկերացնում էր այդ խնդիրների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը։

Ֆիզիկական դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական դաստիարակության մասին Ռուսոյի խորհուրդներն ու ցուցումները, որոնք բոլորն էլ բխում են բնական և ազատ դաստիարակության սկզբունքներից, նպատակ ունեն ապահովելու երեխայի օրգանիզմի և ֆիզիկական հատկությունների բնական զարգացումը, ամենավաղ հասակից կոփելու նրան, դարձնելու ուժեղ ու ամրակազմ, դիմացկուն ու տոկուն։ Վաղ մանկության հասակում (ծնված օրվանից մինչև 2 տարեկան) ըստ Ռուսոյի գլխավորը ֆիզիկական դաստիարակությունն է[34]։

Ռուսոն դեմ էր երեխային բարուրելուն, ըստ նրա՝ դա խոչընդոտում է երեխայի ֆիզիկական զարգացմանը. երեխան զրկվում է ազատությունից, իսկ դա դեմ է բնությանը։

Իր «Էմիլ կամ դաստիարակության մասին» աշխատության մեջ Ռուսոն մանրամասն կանգ է առնում ֆիզիկական դաստիարակության հարցերի քննարկման վրա, նշում թե ինչպես պետք է կոփել երեխային և ամրապնդել նրա ֆիզիկական ուժերը։

Ռուսոն անհիմն կերպով ըմբոստանում էր բժշկության դեմ (դա պայմանավորված էր ժամանակի գիտության նկատմամբ նրա ժխտողական վերաբերմունքով, ինչպես նաև բնական դաստիարակության սկզբունքով), մինչդեռ երեխայի ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ նրա տված խորհուրդների ճնշող մեծամասնությունը վերաբերում են հատկապես բժշկական գիտություններին և դրանց տեսանկյունով էլ կարող են գնահատվել։

Մտավոր կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2-ից մինչև 12 տարեկան երեխաների մտավոր դաստիարակության հարցում Ռուսոն իր համար ելակետ ընդունեց այն սխալ տեսակետը, թե «մանկությունը բանականության քնի շրջանն է»։ Ըստ նրա՝ երեխաները մինչև 12 տարեկան հասակը կարող են միայն սերտել բառեր և անուններ, բայց զուրկ են գիտություն սովորելու ընդունակությունից ու կարողությունից[43]։ Ռուսուն հայտարարում էր, որ գրքերը «ամենամեծ դժբախտության գործիքներն են»[44]։ Նրա Էմիլի մտավոր կրթությունը այդ շրջանում հանգում է միայն բնության երևույթները դիտելուն։ Նրա համար ունիվերսալ գիրք է ծառայում միայն բնությունը։

Երեխաների մտավոր կրթությանը Ռուսոն հատկացնում էր խիստ կարճատև ժամանակաշրջան. 12-ից մինչև 15 տարեկանը։ Միանգամայն արդարացի էր Ռուսոյի պնդումը, որ պետք է ընտրություն կատարել այն գիտելիքների միջև՝ որոշելու համար, թե ինչ պետք է սովորեցնել երեխաներին, երբ քննադատում էր իր ժամանակի կրթության բովանդակությունը, սակայն նրա էական սխալնեից մեկն այն էր, որ երեխաների համար նախատեսում էր գիտելիքների խիստ սահմանափակ պաշար։

Ուսուցման բովանդակության մեջ Ռուսոն վճռական տեղը հատկացնում էր բնական գիտություններին, անհրաժեշտ էր համարում երեխային սովորեցնել միայն օգտակար գիտելիքներ, այնպիսին, որոնք կապված են կյանքի հետ, ծառայում են մարդու կեցության բարելավմանը։

12-15 տարեկան երեխաների կրթության մեջ Ռուսոն բացառում էր կրոնը, պաշտպանում ռեալական կրթության սկզբունքը և պայքարում վերացական, կյանքից ու ժողովրդի կարիքներից կտրված սխոլաստիկական կրթության դեմ։

Աշխատանքային դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային դաստիարակության հարցում Ռուսոյի համար ելակետը սոցիալական հավասարության գաղափարի պաշտպանություն էր, ամեն տեսակ դասային արտոնությունների ժխտումը։ Բոլոր մարդիկ ունեն միևնույն կարիքները, ուրեմն՝ դրանք բավարարելու միջոցները ամեն տեղ հավասար պետք է լինեն[45]։ Այդ միջոցը նա համարում էր աշխատանքը։

Aquote1.png Հարուստ թե աղքատ, ուժեղ թե տկար, ամեն մի անգործ քաղաքացի խաբեբա է[46]։

– Էմիլ կամ դաստիարակության մասին
Aquote2.png

Աշխատանքային դաստիարակությունը Ռուսոն անհրաժեշտ է համարում առաջին հերթին մարդու նյութական ապահովության համար, այն բանի համար, որ ամեն մարդ ապրի սեփական աշխատանքով և ոչ թե ուրիշների հաշվին։

Աշխատանքին տալով դաստիարակչական մեծ նշանակություն՝ Ռուսոն այն դիտում է որպես մարդու համաչափ զարգացման միջոց. ֆիզիկական, մտավոր և բարոյական զարգացման միջոց[47]։ Աշխատանքը Ռուսոն համարում է մարդկային արժանապատվության գլխավոր ցուցանիշ, մարդու ազատության և անկախության հիմք։

Բարոյական դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսոյի մանկավարժական հայացքների մեջ վճռական տեղ են գրավում բարոյական դաստիարակության հարցերը։

Բարոյական դաստիարակության նպատակը, ըստ Ռուսոյի՝ մարդասիրությունն է։ Բարոյական դաստիարակության առջև Ռուսոն երեք խնդիր է դնում. երեխայի մոտ բարոյական զգացմունքների, բարոյական դատողությունների և կամքի ձևավորում[43]։

Ռուսոն դեմ էր բարոյախոսության, բարոյական քարոզների, հրամայելու, հնազանդեցնելու, պատժի միջոցներին։ Բարոյական դաստիարակության մեջ նա մեծ տեղ էր տալիս երեխայի անձնական փորձին։ Բարոյական դաստիարակության համար, ըստ Ռուսոյի, երեխան պետք է շփվի մարդկանց հետ և սոցիալական հարաբերությունների մթնոլորտում ձեռք բերի բարոյական փորձ, մարդասիրություն։ Նկատի ունենալով օրինակի մեծ դերը բարոյական վարքագծի ձևաովորման գործում Ռուսոն գրում է.

Aquote1.png Ձեր բոլոր դասերը տվեք օրինակներով և վստահ եղեք արդյունքին[48]։

– Էմիլ կամ դաստիարակության մասին
Aquote2.png

Բարոյական դաստիարակության լավագույն միջոցներից մեկը Ռուսոն համարում էր բարոյական վարժությունը։ Նա նշում է, որ առաքինի գործերը սեր են առաջացնում դեպի մարդկությունը. «բարիք անելով է մարդը բարի դառնում»։

Կնոջ դաստիարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսոն իր «Էմիլ կամ դաստիարակության մասին» աշխատության մեջ հանգամանորեն անդրադառնում է նաև կնոջ դաստիարակության հարցերին։ Վերջինիս դաստիարակությունը հակադրությունն է այն դաստիարակության, որը Ռուսոն նախատեսում էր Էմիլի համար։ Ըստ նրա՝ կնոջ կոչումը բոլորովին այլ է, քան տղամարդունը։ Նա պետք է դաստիարակվի ընտանիքի համար։ Ռուսոյի դիտարկմամբ՝ ուրիշների տեսակետների հետ հարմարվելը, ինքնուրույն դատողությունների բացակայությունը, նույնիսկ սեփական կրոնից հրաժարումը, ուրիշի կամքին ենթարկվելը կնոջ բնական վիճակն է։ Այսինքն՝ կնոջ բնական վիճակը կախյալ վիճակն է․ «աղջիկներն էլ իրենց զգում են ստեղծված ենթարկվելու համար», աղջկա համար մտավոր ոչ մի լուրջ պարապմունքի կարիք չկա։ Տղամարդու և կնոջ դաստիարակության բովանդակության սուր հակասությունները Ռուսոյի մոտ հասկանալի են․ նա իր իդեալը համարում էր արհեստավորի, մանր բուրժուայի ընտանիքը[49]։

Ռուսոն որպես կոմպոզիտոր և երաժշտական քննադատ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավրիլ» երաժշտական երկը Ռեմի Բելոյի բանաստեղծության հիման վրա

MENU
0:00

«Սերը հազիվ թե իմանա»՝ արիա «Գեղջուկ կախարդից», կատարումը՝ Ռեյնալդո Հանի

Երաժշտությունը Ռուսոյի ոչ միարժեք հրապուրանքն էր։ Երբ Մադամ դը Վարանսի ղեկավարությամբ սկսեց երաժշտությամբ զբաղվել, նա Փարիզում բավականին աղքատ կյանքով էր ապրում, հիմնականում մեքենայաբար կատարում էր այլոց ստեղծագործությունները, ինչի մասին վկայում են իր խոսքերը. «Որպես գրական գործիչ՝ ես իմ վիճակի վերաբերյալ գրել եմ այն ողջ բացասականի մասին, ինչ եկել է մտքիս. ես հարկադրված էի կատարել բացառապես ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները, սակայն ինձ համար իրական հետաքրքրություն էին ներկայացնում միայն իտալացի երաժիշտների ստեղծագործությունները, ես մերկացնում էի հասարակության բոլոր դժբախտությունները։ Երբ ես երջանկաբար տարված էի այդ երաժշտությամբ, ինձ չէր հաջողվում ընդօրինակել, ես ավելի շատ արտացոլում էի այն, թե ինչպես էին ապրում լավ մարդիկ։ Օ՜, դա ճշմարտություն է։ Իմ հետաքրքրությունը մշտապես ոչինչ էր քո առջև, թող այն ոչնչով չարատավորի այն ակնածանքը, որ տածում եմ քո հանդեպ[50]»:

Ռուսոն «Լե մյուզ գալանտ» օպերա-բալետի[51] (այն սկզբնապես բեմադրվել է կապալառու Լա Պուպլինիերի մոտ 1743 թվականին[52], այնուհետև Ռիշելիոյի օպերայում՝ 1947 թվականին՝ հաջողություն չբերելով սակայն իր հեղինակին), ինչպես նաև՝ «Պիգմալիոն» անվանումը կրող մելոդրամայի հեղինակն է։ Ֆրանսուա-Իոսիֆ Ֆետիսի խոսքով․ «Ռուսոն նմանատիպ ստեղծագործությունների առաջին հայտնագործողն էր, որտեղ նվագախումը երկխոսության մեջ է մտնում գործող անձի խոսքերով, որը, գտնվելով բեմում, արտահայտում է իր տածած զգացմունքները»[52]։ Կոմպոզիտոր-փիլիսոփայի ստեղծագործությունների ցանկն ընդգրկում է նաև հատված բալետից, որը զարգացնում է Դափնիսի և Քլոեի փոխհարաբերությունների սյուժետային գիծը[52]։

Ժոզեֆ Ավեդի վրձնած Ռամոն (մոտավորապես 1760)

Երաժշտական պատմաբանները «Գեղջուկ կախարդին» (1752) դասում են «հովվերգական ինտերմեդիային, որտեղ արիաները հրապուրում են հատուկ միջավայրային անկեղծությամբ ՝ վերստեղծված բացառապես շնորհիվ դրանց հեղինակի երաժշտական իմացության»[53]։ Պավլի Պիտիի խոսքով․ «Ուվերտյուրան ընդամենը պարային մեղեդիների հաջորդականություն է», սակայն որոշ էջեր, ինչպես օրինակ, Կոլենի «Ես շուտով կտեսնեմ իմ քնքուշ գեղուհուն» արիան և «Արվեստը բարեհաճում է սեր» կրկներգերը, հմայքից զուրկ չեն։ Այդ փոքրիկ օպերան մեծ հաջողություն է վայելում. այն երգում են Ֆրանսիայի վերնախավի բոլոր ներկայացուցիչները՝ Ժիլիոտեից և Մադմուազել Ֆելից մինչև Լյուդովիկոս XV արքան, որն անտրտունջ կրկնում էր. «Ես զրկվեցի հպատակից, որի ձայնը թագավորությունում նմանակում էին ամենից հաճախ»[54]։ Այնուհետև արքան Ռուսոյին առաջարկում է թոշակային պարգևատրում, սակայն կոմպոզիտորը հրաժարվում է[55]։ Հենց այդ պատճառով վերջինիս վիճում է Դիդրոյի հետ, ով պնդում էր, որ Ռուսոն ընդունի արքայի օգնությունը[55]։

Միևնույն ժամանակ, հետնորդները հիացած չէին Ռուսո կոմպոզիտորի երաժշտական ժառանգությամբ։ Իր հուշերում Հեկտոր Բեռլիոզը կարեկցում էր «խեղճ Ռուսոյին, ով իր «Գեղջուկ կախարդ» օպերային նույնպիսի մեծ նշանակություն էր տալիս, ինչպես իր անունն անմահացրած գրական աշխատություններին, նրան, ով հաստատապես հավատում է, որ նա հաղթել է Ռամոյի ստեղծագործություններով», օրինակ նրա «Երեք գեղուհիներ»՝ փոքրիկ արիաներով, կարճ միանման մոտիվներով, փոքր ռոնդոներով (որոնցում գլխավոր թեմայի բազմակի կիրառումները հերթագայում են միմյանցից տարբերվող էպիզոդներով), կարճատև մենակատար դերերգերով, փոքրիկ հովվերգական ուրվանկարներով, տարատեսակ աննշան ծիծաղելի կատակներով, որոնցից էլ կազմված է նրա փոքրիկ ինտերմեդիան»[54]։

Բացի դրանից, ֆրանսիական երաժշտական պատմության մեջ Ռուսոն գլխավորապես հայտնի է որպես Ռամոյի քննադատ և ընդդիմախոս[56], որ նրան համարում էր «դժբախտ խելագար, ով այնքան վտանգավոր չէ, ինչպես խոսում են իր մասին»[57]։ Օպերան, որ Վերսալի արիստոկրատական վարչակարգի կողմից մտածված այդ պահին «զվարճալի ներկայացման» փայլուն արտահայտություն» էր՝ համաձայն Ժան Մալինիոնի[58], դառնում է տարբեր ընդհարումների, այդ թվում, այսպես կոչված, «զվարճախոսների պատերազմի» պատճառ, որտեղ ֆրանսիական մտածող-հանրագիտակները տարբեր նպատակներ էին հետապնդում[59]։ «Օպերայի թեթև քողի ներքո Դիդրոն քննադատում է Վերսալի ոգին, Գրիմը թիրախավորվել էր ողջ ֆրանսիական ոգու դեմ, իսկ Ռուսոյի դեպքում, իր համապարփակ մոտեցմամբ, որպես օբյեկտ էին հանդես գալիս մարդը և մարդկային հարաբերությունները»։

1753 թվականին հրապարակված իր «Նոթեր ֆրանսիական երաժշտության մասին», հարմոնիայի տեսության կապակցությամբ նա գրոհում է հենց «Իպոլիտի և Արիսիայի» հեղինակին. «Սա որոշակի սկզբունք է՝ հիմնված բնականության վրա, որ ցանկացած երաժշտություն, որտեղ ճշգրիտ պահպանվում է հարմոնիան, ցանկացած երաժշտական ուղեկցություն, որտեղ բոլոր ակորդները լիարժեք են, պետք է շատ աղմուկ ստեղծեն, սակայն լինեն կատարելապես անարտահայտիչ, ինչը հստակ պատկերում է ֆրանսիական երաժշտության բնույթը»[60]։

Ռուսոն այդ «Նոթերը» գրել է իրեն հատուկ կտրուկ յուրաձևությամբ, ինչը հանգեցրել է այնպիսի սկանդալի, որ Օպերայի դերասաններն ու երաժիշտները Թագավորական երաժշտական ակադեմիայի բակում այրել են հեղինակի խրտվիլակը[52]։

Aquote1.png Ես կարծում եմ՝ ապացուցեցի, որ ֆրանսիական երաժշտության մեջ բացակայում է որևիցե ռիթմիկություն կամ մեղեդայնություն, քանի որ լեզուն արտացոլում է, որ ֆրանսիական երգեցողությունն իրենից ներկայացնում է ցանկացած չնախապատրաստված ականջի համար անվերջանալի ոռնոց, որ կիրառվող հարմոնիան անավարտ, (կարծեք թե չլրամշակված), անարտահայտիչ տեսք ունի, այնպիսի զգացողություն, որ այն կարելի է օգտագործել որպես ոչ պահանջկոտ դպրոցական դասագրքերի նկարազարդում, որ ֆրանսիական երաժշտական մոտիվները բոլորովին այդպիսին չեն, որ ֆրանսիական ռեչիտատիվը բոլորովին նման չէ իր լրիվ նշանակության ռեչիտատիվին։ Սրանից ես եզրակացնում եմ, որ ֆրանսիացիների մոտ, երաժշտությունը որպես այդպիսին բացակայում է, և չի կարող ի հայտ գալ, կամ որ, եթե այն երբևէ ի հայտ գա, նրանց համար դա ավելի վատ կլինի[61]։ Aquote2.png

«Երեք նոտայով մեղեդին» հրատարակվել է հետմահու՝ «Ի սփոփանք իմ տառապյալ կյանքի» (1781) երկում: Ջենի Բեթլայի խոսքով․ «Ռուսոյից առաջ ոչ ոք չի համարձակվել գրել մեղեդու մասին, այսպես խնայաբար մոտենալով արտահայտչականության հարցին: Հսկայական ձեռքբերում է, որ նրան հաջողվեց ստեղծել այդքան արտահայտիչ արիա, միտումնավոր, սակայն ոչ չափազանց միօրինակությամբ, և միջոցների այդպիսի խնայողությամբ[62]»:

Ժամանակակից երաժշտագետների համար Գրիմմի և Ռուսոյի հարձակումները Ռամոյի ստեղծագործությունների վրա «հասնում են անհեթեթության»[63]։ Բեռլիոզը հանգում է նրան, որ Գլյուկի կողմից դրվատանքի խոսքերը, որոնցում նա միանշանակ բարձր է գնահատում Ռուսոյի երաժշտական ստեղծագործությունները Մարի Անտուանետի ներկայությամբ, դիտարկում է որպես իրեն հատուկ բնավորության գիծ՝ լինել «հրաշալի և նենգ» միաժամանակ[54]։ 20-րդ դարի սկզբին Կլոդ Դեբյուսին դեռևս ծաղրում է «Ժան-Ժակ Ռուսոյի միամիտ գեղագիտությունը»[64] և նրա «Ռամոյի նկատմամբ անբարյացակամություն տածելու ոչ այդքան ճշմարտանման պատճառները»[65]։ Նրա ընկերներից մեկը՝ քննադատ Լուի Լալոյը գրում է. «Ժնևի բնակչի համար ցանկացած երաժշտություն, որը նա չի կարող ինքը գրել, գոթական տեսք ունի»[66]։ 1977 թվականին Անտուան Գոլեան կարծում է, որ որոշ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, օրինակ, «ՖիլիդորիՄոնսինիիԳրետրիի, լիովին կարդարացնեն Ռուսոյի տեղը՝ սուբլիմացնելով մշտական ծաղրանքները և նույնիսկ բանալով իր հզոր սկզբնակունքը՝ ի հեճուկս նրանց»՝ շարունակելով քննադատել փիլիսոփայի հետադիմական գաղափարները[67]։ «Ռուսոն խոհածում էր Ռամոյի մասին, խորհում արտահայտչամիջոցների ներդաշնակության մասին՝ ի հակակշիռ նրան, ինչը նա անվանում էր «բարբարոսության մնացորդ»։ Բեռլիոզի ժամանակներում դա բնութագրական էր Ադամի համար՝ Դեբյուսիի ժամանակներում՝ Սեն-Սանսի և Ամբրուազ Թոմայի համար[67]։

Հաշվի առնելով քնարական ողբերգության գեղագիտական զարգացումն օպերայում՝ Ժան Մալինիոնը այդուհանդերձ ընդգծում է Ռուսոյի դերը՝ որպես քննադատի․

Aquote1.png Եկեք այժմ մի կողմ թողնենք շատ հաճախ մեջբերվող նրա «Նոթերը ֆրանսիական երաժշտության մասին», և, ցավոք, բացառապես Ռամոյի կենսագիրների կողմից, որպեսզի ուշադրություն դարձնենք դ՛Ալամբերին ուղղված իր Նամակներին՝ թատերական ներկայացումների առիթով։ Ինչպիսի՜ թունոտություն։ Իսկական գլուխգործոց։ Իր սագե փետուրով մի շարժում անելով, նա ոչնչացնում է այդ բոլոր օթյակներում վշտացողներին, որոնք այդքան հպարտանում են իրենց արցունքներով»։ Վերջին հաշվով, փոքրիկ գյուտ է։ Ցավոք, խոսքը ամբողջությամբ մռայլ տրամադրությամբ համակված ստեղծագործության մասին է, որն այդուհանդերձ տալիս է «ճնշող անմեկին անըմբռնելիության բանալին, որը Ռամոյին առանձնացնում է ողջ 19-րդ դարի ընթացքում ֆրանսիական հասարակությունից»[68]։ Aquote2.png

Լիաէջ նկարազարդում երաժշտական բառարանից

Հարկ է նշել, որ «ոգին, որի մասին այստեղ խոսում է ժնևացի Ռուսոն, այդ ժամանակների համար բավականին հազվագյուտ երևույթ է»։ Բանն այն չէ՝ ինչպես արտաբերել բառը, որը ստեղծում է նոր ձայն[52]։ Ֆրանսուա-Իոսիֆ Ֆետիսը նույնպես վերստեղծում է դիմանկարը՝ ուշադրություն դարձնելով ձայներանգների վրա.

Aquote1.png Չլինելով գիտնական, որը խորապես ուսումնասիրում է երաժշտության տեսության և պատմության հարցերը, չունենալով գործնական գիտելիքներ հարմոնիայից և կոնտրապունկտից (ձայնակարգություն), իր համար կանխապես պաշտպանություն չապահովելով անգամ բավականին հմուտ ընթերցողի կողմից, որպեսզի վերծանի սոլֆեջիոյի հասարակ դասը՝ Ժան-Ժակ Ռուսոն Ֆրանսիայում մեծ ազդեցություն է թողել իր ժամանակի երաժշտության վրա… Ի թիվս այլոց, նա կարողացավ տալ ճշգրիտ և խորքային գնահատականներ երաժշտության մեջ գեղագիտությանը, և այն, ինչ նա գրել է, ունեցավ իր պտուղները՝ ազդելով այդ արվեստում ֆրանսիացիների ճաշակի բարենորոգման վրա[69]։ Aquote2.png

Ռուսոն նաև համարվում է էթնոերաժշտագիտության հիմնադիրներից մեկը, երբ նա իր «Երաժշտական բառարան» գրքում տառադարձում է «Ամերիկայի վայրենիների երկու երգ», որ ընթերցողին հնարավորություն տա «դատելու աշխարհի ժողովուրդների կողմից երաժշտական ստեղծագործությունների հնչողության և կատարման առանձնահատկությունների տարբերությունների մասին»[70]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Ժան-Ժակ Ռուսոյի մկրտությունը տեղի է ունեցել Սեն Պիեր մայր տաճարում՝ 1712 թվականի հուլիսի 4-ին։ Գրանցամատյանում Ռուսոյի հայրանունը սխալմամբ Դավիդ (պապի անունը) է գրվել՝ Իսահակի փոխարեն:
  2.  Ռուսոյի մանկության մասին բավականին շատ տեղեկություններ են ներկայացված «Խոստովանություն» գրքի առաջին հատորում։

Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։