Ռուբեն Գևորգյանց
Ռուբեն Ստեփանի Գևորգյանց |
|
---|---|
Ռուբեն Գևորգյանց | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1945 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 23, 2017[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ | ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982) ՀՀ ժողովրդական արտիստ (2006) |
IMDb | ID ID 0315370 |
Ռուբեն Ստեփանի Գևորգյանց (Կևորկով) (նոյեմբերի 30, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հունիսի 23, 2017[1], Երևան, Հայաստան[2]), հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀՀ ժողովրդական արտիստ (2006)։
Ստեփան Կևորկովի որդին է, Գեորգի Կևորկովի եղբայրը, ռեժիսոր Վահե Գևորգյանցի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։
1995-1998 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998 թվականից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի[3][4][5]։
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ[6]։
Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ներսիսյանցիները» (1968)
- «Մի լուսանկարի հետքերով» (1970)
- «Ներշնչանք» (1972)
- «Վերադարձի ճամփան» (1977)
- «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979)
- «Աշխարհումս» (1979-1989)
- «Բարի հետք» (1980, Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակ՝ 1981)
- «Հայկական աչքեր» (1980)
- «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983, Գեորգի Կևորկովի հետ)
- «Սպասում» (1984)
- «Քանի դեռ ապրում ենք» (1986, Գեորգի Կևորկովի հետ)
- «Կղզիներ» (1987)
- «Սպիտակ ոսկոր» (1988)
- «Ռեքվիեմ» (1989)
- «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994)
- «Գողը» (1995)
- «Փարաջանով. վերջին կոլաժ» (1995)
- «Մեր Կոմանդոսը» (2000)
- «Հիշողություն» (2000)
- «Քարեր ժողովելու ժամանակը» (2002)
- «Հրաշագործի աշունը» (2008)
- «Բիթլիսցի Վիլյամ Սարոյանը» (2008)[7]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ժողովրդական արտիստ (2006)
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982)
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Երկու գիրք և մեկ սկավառակ Ռուբեն Գևորգյանցի հեղինակությամբ
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի երկու գրքերի և ֆիլմերի սկավառակի շնորհանդեսը: «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գրքում ռեժիսորի հուշերն են մեծ գեղագետի մասին: Երկրորդ գիրքը` «Ժամանակ չկա», Ռուբեն Գևորգյանցի բանաստեղծությունների ժողովածուն է:
– Ինչպե՞ս է ծնվել Փարաջանովին նվիրված գրքի գաղափարը:
– Տարիներ առաջ ֆրանսիական կողմի հետ համատեղ նկարահանում էի «Փարաջանով. վերջին կոլաժ» ֆիլմը: Ես և Գարեգին Զաքոյանը գրեցինք սցենարը ևւ ուղարկեցինք Ֆրանսիա, որտեղ կայացած մրցույթում 111 աշխատանքներից մեր սցենարը ճանաչվեց լավագույնը: Հետո այդ ֆիլմի համար ես բոլորովին այլ սցենար գրեցի, բայց դա չէ էականը…
Սցենարը գրելու ընթացքում գտնվում էի Ֆրանսիայում և օրերից մի օր տեղական ռադիոյի եթերում լսում եմ ռեժիսոր Յոսիլիանիի ելույթը: Նա ասում էր. «Սերգեյ Փարաջանովն ազգությամբ հայ չէ և որևէ կապ չունի հայերի հետ: Հայերը, փաստորեն, իր արխիվով հանդերձ նրան գողացան, հետո Փարաջանովը մահացավ, ու թաղեցին նրան Հայաստանում` ՊԱԿ-ի աշխատող Արամ Խաչատուրյանի կողքին»: Մարդ ինչքա՞ն կարող է ատել հայերին նման նենգ և ստոր բան ասելու համար: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ անպայման պատասխանել Յոսիլիանիին, բայց չստացվեց: Իմ պատասխանն ընդամենը եղավ այն, որ փառատոների ընթացքում հանդիպելիս, երբ ձեռքը մեկնում էր ինձ բարևելու, չէի պատասխանում` ասելով, որ ես իրեն ձեռք չեմ մեկնի: Վերջին նման դեպքը տեղի ունեցավ երկու տարի առաջª Բաթումի փառատոնում: Այդուհանդերձ պետք է նշեմ, որ նա, իհարկե, տաղանդավոր մարդ է:
Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում ընկերներիս հետ զրուցում էինք սրճարանում: Ես ինչ-որ դրվագներ էի պատմում Փարաջանովի հետ իմ հանդիպումներից: «Դե բավական է պատմես, նստիʹր ու գրի, ինչ որ պատմում ես»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Դա էլ հենց եղավ շարժառիթը: Հենց հաջորդ օրը նստեցի ու սկսեցի գրել` իմ առջև հստակ պահանջ դնելով ամեն օր գրել առնվազն մեկ էջ: Հանեցի իմ բոլոր 14 նոթատետրերը, որոնց մեջ տարիների ընթացքում փոքրիկ գրառումներ էի արել, առանձնացրեցի այն ամենը, ինչ առնչվում էր Սերգեյ Փարաջանովին: Պարզվեց, որ բավականին հետաքրքրիր նյութ կա կուտակված, որովհետև նրա հետ շատ հանդիպումներ էի ունեցել:
Գրքում իմ պատմությունը սկսվում է այն լուրից, որը ստացել էի 1978 թ.: Ցուրտ ձմեռ էր, առավոտյան ժամը 7-ին ինձ զանգահարում է անծանոթ մի ձայն ու հայտնում, որ Սերգեյ Փարաջանովին ազատել են բանտից և հունվարի այսինչ օրը լինելու է Թբիլիսիում: Ես ապշել էի, դա ռումբի պայթյունի նման մի բան էր:
Իմ գիրքը գրական գործ չէ, այն պարզապես հիշողությունների ժողովածու է, բայց ինչո՞վ է այն առանձնահատուկ. գիրքս Փարաջանովի մասին է, բայց ոչ միայն Փարաջանովի, նաև այն մթնոլորտի, որտեղ մենք ապրում էինք և նայում էինք Փարաջանովի ֆիլմերը: Գիրքն ավելի շուտ այդ իրականության մասին է…
Գրքի ուշագրավ պատմություններից մեկը. ես ունեի ավագ ընկեր` Էռնեստ Մարտիրոյան, որը շատ հետաքրքիր ռեժիսոր էր և, ցավոք, շատ շուտ հեռացավ կյանքից: Էռնեստը նկարահանում էր ֆիլմ` «Սվի ժամանակներից»: Ես սովորում էի առաջին կուրսում և նրա օգնականն էի այդ ֆիլմում: Գառնիում նկարահանումների ժամանակ մի դեպք պատահեց: Վաղ առավոտյան քնած էինք: Հանկարծ ինչ-որ գոռոցներ լսեցինք, դուրս եկանք ու տեսանք մոտ վեց տարեկան մի երեխայի` էշի վրա նստած: Էշն ուզում էր նրան վայր գցել, տղան փորձում էր պահել իրեն, բայց, ի վերջո, ընկավ էշի վրայից: Փալանի փոխարեն էշի վրա զինվորական մի հին բաճկոն էր: Երբ տղան ընկավ, մոտեցա նրան, ձեռքն ամուր սեղմած էր: Ձեռքը բացեցի ու տեսա բաճկոնից պոկված կոճակը, որի վրա աստղ էր պատկերված: Տղային հանգստացրեցի, հետո նա ինձ նվիրեց այդ կոճակը, որը տասնյակ տարիներ իմ թալիսմանն էր, գրպանիցս չէի հանում: Հետագայում ծանրոցի հետ միասին այդ կոճակը ուղարկեցի Փարաջանովին, երբ գտնվում էր բանտում: Խնդրելով ամրացնել այն իր արտահագուստին: Նա հենց այդպես էլ արել էր, կարել էր հագուստին վերևից երկրորդ կոճակի փոխարեն ու ասում էր, որ այդ աստղը հերոսի իր կոչումն է: Շատ տարիներ անց, երբ նա արդեն մահամերձ էր, ապրում էր իր մահացած ընկերոջ` Միսակյանի տանը: Փարաջանովին խնամում էր Միսակյանի կինը` Գալյան: Մի անգամ զանգահարեցի և ասացի, որ ուզում եմ խոսել Փարաջանովի հետ: Գալյան ասաց, որ շատ վատ է զգում, ասացի` անմիջապես գալիս եմ: Բայց Գալյան այդ ժամանակ փոխանցեց խոսափողը, և ես լսեցի Փարաջանովի ձայնը. «Ռուբիʹկ, մի արի ինձ մոտ: Ես չեմ ուզում, որ դու ինձ տեսնես այս վիճակում»: Երկու օր անց նա մահացավ: Անցան տարիներ, Գալյան ևս հիվանդացավ քաղցկեղով: Մի անգամ զանգահարեց ինձ ու ասաց, որ ուզում է տեսնել: Գնացի, չափազանց հյուծված էր: Ասաց` ներիր ինձ: Մահվանից առաջ Փարաջանովը խնդրել էր քեզ հանձնել այս ծրարը, բայց մտքիցս թռել էր: Ծրարում այն կոճակն էր, որն ուղարկել էի Փարաջանովին:
Սերգեյ Փարաջանովն անընդհատ ստեղծագործում էր, նա երբեք չէր կարող հենց այնպես նստել, անընդհատ ինչ-որ բան էր կտրում, փակցնում, կերպարներ ստեղծում: Նա լեգենդ էր, միաժամանակ` դժվար մարդ: Սիրում էր իր մասին ստեր հորինել, այսպես ասած, շառ անել իր վրա: Նրա տունը նման էր Լենինի դամբարանին, մշտապես բազմաթիվ այցելուներ էր ունենում: Մի անգամ հայտնի ռեժիսոր Պիտեր Բրուքն է կնոջ հետ այցելում նրան, ու հանկարծ Փարաջանովը հարցնում է. «Ի՞նչ գործ ունես այստեղ: Գիտե՞ս որ ես մինչև հիմա դատապարտված հանցագործ եմ, որովհետև իմ կրքից տուժել է կոմունիստական կուսակցության 450 անդամ»: Փարաջանովը պայծառ մարդ էր, բայց նրան հոգեպես սպանեցին բանտում: Ինչպես ասում էր նրա կինը, Փարաջանովին չներեցին, որովհետև նա իրեն ազատ էր պահում անազատ երկրում:
– Ռուբեն Գևորգյանցի օրերս լույս տեսած երկրորդ գիրքը` «Ժամանակ չկա», բանաստեղծությունների ժողովածու է, իր տեսակի մեջ արդեն երրորդ ժողովածուն «Անձրևների ժամանակը» և «Արդարացման ժամանակը» ժողովածուներից հետո: Իսկ ինչո՞ւ հենց այդպես` ժամանակ չկա…
– Որովհետև իսկապես ժամանակ չի մնացել, պոեզիայի համար ժամանակն ավարտված է: Պոեզիան գալիս է սիրո հետ միասին, սերը դեպի կինը: Հիմա ևս ինչ-որ տողեր են գալիս, բայց արդեն չեմ ուզում գրել, իմաստ չունի գրելը: Պետք է ասեմ, որ սա տխուր գիրք է, որովհետև մի տեսակ ամփոփման իմաստ ունի:
+++
Եվ ամեն անգամ
սպասում
Բայց մնացել է շատ քիչ ժամանակ
ակնոց դնելու
մեքենա նստելու
ինքնաթիռի տոմս գնելու
սառը կաթ խմելու
ծովին նայելու
անթիվ բառեր գրելու…
Մնացել է շատ քիչ ժամանակ
քեզ սիրելու
և քեզ սպասելու:
– Ընդունված է առանձնացնել հայ կնոջը, ինչ-որ որակներ վերագրել նրան: Ինչպիսի՞ն է հայ կինն այս գքում և Ձեր պատկերացումներում ընդհանրապես:
– Դժվարանում եմ ասել` այս գրքում կա նման շեշտադրում, թե ոչ, բայց հայ կինն, իրոք, ունի իր առանձնահատկությունը: Ես և տղաս այժմ ֆիլմ ենք նկարում, այն կոչվում է «Կանանց մոլորակը», միայն կանանց մասին է, ոչ մի տղամարդ չկա այնտեղ: Կինն իրականում բոլորովին ուրիշ մոլորակ է, որի հետ տղամարդը ոչ մի կապ չունի, չնայած նրան թվում է, որ ինքը գրավել է այդ մոլորակը: Դա խաբկանք է, կինն ու տղամարդը երբեք միմյանց չեն հասկանա, որովհետև այն, ինչ տղամարդու մեջ ավարտվում է, կնոջ մեջ միայն սկսվում է: Այն, ինչ հանուն սիրո կարող է անել կինը, տղամարդը երբեք չի անի:
Երկու գրքերի հետ մասին նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ նաև Ռուբեն Գևորգյանցի ֆիլմերի սկավառակի շնորհանդեսը: Ռեժիսորի խոսքով` դա «Շարմ» ընկերության մատուցած հաճելի անակնկալն էր: Արվեստագետն այժմ աշխատում է մի ֆիլմի սցենարի վրա, որի առանցքային կերպարներից մեկն ազատամարտիկ է, ապրում է մեկսենյականոց բնակարանում, որի «շքեղությունն» աահովում են անհիշելի ժամանակներից պահպանված երկաթե մահճակալն ու հնամաշ սեղանը: «Նա ոչինչ չունի, բայց չի ընկճվում, շարունակում է սիրել կյանքն ու ամենակարևորը` չի շտապում հեռանալ»: Գևորգյանցի խոսքով` հեռանալն այսօր մի տեսակ հիվանդություն է դարձել, մի քանիսը հեռանում են, իսկ մյուսները մտածում` մե՞նք ինչու ենք մնացել: Հիշում է Սոս Սարգսյանի խոսքերը. «Հայի համար էս երկիրը փոքր է, հայն ուզում է օվկիանոսի ալիք տեսնել, ծով տեսնել, անապատ տեսնել: Նա դրսում իրեն ավելի լավ է իրացնում, քան այստեղ` Հայաստանում»:
Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆԸ
ՍՑ. ՀԵՂԻՆԱԿՌուբեն Գևորգյանց
ՌԵԺԻՍՈՐՌուբեն Գևորգյանց, Վահե Կևորկով
ՕՊԵՐԱՏՈՐՍամվել Բաբասյան
ՏԱՐԵԹԻՎ2007
‹‹Տոնինո Գուէրրան և Հայաստանը››
Ֆիլմը իտալացի գրող Տոնինո Գուէրրայի մասին է: Տոնինոն պոետ է, սցենարիստ, նկարիչ, քանդակագործ, դրամատուրգ, ճարտարապետ, լրագրող, կոնստրուկտոր, մեկենաս, մանկավարժ, մետաղագործ, գյուտարար, հասարակական գործիչ, գյուղատնտես, այգեպան, քիմիկոս և պարզապես լավ մարդ: Եվ հետո ֆուտբոլիստ է ու սաքսոֆոնիստ: Մասշտաբներով ու բազմակողմանիությամբ նրան կարելի է համեմատել Լեոնարդո դա Վինչիի հետ:
Բայց հայտնի է, որ Լեոնարդոն սաքսոֆոն նվագել չգիտեր, ֆուտբոլ չէր խաղում և սցենար չէր գրում… Հնարավոր է Տոնինո Գուէրրան Իտալական Վերածննդի վերջին ներկայացուցիչն է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jump up to:1,01,11,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=797
- ↑ Technologies Peyotto։ «Մահացել է Ռուբեն Գևորգյանցը»։ 168 Ժամ։ Վերցված է 2017-06-23
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Ռուբեն Գևորգյանցի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ «Ռուբեն Գևորգյանց. «Վավերագրական կինոն չի հանդուրժում սուտը»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-31-ին։ Վերցված է 2014-12-13
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հայկական կինո, Գևորգյանց Ռուբեն»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-12-13
|
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 23 մահեր
- 2017 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ ռեժիսորներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի հանրային խորհրդի անդամներ
- Հայաստանի ազգայնական կուսակցության անդամներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ