Տիգրան Չուխաջյան [խմբագրել | խմբագրել կոդը]
Jump to navigationJump to search
Տիգրան Չուխաջյան | |
---|---|
հայ կոմպոզիտոր
|
|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1837 Կոստանդնուպոլիս |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 11, 1898 (տարիքը 61) Իզմիր, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Իզմիր |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր դիրիժոր երաժշտական հասարակական գործիչ մանկավարժ |
Գործիքներ | դաշնամուր |
Պարգևներ | |
Dikran Tchouhadjian Վիքիպահեստում |
Տիգրան Գևորգի Չուխաջյան (1837[1][2][3][…], Կոստանդնուպոլիս[4] – մարտի 23, 1898, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4]), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր։ Ի շարս հայ առաջադեմ մյուս մտավորականության, պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում, կարդացել է դասախոսություններ։
Չուխաջյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը։ Հեղինակ է դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային և սիմֆոնիկ գործերի, գրել է նաև ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար։ Չուխաջյանը հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ» (1868), «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875), «Արիֆի խորամանկությունը»[5] (1872), «Քյոսե Քեհյա» (1873) օպերետները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կոստանդնուպոլսի Բերա (թուրքերեն՝ Pera) թաղամասում արքունական ժամագործի ընտանիքում[6][7]։ Հայրը՝ Գևորգը, արվեստի սիրահար էր, ամեն կերպ աջակցում էր տաղանդավոր որդուն ստանալ երաժշտական կրթություն[8]։ Արդեն 15-16 տարեկանում պատանի Չուխաջյանը գրավեց երաժշտական հասարակության ուշադրությունն իր դաշնամուրային կատարումներով։ Հետագայում նրա երաժշտական ունակությունների զարգացմանն օժանդակեց կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը։ Մասնագիտական երաժշտական կրթությունը սկսվեց իտալացի դաշնակահար Չ.Մանձոնիի ղեկավարությամբ[9], ում մոտ տարիներ շարունակ Չուխաջյանը սովորում էր դաշնամուր և երաժշտության տեսություններ։ Վերջինիս խորհրդով նա մեկնում է Իտալիա՝ կրթությունը կատարելագործելու նպատակով. 1861-1864 թթ. սովորել է Միլանում[10]։ Այսպիսով, Չուխաջյանը դարձավ հայ կոմպոզիտորներից առաջիններից մեկը, որը բարձրագույն երաժշտական կրթություն ստացավ Եվրոպայում[6]։ Եվրոպայից վերադառնալուց որոշ ժամանակ անց կոմպոզիտորը ամուսնացավ երգչուհի Արևիկ Աբազյանի հետ։ Այս շրջանից սկսված զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։
1860-ական թվականներին Թուրքիայի հայ ազգաբնակչության առաջադեմ ներկայացուցիչների հետ սկսեց պայքարել իր ազգային մշակույթի զարգացման համար՝ լինելով առաջին ագրեսիվ տրամադրված հայ երաժիշտներից մեկը, ով քարոզում էր առաջադեմ եվրոպական երաժշտական մշակույթը, երաժշտական կրթության կազմակերպման ձևերը, ինչպես նաև երաժշտական-հասարակական կյանքը։ Մասնակցում էր հայ երաժշտական միությունների կազմավորմանը, մասնավորապես, համագործակցում էր «Հայկական քնար» կազմակերպության հետ[10][11]՝ իր տեսակի մեջ եզակի Մերձավոր Արևելքի երաժշտական պատմության մեջ, և Գաբրիել Երկանյանի հետ մասնակցում էր «Հայկական քնար» ամսագրի կազմակերպմանը (1861-1864)։ Մասնակցում էր հանրամատչելի համերգների կազմակերպմանը, դասախոսություններ էր կարդում, ղեկավարում էր Կոստանդնուպոլսի Խասգյուղ շրջանի հայկական նվագախումբը։
1872 թվականին Չուխաջյանը դառնում է հայկական երաժշտական թատրոնի հիմնադիրը[10]։ 1877 թվականից ղեկավարում է երաժշտական թատերախումբը[6]։ Հիմնադրել է «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվեց «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»[12]։ Համագործակցում էր «Գուսաներգական» թատրոնի հետ, բայց ամենաբեղուն համագործակցությունը Հակոբ Վարդովյանի «Արևելյան թատրոնի» հետ էր[13], որի երաժշտական ղեկավարն էր տարիներ շարունակ[14]։ 1891-1892 թվականներին կոմպոզիտորը լինում է Փարիզում, որտեղ բեմադրվեցին նրա օպերետները։ Ֆրանսիական մամուլը նրան կոչեց «արևելյան Օֆենբախ»[13]։
1896 թվականին Չուխաջյանը հակահայկական բռնությունների ուժեղացման հետևանքով մայրաքաղաքից տեղափոխվեց Իզմիր։ Դրանից շատ չանցած՝ 61 տարեկանում նա մահացավ քաղցկեղից։ Արագահաս հիվանդության և մահվան պատճառով նրա վերջին երաժշտական-թատերական ստեղծագործությունները մնում են անավարտ[15]։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Չուխաջյանի թաղումը կազմակերպվել է «Կարիքավորների միության» կողմից։ Նրա մահվան մասին «Մշակ» հայկական թերթը ցավով գրեց. «Մահ աղքատության մեջ և փառահեղ թաղում»[8]։
Չուխաջյանի աշակերտուհիներից մեկը այսպես է նկարագրում Չուխաջյանին.
«Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից։ Նա ներսում երբեք ֆես չէր կրում. նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին։ Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով։ Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի։ Այլասեր և համեստ մարդ, որը միշտ կրում է մուգ մոխրագույն ֆրակ …»
– – («Մասիս» շաբաթաթերթ, 31 մայիսի, 2008)[8]
|
Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքման առիթով Չուխաջյանը ռուսական կայսր Ալեքսանդր 2-րդի կողմից պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի շքանշանով[16]։
Թաղված է Իզմիրի հայկական գերեզմանատանը։ Չուխաջյանի մահվանից երկու տարի անց նրա աշակերտ Ա. Սինանյանը նրա շիրիմի վրա տեղադրեց Չուխաջյանի մարմարյա կիսանդրին։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Չուխաջյանը թողել է նշանակալից ստեղծագործական ժառանգություն՝ մի քանի օպերա և օպերետ, առաջին կամերային, սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունները[17][18] հայկական երաժշտության մեջ, ինչպես նաև՝ երգեր և ռոմանսներ, դրամատիկական ներկայացումների համար երաժշտություն և այլն։ Նրա դաշնամուրային պիեսներն ընդգրկում են բազմազան ժանրեր և ձևեր՝ ընդարձակ ֆանտազիաներ, պարաֆրազներ, ֆուգաներ և պարեր, սակայն առավել բազմազան են պարային բնույթի պիեսները[17]։ Այլ ստեղծագործություններից «Մեծ վալսը», «Արևելյան քնարը» և մի քանի ուրիշներ իրենց իմպրովիզացիոն ոճով ու կատարյալ վարպետությամբ մոտ են Լիստի և Տալբերգի[17] ռոմանտիկ երաժշտության պարաֆրազների և ֆանտազիաների բնույթին[8]։ Չուխաջյանը ձգտում էր տիրապետել առավել արտասովոր երաժշտական ժանրերին ու ձևերին։ Իր ստեղծագործություններում երգահանը եվրոպական երաժշտական արտահայտության մեթոդները հմտորեն համադրում է արևմտահայ քաղաքային ժողովրդական երաժշտության, հայկական փողային երաժշտության տարրերի, ընդհանրապես արևելյան մեղեդիների հետ՝ ցուցադրելով բազմաձայնության մեծ վարպետություն[19]։ Հենց Չուխաջյանի ստեղծագործություններում հայկական երաժշտության մեջ առաջին անգամ հայտնվեցին բազմաձայնության ինքնատիպ ձևեր[17]։ Համարվում է, որ նրա ստեղծագործության մեջ դեռևս բացակայում է հայ ազգային ֆոլկլորը՝ գյուղական ժողովրդական երգեր և այլն։ Այդ շարժումը հայ դասական երաժշտության մեջ սկիզբ է առնում միայն 1880-ական թվականներից[20]։
Լինելով մեծապես օժտված երգահան՝ Չուխաջյանը շրջում էր քաղաքի փողոցներով՝ լսելով և նշելով մեղեդիների հատվածներ, ռիթմիկ մոտիվներ՝ դրանք իր ստեղծագործություններում օգտագործելու համար[13]։ Նրա երաժշտական ոճի ձևավորման մեջ մեծ դեր են խաղացել իտալական օպերայի դպրոցը և ֆրանսիական օպերետը։ 1868 թվականին Չուխաջյանը գրում է հայկական առաջին ազգային օպերան՝ «Արշակ 2-րդ»-ը[6][13][21][22][23]։
1870-ական թվականներից սկսած՝ Չուխաջյանն աշխատում է երաժշտական կատակերգությունների և օպերետների վրա։ Դրանցում երգահանը նրբորեն քողարկում է ազգային, սոցիալական և քաղաքական ակնարկները՝ առաջնային պլան մղելով կենցաղային և երգիծական տարրեր, ռոմանտիկ զգացողություններ։ Հատկապես օպերետներում զգացվում է հայկական քաղաքային երաժշտական ֆոլկլորի ազդեցությունը։ Նա սկսում է համագործակցել հայ և իտալացի լիբրետիստների՝ Տ. Նալյանի, Ալբորետոյի և այլոց հետ։ 1872 թվականին, Գոգոլի «Ռևիզորի» սյուժեի հիման վրա, երգահանը գրում է «Արիֆ» օպերետը (լիբրետո թուրքերեն լեզվով՝ հայերեն տառերով)՝ առաջինը հայ դասական երաժշտության մեջ, 1873 թվականին՝ «Քյոսա քյոխվա» («Ճաղատ տանուտեր») օպերետը (լիբրետոյի հեղինակ՝ Գևորգ Ռշտունի), որը հենց նույն տարում բեմադրվում է Վարդովյանի թատրոնում։ «Քյոսա քյոխվան» հենց սկզբնական շրջանում բեկադրվեց ավելի քան 60 անգամ[8]։ Օպերետներից ամենահայտնին է դառնում «Լեբլեբիջին», որը Չուխաջյանն ավարտել է 1875 թվականին։ Այդ օպերետներին մեծ ճանաչում են բերում երաժշտության քնարականությունը, գործողությունների զարգացման շեշտակիությունն ու սրամտությունը, կենդանի և դիպուկ բնութագրումները[24]։ Ինչպես նշում է Ե. Բարվարտը, իր օպերետային ստեղծագործություններում Չուխաջյանը կրում է օպերետի արևմտաեվրոպական վարպետների՝ Ժ. Օֆֆենբախի, Շ. Լեկոկի և Ֆ. Զուպպեի ազդեցությունը[25]։ Ըստ «Օքսֆորդի օպերային բառարանի»՝ այդ օպերետներում արտացոլվում են հայկական կենցաղն ու ժամանակի բարքերը։ Նրա շատ ստեղծագործություններ հրապարակվել են դեռ 1870-1880-ական թվականներին։ 1890 թվականին երգահանն ավարտում է «Զեմիրե» օպերա-ֆեերիա[26] ն։ Այս ստեղծագործությունների մեծ մասը բեմադրվել է հեղինակի կենդանության օրոք։ Չուխաջյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները կատարել է նաև Սինանյանի նվագախումբը[27] Ж 1897 թվականին մամուլում լուրեր են հայտնվում այն մասին, որ Չուխաջյանն ավարտել է «Ինդիանա» օպերան։ Ուսման միլանյան շրջանից սկսած՝ երգահանի հետագա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջ. Վերդիի երաժշտությունը[10][28]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Հատվածներ «Արշակ Բ» օպերայից |
Երաժշտական քննադատ Ադոլֆո Տարրասոն Չուխաջյանի ստեղծագործության մասին գրել է.
«Տիգրան Չուխաջյանն առաջին երգահանն էր, որ կիրառեց եվրոպական երաժշտության տեխնիկան արևելյան երաժշտության մեջ։ Նրա խիստ յուրահատուկ մտքերը, երաժշտական լեզվի թարմությունը, փայլուն գործիքավորումը, ամեն ինչ ներծծված է Արևելքի լույսով։ Նրա հորինվածքը լի է հմայքով և իշխանությամբ, առանձնանում է համադրության և փոխլրացման կատարելությամբ»
– (Revue Theatrale, 1904 Paris, No. 16 )[13]
|
Չուխաջյանը հեղինակն է նաև սերբ-թուրքական պատերազմի[24] մասին պատմող «Ալեքսինազ» երաժշտական դրամայի։ Ըստ երաժշտական քննադատ Պ. Խերթելենդիի՝ Չուխաջյանը գլխավորապես բելկանտո ոճի երգահան է։ Երաժշտական ազդեցությունների առումով նրա ստեղծագործությունը տատանվում է Բելլինիի և Բորոդինի միջև՝ դառնալով Արևելքի և Արևմուտքի իսկական խառնուրդ։ Երգահանը կենտրոնանում է հիմնականում դուետների և արիաների վրա՝ դրամատիկ պահերի դետալների հազվադեպ ներկայացմամբ[29]։
Ըստ «Օպերայի համառոտ պատմության»[9] և «Օքսֆորդի օպերային բառարանի» հեղինակների[30], հանդիսանալով թուրքական լծից Հայաստանի ազատագրման մոլի համախոհ՝ Չուխաջյանն ազգայնականության շունչ է հաղորդել իր ստեղծագործություններին։
Արշակ Բ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արշակ Բ»-ն առաջին հայ ազգային օպերան է[9][18][21][24][31][32] և Չուխաջյանի գլուխգործոցը[10] Երգահանն օպերան ավարտեց 1868 թվականին Կոստանդնուպոլսում։ Երկլեզու (հայերեն, իտալերեն) լիբրետոյի հեղինակն էր բանաստեղծ և դրամատուրգ Թովմաս Թերզյանը։ Օպերան հրապարակվեց 1871 թվականին[33]։ Իր ոճով Թերզյանի լիբրետոն դասվում է քնարա-դրամատիկական ժանրին։ Թերզյանի՝ իտալերենով գրված գրքում օպերայի ավարտի մասին գրառումը նշանավորեց հայ ազգային օպերայի ծնունդը[13]։
Առաջին բեմադրությունը հատվածաբար իրականացվեց 1868 թվականի մարտի 10-ին[34]՝ «Նաում» թատրոնում[9], իտալական թատերախմբի կողմից։ Երգահանը մտադիր էր օպերան ամբողջությամբ բեմադրել հաջորդ՝ 1869 թվականին[15], սակայն, Օսմանյան կայսրության անբարենպաստ պայմանների[35] և անհրաժեշտ նյութական ռեսուրսների բացակայության պատճառով, մտադրությունն իրականացնել չհաջողվեց։ Հեղինակի կենդանության օրոք օպերայից առանձին համարներ համերգային կատարմամբ[24] հնչում էին Կոստանդնուպոլսում (կատարվում էր «Օլիմպիա» անվանումով), Վենետիկում և Փարիզում[13]։ 1873 թվականին օպերայից հատվածներ ներկայացվեցին Միջազգային ցուցահանդեսում՝ Վիեննայում[36]։
Մոնումենտալ «Արշակ Բ» գրվել է Ռոսսինիի, Բելլինիի և, հատկապես, վաղ շրջանի Վերդիի՝ 19-րդ դարի առաջին կեսի իտալական պատմական-ռոմանտիկ օպերայի ավանդույթներով[24][37]։ Մարմնավորելով լիբրետոյի քնարական գաղափարը՝ Չուխաջյանը նրբորեն բացահայտում է նաև օպերայի հերոսական և դրամատիկ գծերը։ Գլխավոր կերպարներն են Մեծ Հայքի թագավոր Արշակ Երկրորդը, Օլիմպիա թագուհին, Փառանձեմ իշխանուհին, իշխան Գնելը, Տիրիթը և ուրիշներ[38]։ Հայոց պատմությունից վերցված սյուժեն հիմնված է հայ հին պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի տված տեղեկությունների վրա[39]։ Գործողությունները ծավալվում են Արմավիրում, 365–367 թվականներին, Հայաստանի, Պարսկաստանի և Հռոմի միջև բարդ հարաբերությունների ժամանակաշրջանում։ Իր գրական-երաժշտական գաղափարով օպերան արտացոլում է նաև 19-րդ դարի հայ ժաղավրդի ձգտումը ազգային և սոցիալական ազատագրման[24]։ Ժանրային առումով «Արշակ Երկրորդը» պատկանում է եվրոպական «Մեծ օպերա» (Grand opera) դասին, որտեղ օգտագործվում են սիմֆոնիկ մեծ նվագախումբ, երգչախումբ, փողային անսամբլ, ծավալվում են մասսայական տեսարաններ։
Չուխաջյանի մահից հետո, 1920 թվականին, նրա այրին՝ Ա. Աբազյանը, երգահանի ձեռագրերն ուղարկեց Հայաստան[40]։ Դրանք հայտնաբերվեցին երաժշտագետ Գ. Տիգրանովի կողմից 1942 թվականին, որից հետո սկսվեց ստեղծագործության երկրորդ կյանքը։ Օպերան ամբողջությամբ ներկայացվեց լայն հասարակայնությանը 1945 թվականի նոյեմբերի 29-ին[41]։ Նոր բեմադրության համար լիբրետոն մշակեց Արմեն Գուլակյանը, խմբավարն էր Միխայիլ Թավրիզյանը։ «Արշակ Երկրորդը» բեմադրվեց Նեապոլում, Վիեննայում և այլուր[42]։ 1956 թվականին օպերան բեմադրվեց Մոսկվայի Մեծ թատրոնում[42], 2001 թվականին՝ ԱՄՆ-ում։
Սան-Ֆրանցիսկոյի օպերայի երաժշտական ղեկավար, երաժշտագետ Քլիֆորդ Կրաննը «Արշակ Երկրորդ»-ի մասին գրում է.
Իր անզուգական պալատական հեղաշրջումներով, սպանության փորձերով և սիրային հակամարտությամբ «Արշակ Բ» օպերան տալիս է այն ամենը, ինչ կարելի է սպասել իսկական դրամայից։ |
«Արշակ Բ»-ի մասին խոսելով՝ երաժշտական քննադատ Դ. Սթիվենսը նկատում է 19-րդ դարի կեսի իտալական օպերայի ազդեցությունը՝ ընդգծելով ստեղծագործության հզոր քնարական արտահայտչականությունը և աղերսները Վերդիի ստեղծագործության հետ[43]։
Զեմիրե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զեմիրեն» Չուխաջյանի վերջին լայնածավալ օպերան է, գրված 1890 թվականին[26]։ Լիբրետոյի հեղինակն է Տիգրան Քելիմջյանը։ Օպերան կազմված է չորս գործողությունից։ Սյուժեի հիմքում ընկած է արաբական հեքիաթը։ Նախնական անվանումն է՝ «Ebudia e Zemire»:
Օպերան բեմադրվել է Կոստանդնուպոլսում, ֆրանսիական և իտալական թատերախմբերի համատեղ ուժերով[6]։ Առաջին անգամ «Զեմիրեն» ամբողջությամբ ցուցադրվել է 1891 թվականի ապրիլի 12-ին ֆրանսիական «Concordia» թատրոնում[30][44]։ Մի քանի տարի անց, եվրոպական պրեմիերայի համար, թարգմանվել է իտալերեն (Ֆրանսինի)։ Տեղեկություններ կան, որ օպերան բեմադրվել է իտալական թատերական ընկերության և Թոմասսո Ֆրանսինիի կողմից, «French Palais de Crystal Theater» թատրոնում, 1894 թվականին։ Այն ժամանակվա կոստանդնուպոլսյան մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ նախատեսվում էր ստեղծագործությունը բեմադրել նաև Վիեննայում, այնուհետև՝ Փարիզում, սակայն այդ մտադրությունները մնացին անկատար[44]։ Չնայած «Զեմիրե»-ի հաջողությանը, այն չբարելավեց հեղինակի նյութական վիճակը։
Օպերա-ֆեերիան ընդգրկում է կոմեդիայի տարրեր և դասվում է semiseria (այսինքն՝ «կիսալուրջ») ժանրին։ «Զեմիրեն» ֆանտաստիկ սյուժեով սիրո հուզիչ պատմություն է, որտեղ ներկա են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են միստիկ արարածները և ամենազոր Մեծ հրաշագործը[44]։ Գլխավոր գործող անձիք են՝ Զեմիրեն՝ Բենեզար ցեղի առաջնորդի դուստրը, Էբուդիան՝ Մեծ հրաշագործը, Էլսանթուրը՝ Էբուլգանա ցեղի առաջնորդի որդին և ուրիշներ։ 1965 թվականին Բ. Սակկիլարին փորձեց բեմադրել ստեղծագործությունը Երևանում։ Ձայնագրվեցին նաև օպերայի առանձին հատվածներ։ 2008 թվականին «Զեմիրեն» բեմադրվեց ԱՄՆ-ում[45]։ Դա ավելի քան հարյուր տարվա ընդմիջումից հետո օպերայի առաջին ամբողջական բեմադրությունն էր[46]։
Ներկայացման ամբողջ ընթացքում ինձ հետ էր Չուխաջյանի հսկայական փորձի և վարպետության հանդեպ հիացմունքի զգացողությունը, ինչպես է նա տիրապետում օպերային ժանրին և թափանցում նրա ամենախորքերը…[47]
– Տիգրան Մանսուրյան
|
Ինչպես նշում են Է. Ուեգել Ուիլյամսը և Ջայ Գրոութը, «Զեմիրե» օպերայի պրեմիերան Կոստանդնուպոլսում փաստացի դարձավ Թուրքիայում օպերային արվեստի ավանդույթների զարգացման սկիզբը[30]։
Ինդիանա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չուխաջյանի առավել հայտնի օպերային ստեղծագործությունն է՝ գրված, տարբեր տվյալներով, 1897 թվականին կամ 1870-ական[28] թվականների երկրորդ կեսին։ Լիբրետոն՝ Հովսեփ Յազիչյանի[48], գրված Աբույուլհակ Համիդի համանուն ստեղծագործության հիման վրա[48]։ Իր ժանրով «Ինդիանան» հայրենասիրական օպերա է, երաժշտագետ Ա. Ասատրյանի կարծիքով, երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը[48]։ Օպերայի ձեռագրերը պահպանվում են Երևանի գրականության և արվեստի թանգարանում[48], Չուխաջյանի արխիվում։ Օպերան ուսումնասիրվել է նաև երաժշտագետներ Գ. Ստեփանյանի[49] և Մ. Մուրադյանի կողմից[50]։
Լեբլեբիջի[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լեբլեբիջին» («Ոլոռ վաճառողը») Չուխաջյանի երկրորդ և ամենաճանաչված օպերետն է, գրված 1875 թվականին[6]։ Լիբրետոյի հեղինակ՝ Թագվոր Նալյան։ Ստեղծագործությունը սկզբնապես կատարվել է թուրքերեն՝ պաշտոնական գրաքննությունը շրջանցելու նպատակով, չնայած օպերետի լիբրետոն թարգմանվել է հայերեն դեռևս Չուխաջյանի կենդանության օրոք[12]։ Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել 1875 թվականի նոյեմբերի 17-ին «Français» թատրոնում[12]։ Առաջին իսկ բեմադրությունից հետո օպերետը հսկայական հաջողություն ունեցավ, Կոստանդնուպոլսում և Անդրկովկասում բեմադրվեց ավելի քան 100 անգամ[8]։ Ստեղծագործությունը համադրում է կենցաղային կոմեդիայի գծերն ու 19-րդ դարի բուրժուա-արիստոկրատական հասարակության սոցիալական երգիծանքը։ «Լեբլեբիջիի» և Չուխաջյանի մյուս օպերետների մասսայականացմանը նպաստեց նաև Սերովբե Բենկլյանի (Պենկլյան)[51] պրոֆեսիոնալ օպերետային թատերախումբը՝ Բենկլյանի և Չուխաջյանի համատեղ ուժերով կազմակերպված առաջին մշտապես գործող պրոֆեսիոնալ օպերետային թատերախումբը[52][53] Մերձավոր Արևելքում։ 20-րդ դարի սկզբին օպերետը թարգմանվեց հունարեն և գերմաներեն[54]։ «Լեբլեբիջին» ներկայացվել է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Բալկանների, Մերձավոր Արևելքի տարբեր բեմերի վրա՝ հասարակական ճանաչում բերելով հեղինակին[8][24]։
1943 թվականին Տ. Սարյանն առաջին անգամ օպերետը բեմադրեց Հայաստանում։ Այդ ժամանակ էլ առաջարկվեց ստեղծագործության նոր անվանումը՝ «Կարինե»։ Անվանափոխվեցին նաև գլխավոր հերոսներն ու հերոսուհիները, բացի Հոր-Հոր աղայից։
2011 թվականին օպերետը ներկայացվեց մարսելյան հանրահայտ «Օդեոն» թատրոնում[55]։
Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չուխաջյանը հեղինակ է թատերական ներկայացումների և պիեսների համար գրված մի շարք երաժշտական ստեղծագործությունների։ Նրա աշխատանքները, ազգային՝ թեմատիկայով և երաժշտական լեզվով, տոգորված են հայրենասիրությամբ։ Առավել հայտնի են նրա երաժշտական ստեղծագործությունները՝ գրված Պետրոս Դուրյանի «Վարդ և Շուշան», Տ. Գելեմչյանի «Արա Գեղեցիկ կամ սեր և հայրենիք», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ», Ս. Թխլյանի «Տրդատ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ» ներկայացումների համար։ Ստեղծագործության այս շրջանում առավել հատկանշական է Ռ. Սեֆեջյանի «Վարդան Մամիկոնյան՝ հայրենյաց փրկիչ» բեմադրության համար գրված երաժշտությունը (1867), որի ներկայացումը վերածվեց Օսմանյան կայսրությունում տիրող ռեժիմի դեմ քաղաքական բողոքի։ Ըստ Ե. Բարվարտի, «Մենք հայ ազգի զավակներն ենք» ստեղծագործությունը նույնպես բողոք է թուրքական տիրապետության դեմ[25] Նրա «Թատրոնի երգը» հայկական թատրոնի մանիֆեստի արժեք ու նշանակություն ստացավ։ Չուխաջյանը հեղինակն է նաև «Գարուն» ռոմանսի (խոսք՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի)[56], որն առաջիններից էր հայ դասական երաժշտության մեջ[22], և «Զեյթունցիների քայլերգի», որն ազգային-ազատագրական պայքարի հիմնի նշանակություն ստացավ[57]։ Ըստ Ա. Ասատրյանի՝ այդ ստեղծագործությունն Արամ Խաչատրյանի կողմից առաջարկվել է որպես Հայկական ԽՍՀ հիմնի տարբերակ[57]։ Ազգային-ազատագրական պայքարի թեման կարևոր տեղ էր գրավում երգահանի ստեղծագործության մեջ։ Շ. Պերինչեկը նշում է.
«Համիդիե քայլերգը», գրված Չուխաջյանի կողմից, ուղղված էր հիմնականում սուլթանական ռեժիմի դեմ։ «Հայրենիք կամ Սիլիստրան», «Էգեյան ժողովրդական քայլերգերը» նույնպես գրված են այս երգահանի կողմից[58]։ |
Չուխաջյանը Կոստանդնուպոլսի հայ պատրիարք Ներսես Վարժապետյանի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» հեղինակն է։ Բացի այդ, նրա գրչին է պատկանում նաև «Զեյբեգլեր» երգիծական օպերան, որի ձեռագրերը, ցավոք, չեն պահպանվել[59]։
Սիմֆոնիկ և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններից հայտնի են «Գավոտը» (ջութակի, թավջութակի, դաշնամուրի և հարմոնիումի համար), «Չորս ֆուգան» (լարային նվագախմբի և քառյակի համար)[60], «Ավե Մարիան» (դաշնամուրի համար)[61] և այլն։ Նրա դաշնամուրային ստեղծագործությունները հրատարակվել են դեռ 1870–1880-ական թվականներին[17] Առավել հայտնի «Cascade de Couz» տոկատան հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1887 թվականին[62]։
Որոշ դաշնամուրային և նվագարանային ստեղծագործությունների հակիրճ ցանկ[16][խմբագրել | խմբագրել կոդը]
- «Mouvement Perpetuel»
- «Perpetuum mobile»
- «Cascade de couz»
- «Illusion (vals)»
- «Apres La Gavotte»
- «Deux Fantaisies Orientales»
- «La Lyre Orientale»
- «Laura»
- «Rapelle-tois»
- «Romans»
Ստեղծագործությունների էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Չուխաջյանի ստեղծագործություններից առաջինն էկրանավորվել է «Լեբլեբիջին», 1916 թվականին, հրեական ծագումով լեհ ռեժիսոր Զիգմունդ Վեյնբերգի և Ֆուատ Ուզկինայի կողմից[63]։ Այդ ֆիլմը թուրքական կինոարդյունաբերության առաջին գործերից էր[64]։ 1923 թվականին «սիսեռ վաճառողի» մասին ֆիլմը նկարահանվեց Մուխսին-Բեյ Էրթուգրուլի կողմից[65]։ 1934 թվականին նույն ռեժիսորի կողմից իրականացվեց «Լեբլեբիջիի» նոր էկրանավորումը, որն, ի դեպ, Վենետիկի կինոփառատոնում նվաճեց երկրորդ հորիզոնականը[58]։
Հայաստանում երգահանի ստեղծագործությունների առաջին էկրանավորումն իրականացվեց 1954 թվականին՝ «Հայկական կինոհամերգ» երաժշտական ֆիլմի ստեղծմամբ։ «Ալմաստ», «Անուշ» օպերաների, «Գայանե» բալետի հետ մեկտեղ՝ ֆիլմում առաջին անգամ ներկայացվեցին հատվածներ «Արշակ II» օպերայից[66]։
1967 թվականին ռեժիսոր Արման Մանարյանը նախաձեռնեց Հայաստանում առաջին անգամ «Լեբլեբիջի» օպերետի էկրանավորումը՝ նոր՝ «Կարինե» անվանումով[67]։ Գլխավոր հերոսների դերերգերը կատարում էին Գոհար Գասպարյանը և Տիգրան Լևոնյանը։ Ֆիլմը հագեցած է Կոստանդնուպոլսի հայերի ազգային կոլորիտով, ներկայացվում է որպես ուրախ և կենդանի կատակերգություն՝ բուֆ[68]։ 1970 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ֆիլմը կրկնօրինակվեց ռուսերեն։
1988 թվականին, ԽՍՀՄ Պետական Կենտրոնական հեռուստառադիոյի պատվերով, Տիգրան Լևոնյանն ստեղծեց «Արշակ Բ» օպերայի ամբողջական էկրանավորումը (երկու մասից)[69]։
Ներդրումը մշակույթում․ հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Չուխաջյանի մահից հետո նրա ձեռագրերն ու պարտիտուրաները ցրվեցին աշխարհով մեկ։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև՝ Հայաստանի ԳԱ Արվեստի ինստիտուտի ուժերով այդ բարձրարժեք ձեռագրերը հավաքվեցին Հայաստանում։
Չուխաջյանը պայքարում էր ազգային մշակույթի զարգացման համար[37], Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի կողքին՝ նա համարվում է հայկական մշակույթի ամենահայտնի գործիչներից մեկը[8] Լինելով 19-րդ դարի մեծագույն երգահաններից մեկը[17] և դարի արևմտահայ ամենաականավոր երգահանը, նա լուծեց իր ժամանակի մշակութային կարևորագույն խնդիրներից մեկը՝ ստեղծեց ազգային օպերան[17], ինչպես նաև մեծ դեր խաղաց հայ ազգային երաժշտության դպրոցի հիմնադրման գործում[7]։ Նրա օպերային ստեղծագործությունները կարևոր դեր խաղացին ողջ Արևելքի և հայ դասական երաժշտության զարգացման մեջ[24]։ «Արշակ Երկրորդ» օպերան նշանավորում էր պրոֆեսիոնալ օպերային արվեստի սկիզբը ինչպես հայ երաժշտության մեջ, այնպես էլ՝ ողջ Մերձավոր Արևելքում[24]։ Տիգրան Չուխաջյանը հայ երաժշտական թատրոնի հիմնադիրն է, ինչպես նաև՝ Օսմանյան Թուրքիայի երաժշտական թատրոնի հիմնադիրը։ Չուխաջյանը մեծ ներդրում է ունեցել թուրքական օպերային արվեստի զարգացման մեջ[30][31][70][71][72][73]։
Հայաստանում Չուխաջյանի անունով կոչել են փողոցներ և երաժշտական դպրոցներ։ Ֆրանսիայում գործում է «Տիգրան Չուխաջյան» հետազոտական կենտրոնը, որն զբաղվում է Եվրոպայում երգահանի ստեղծագործությունների մասսայականացմամբ[74][75]։
«Տիգրան Չուխաջյանը հայ ազգային երաժշտության տիտաններից է։ Լինելով հայկական օպերայի հայրը՝ նա հայ երաժիշտներից առաջինն էր, որն իր ստեղծագործություններում օգտագործեց արևմտյան դասական ստանդարտները»։»
– Անկինե Քեշիշյան-Մուրադյան[8]
|
Չուխաջյանի ներդրումը թուրքական մշակույթում ժամանակին գնահատել են նաև առաջադեմ թուրք մտավորականները։ 1872 թվականին, «Արիֆ» օպերետի պրեմիերայից հետո, հայտնի թուրք բանաստեղծ և լրագրող Նամիկ Քեմալը «Իբրետ» թերթում գրել է.
Սա մեր օպերային լեզվով առաջին գործն է։ Նրա կառուցվածքը գեղեցիկ է, իսկ երաժշտությունը՝ հիասքանչ։ Կոմպոզիցիային տրված է իր քնարականությանը համապատասխան կառուցվածք։ Մենք շնորհակալ ենք օսմանյան թատրոնի հիմնադիր Գյուլ Ագոպին, օպերետի հեղինակներ Ալբերտոյին և Տիգրան Չուխաջյանին՝ իրենց աշխատանքի համար, ինչպես նաև՝ դերասաններին՝ լավ բեմադրության և հմուտ խաղի։
– Նամիկ Քեմալ[76]
|
Չուխաջյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված են Նիկողոս Թահմիզյանի, Ա. Ասատրյանի,