Ինչու՞ է Էրդողանն ափսոսում, որ Արևմուտքը դեռ 2014-ին այսպիսի պատժամիջոցներով հանդես չեկավ Ռուսաստանի դեմ

Ինչպես և կանխատեսում էինք, ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարի անորոշ վիճակը նոր ամբիցիաներ է առաջացնելու Թուրքիայում: Այսօր Անկարան հանդես է գալիս «մեղմ» հակառուսական դիրքերից: Նա մի կողմից դատապարտում է Մոսկվայի գործողությունները, մյուս կողմից փորձում է կապերը չխզել Մոսկվայի հետ, որպեսզի իր այդ դիրքորոշումից փորձի առավելագույն դիվանագիտական օգուտներ քաղել:

Իսկ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի անկեղծացավ և հայտարարեց, որ ափսոսում է, որ Արևմուտքը այսօրվա պես չպատժեց Ռուսաստանին 2014-ին, երբ Մոսկվան իրեն միացրեց Ղրիմը:

Ըստ Թուրքիայի նախագահի, եթե այն ժամանակ Արևմուտքը կոշտ արձագանքեր Մոսկվայի գործողությանը, ապա այսօր ստիպված չէր լինի դիտել, թե ինչպես են ռուսական ուժերը ռմբակոծում Կիևը:

Իհարկե, Էրդողանին ամենավերջինն է հետաքրքրում Կիևի ճակատագիրը: Պարզապես նա հիշում է, թե ինչպես 2016-ին, 2014-ի ճգնաժամից երկու տարի անց, Ռուսաստանի և Թուրքիայի միջև քիչ էր մնում բռնկվեր նոր պատերազմ: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ Էրդողանը ափսոսանք է հայտնում, որ 8 տարի առաջ Արևմուտքը «մարսեց» Ղրիմի միացումը Մոսկվայի կողմից: Մինչդեռ, ըստ թուրք վերլուծաբանների, եթե 2014-ին Արևմուտքը այսօրվա պատժամիջոցները կիրառեր Մոսկվայի հանդեպ, ապա Թուրքիային կհաջողվեր այդ ֆոնին լուծել իր բոլոր խնդիրները Սիրիայում, և ինչու չէ նաև Անդրկովկասում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Նյութի աղբյուր    zham.am


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։