Ճանաչենք մեր հերոսներին-Դավիթ Սարապյան՝ Դև

Դավիթ Սարապյան՝ Դև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 11:21 10/12/2019 ՀԱՅԱՍՏԱՆ

Դավիթ Սարապյանի՝ Դևի հիշատակի օրն է

«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»,-  ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի՝  Դևի մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այօր նրա հիշատակի օրն է. զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Այսօր «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը  կազմակերպում են Դավիթ Սարապյանի կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը»   փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև  Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների  հայերեն հրատարակության՝  «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ժամը 18.00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Դավիթ Սարապյանը ծնվել է 1966, փետրվարի 4-ին Երևանում,  ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։

1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Զբաղվել է կինոյով, Գենադի Մելքումյանի մոտ աշխատել է որպես ռեժիսորի ընթերակա:

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, հետագայում «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների գնդում մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում`  բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:

1991 թվականի հոկտեմբերի 30-ին գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարության ներքո մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։  Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Սակայն դա եղել է  մոր և որդու վերջին հանդիպումը:

Դևը գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։ Հեղինակ է մի շարք պատմվածքների, համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարի, որը հետագայում Լոնդոնում արժանացել է հատուկ մրցանակի:

«Դավիթն անմիջապես աչքի ընկավ։ Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի։ Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը։ Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում։ Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը։ Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք։ Օժտված էր մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով։ Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները։ Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի։ Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ։ Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն»,- ասել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։