Կիկերոն լատ.՝ M.Tullius M.f.M.n. Cor. Cicero |
|
---|---|
Ցիցերոն
Մարկուս Տուլիուս Կիկերոն (Ցիցերոն) (լատ.՝ Marcus Tullius Cicerō, հունվարի 3, մ. թ. ա. 106[1][2][3], Արպինո, Հռոմեական Իտալիա, Հին Հռոմ[4] – դեկտեմբերի 7, մ. թ. ա. 43[2][3], Ֆորմիա, Հռոմեական Իտալիա, Հին Հռոմ[5]), հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա, նշանավոր հռետոր։
Կիկերոնը ծնվել է հեծյալների դասին (Հին Հռոմում) պատկանող ընտանիքում, Արպինե ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Հռոմից հարավ-արևելք 100 կիլոմետրից մի փոքր ավել հեռավորության վրա։ Երբ լրացավ ապագա հռետորի 15 ամյակը, նրա հայրը, ով երազում էր իր երկու տղաներին՝ Մարկին և Կվինտուսին, տեսնել քաղաքական ասպարեզում, ընտանիքով տեղափոխվեց Հռոմ, որպեսզի զավակների համար ապահովի լավ կրթություն։
Ցանկանալով դառնալ դատական հռետոր՝ երիտասարդ Մարկուսը ուսումնասիրում էր հունական պոետների ստեղծագործությունները, հետաքրքրվում էր հունական գրականությամբ, ուսուցանում էր հունական ճարտասանություն հանրահայտ հռետորների մոտ, ինչպես նաև լսում և մեկնաբանում էր հանրահայտ հավաքավայր՝ Պուբլիուս Սլուպիցիուս Ռուֆուսի ամբիոնից, ելույթ ունեցողներին։
Հռետորը պետք է իմանար հռոմեական օրենքը, և Կիկերոնը սովորում էր այն ժամանակվա հանրահայտ իրավաբան Մուցիուս Կվինտուս Սցեվոլայի (հյուպատոս մ.թ.ա. 95 թ.): Հրաշալի տիրապետելով հունարենին Կիկերոնը ծանոթացավ հունական փիլիսոփայությանը։
Մ.թ.ա. 63 թվականին զբաղեցնելով հյուպատոսի պաշտոնը՝ բացահայտել է Կատիլինայի դավադրությունը և սպանել տվել նրա դավակիցներին։ Քաղաքացիական պատերազմներում հարել է նախ Պոմպեուսի կուսակցությանը, բայց վերջինիս սպանությունից հետո հաշտվել Կեսարի հետ։
Վերջինիս մահից հետո ուժգնորեն հակառակվել է Մարկուս Անտոնիուսին՝ պաշտպանելով Կեսարի զարմիկ Օկտավիանուսին (ապագա Օկտավիանուս Օգոստոս կայսեր)։ Անտոնիուսի և Օկտավիանոսի հաշտվելուց և նրանց կողմից Երկրորդ եռապետություն կազմելուց հետո՝ եռապետների հրամանով սպանվել է։
Գագաթնակետին է հասցրել լատինական պերճախոսական արվեստը։ Նրա ատենախոսություններն ու ճառերն օրինակ են ծառայել հետագա դարերի լատինական և եվրոպական ամբողջ հռետորական արվեստի համար։ Պահպանվել է նրա նամակների մեծ մասը, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել մ.թ.ա. I դարի կեսերի հռոմեական քաղաքական պատմության որոշ դրվագների վերաբերյալ։
Նրա ճառերում՝ «Ընդդեմ Գ. Վեռեսի» (70 թվական), «Ի պաշտպանություն Մանիլիուսի օրինագծի» (68 թ.), «Հարդարացում Պ.Սեստիուսի» (56 թ.) պահպանվել են կարևոր փաստեր և արժեքավոր բնորոշումներ ու գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ Կիկերոնն արևելյան իրադարձությունների, Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականության խորաթափանց դիտող էր։ Կիցերոնը Տիգրան Մեծի ժամանակակիցներից միակն է, որի վկայությունները նրա մասին պահպանվել են։
- Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ[1]։
- Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում[2]։
- Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր[3]։
- Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները[3]։
- Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը[4]։
- Փիլիսոփայի ողջ կյանքը մահվանը պատրաստվելն է[5]։
- Սխալվել կարող է ամեն ոք, իսկ իր սխալների վրա համառել՝ միայն անխելքը[6]։
- Պատմությունը կյանքի դաստիարակն է[7]։
- Ես գերադասում եմ մոլորվել Պլատոնի հետ, քան իրավացի լինել պյութագորականների հետ[8]։
- Հաճելի է հիշել ձախորդությունների մասին, եթե դրանք արդեն անցել են[9]։
- Կյանքը կարճատև է, սակայն փառքը կարող է հավերժական լինել[10]։
- Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն[11]։