Ամենապատասխանատու ձևով եմ ասում՝ Մոսկվայում լավ են տեսնում ու հասկանում Փաշինյանի խաղը՝ Ղարաբաղից հրաժարում, զիջումներ, արտաքին վերակողմնորոշում դեպի Արևմուտք. Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմաններին տեղի ունեցող զարգացումները ու այս ամենի աշխարհաքաղաքական ասպեկտը:

– Ես սա գնահատում եմ՝ որպես Փաշինյանի քաղաքականության, հույսերի աղաղակող ձախողում, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի մասնակցությունը երաշխավորում են ՀՀ քաղաքական անվտանգությունը: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ ես սա գնահատում եմ՝ որպես Ադրբեջանի հանդեպ զիջումների քաղաքականության ձախողում: Եվ այսօր արդեն Փաշինյանն ասում էր, որ համաձայնել էր 5 սկզբունքների, որոնք առաջադրել էր Իլհամ Ալիևը, և ավելացրել էր այնտեղ ինչ-որ բան, այս համաձայնությունը ևս տապալվեց, քանի որ ստացվում է, որ և արևմտյան երաշխիքները, և Ադրբեջանի առջև զիջումները ոչինչ չեն երաշխավորում և ընդհանրապես անվտանգային իրավիճակ չեն ստեղծում: Այս իրավիճակը ես կանվանեի աղմկոտ, Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ողջ կուրսի աղետ, ինչո՞ւ, որովհետև վերջին շրջանում Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսի ֆունդամենտալ սկզբունքները կարելի է այսպես անվանել՝ Ղարաբաղից հրաժարում, զիջումներ Ադրբեջանի առջև, արտաքին քաղաքական երաշխիքների վերակողմնորոշում դեպի Արևմուտք: Այս երեք գործոնները տապալվել են: Ադրբեջանը քաղաքականապես կուլ է տվել Ղարաբաղը և հենց այդ պահին էլ ասել է, որ այդպես էլ անելու էր, կուլ տվեց ու շնորհակալություն է հայտնում:

Ի՞նչն է աչքի զարնում, որ կորուստների թիվն այս իրավիճակում հսկայական է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը նախապես էր պատրաստվել այս հարձակմանը և օգտագործում է ՀՀ-ի գործողություններն անջատման գծում՝ որպես առիթ, քանի որ դա Ադրբեջանի պատրաստած հզոր հարձակումն էր:

Կարդացեք նաև

Նոյեմբերի 9-ից հետո անցել է շուրջ 2 տարի, այս ընթացքում կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պրակտիկորեն, փաստացի ոչ մի միլիմետր առաջ չեն գնացել սահմանի հարցով: Կողմերի միջև պաշտոնական սահմաններ ինչպես չեն եղել, այնպես էլ չկան, սահմանը ոչ միայն դեմարկացված չէ, այսինքն՝ տեղանքում նշված չէ, այն նույնիսկ դելիմիտացված չէ, քարտեզների վրա նշված չէ: Չունենալով սահման, չունենալով թեկուզ շփման գիծ այդ սահմանով, պարտադիր չէ, որ լինի պաշտոնական սահման, այն կարող է լինել դե ֆակտո սահման:

– Բայց չէ՞ որ կան ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ:

– Կա Հայաստանի կողմից ճանաչում, որ Հայաստանի կողմից այս հարցը պետք է քննարկվի: Ահա այսքանը, ուրեմն չկա: Դա նշանակում է, որ եթե չունես հստակ ուրվագծված սահման, ու երբ դիմելու ես ՀԱՊԿ-ին օգնության համար, ՀԱՊԿ-ը ֆորմալ տեսանկյունից կասի՝ իսկ որտե՞ղ է քո սահմանը: Եվ չի օգնելու քեզ: Բայց ՀԱՊԿ-ը չի օգնելու առաջին հերթին այլ պատճառով, ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը ՀՀ-ի կողմից չեն:

– Իսկ Ռուսաստա՞նը:

– Ռուսաստանը խաղաղապահ է, նրա ձեռքերը կապված են: Վե՛րջ:

– Պարոն Կոլերով, այդկերպ Ադրբեջանը կարող է հասնել մինչև Երևան:

– Կարող է: Ես արդեն գրել եմ, որ ՀՀ տարածքի գնդակոծումը կարող է ունենալ նպատակ՝ արտաքսել բնակչությանը Սյունիքից: Այնտեղ բնակչությունը 40 հազար է և ավելի քիչ, նրանց կյանքը կարող է անհնար դարձնել: Եթե նրանք դուրս մղվեն մշտական կրակահերթերով, իսկ Հայաստանը միաժամանակ չի հրաժարվի պարտավորություններից՝ ապահովել Ադրբեջանի տարանցումը դեպի Նախիջևան, դա նշանակում է, որ այդ տրանզիտն անցնելու է անապատային տեղանքով:

Եթե այնտեղ եղել եք, այն հիմա էլ է..․ գնում-գնում ես, բնակավայրեր չկան: Այնտեղ արդեն տեղանքն անապատային է դե ֆակտո՝ բացառությամբ մի քանի քաղաքների: Այս տարանցիկ միջանցքով կանցնի ինչպես ադրբեջանական առևտուրը, այնպես էլ ադրբեջանական ուժայինները, որոնք ֆորմալ առումով պետք է վերահսկեն այդ կոմերցիան, սրանով փաստացի դնելու են Սյունիքն ամենաքիչը՝ ոստիկանական, իսկ իրականում՝ նաև ռազմական վերահսկողության տակ: Ահա, սա՛ է Ադրբեջանի նպատակը՝ պահպանել Սյունիքի հատվածում լարվածությունը, որպեսզի այնտեղից հեռանա բնակչությունը:

– Փաշինյանի քաղաքականության գլխավոր նպատակը ՌԴ դուրսբերումն է ՀՀ-ից ու Ղարաբաղի՞ց:

– Փաշինյանի գլխավոր նպատակն է սեփական իշխանության պահպանումը: Պատրանքներ չկան, հանուն դրա նա պատրաստ է զոհաբերել ինչ ասես: Բայց այն, որ վերջերս Երևանում էր բարձրաստիճան ԱՄՆ չինովնիկ, ակնհայտ է, որ Փաշինյանը վերակողմնորոշվելու է դեպի Արևմուտք, նա հույս ուներ, որ Արմուտքը իրեն պաշտպանելու է: Չի՛ անելու: Չի՛ պաշտպանելու: Բայց Արևմուտքը, իհարկե, Փաշինյանի առջև խնդիր է դրել, որպեսզի ռուս խաղաղապահները հեռանան: Հենց այդ նպատակով է Փաշինյանն առաջ մղում հավելյալ գաղափար մեր խաղաղապահների հարցում, որպեսզի նրանք ստանան ՄԱԿ մանդատ:

Մենք գիտենք, որ ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ը մեծամասնություն ունի: Նշանակում է, որ Փաշինյանը ցանկանում է խաղաղապահներին ենթարկեցնել ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը կարող է տարբեր կերպ վարվել, բայց միանշանակ է, որ իրենց խաղաղապահներին նրանք չեն ուղարկելու: Դուք որևէ տեղ մի անգամ տեսե՞լ եք ամերիկացի խաղաղապահներ: Այդպիսիք չեն լինում, լինում են օկուպացիոն զորքեր: Քիչ է, որ խաղաղապահների մանդատը Ադրբեջանի պատճառով մինչ այժմ չի հաստատվել, ժամկետն է ավարտվում, արդեն երկրորդ կեսն է ընթանում նրանց տեղակայման ժամկետի: Ժամանակը գնում է: Այս համատեքստում Երևանը խնդիր է դնում ոչ թե երկարաձգել մանդատը, ինչը կլիներ նորմալ, բնական, որոնք լավ-վատ աշխատում են, այլ փոխել այդ մանդատը, փոխարինել նրանց, ենթարկեցնել նրանց ամերիկյան ԱԽ-ին: Այ սա խնդիր է:

– Փարուխ և այլ տարածքներ ենք կորցրել, Փաշինյանն էլ խաղադրույքներ է կատարում դրա վրա, ասում, որ խաղաղապահներն իրենց խնդիրը չեն լուծել:

– Լավ, հիանալի է, ես ասում եմ՝ դուրս բերեք խաղաղապահներին, չէ՞ որ դու չես չեղարկել քո մանդատը, քո ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության ներքո: Խնդրեմ: Գլխավորը՝ Հայաստանի ինտեգրացիան Արևմուտքի հետ, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պրակտիկ առումով աշխարհագրական իրականության մեջ նշանակում է մեկ բան՝ Հայաստանի շրջանում Արևմուտքը ներկայացված է միայն մեկ ՆԱՏՕ անդամով՝ Թուրքիայով: Վե՛րջ: Սա աղետ է:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունները Վլադիվոստոկում, ջերմ ու լավ պահվածքը:

– Այդ պահվածքը լավ չէր, նա Վլադիվոստոկում Ռուսաստանին դժգոհություն ներկայացրեց, որ Ռուսաստանը չափազանց շատ է զբաղվում Ուկրաինայով: Ուկրաինայում պատերազմ է ընթանում, որն անմիջականորեն սահմանակցում է Ռուսաստանին, ուկրաինական զորքերը գնդակոծում են ՌԴ մարզերը, մեր կողմից ճանաչված Դոնբասի հանրապետությունները, Ղրիմը, և դու հյուր ես, ասում ես, որ դրան շատ ուշադրություն եք դարձնում: Դու ինքդ ես վերակողմնորոշվել դեպի Բրյուսել, դեպի Արևմուտք, ի՞նչ դժգոհություններ են, դրանք կեղծավոր դժգոհություններ են, որոնք իրենց առջև նպատակ են դրել չեղարկել ՌԴ կարգավիճակը՝ որպես խաղաղապահ:

Ես ցանկանում եմ Ձեզ ասել, որ տարբեր աղբյուրներից, տարբեր մարդկանցից ՀՀ-ից ես լսում եմ միևնույն միտքը՝ Փաշինյանը անում է այն, ինչ ցանկանում է Ռուսաստանը: Ի՞նչ եզրակացություն ես պետք է անեմ, որ այդ միտքը գնում է միևնույն աղբյուրից՝ ամենաքիչը Փաշինյանի շրջապատից, նրանք փորձում են դրանով մեզ խաբել: Բայց ամենապատասխանատու ձևով ասում եմ, որ Մոսկվայում լավ են տեսնում ու հասկանում Փաշինյանի այս խաղը, Մոսկվայում հիմարներ չկան: Չեմ հասկանում, թե ում է ցանկանում Փաշինյանը խաբել, չեմ հասկանում, ամեն դեպքում Մոսկվային խաբել նրան չի հաջողվում:

– Կա տպավորություն, որ ՌԴ-ն ցանկանում է հեռանալ տարածաշրջանից, կամ հայ ժողովրդի կարծիքն էական չէ, որովհետև Հայաստանը միայն իշխանությունը չէ:

– Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում: Ուստի հայ ժողովրդի կարծիքը, որը մեծամասնությամբ ապրում է ՌԴ-ում, ՌԴ-ի համար կարևոր է, իսկ հայ ժողովրդի կարծիքը, որը ՀՀ-ում է ապրում, արտացոլված է նրանում, որ ընտրությունների մասնակցողների մեծ մասն ընտրել է Փաշինյանին: Հայ ժողովրդի ի՞նչ կարծիք նկատի ունեք: Իսկ Փաշինյանի կարծիքը հայտնի է: Նա խաղադրույքներ է կատարել Արևմուտքի վրա, նա փորձում է փոխել ռուս խաղաղապահների մանդատը՝ փոխելով արևմտամետ մանդատի: Սա ևս հայ ժոողովրդի կարծիքն է:

– Ժամկետի ավարտից հետո խաղաղապահները դուրս կգա՞ն, ու ի՞նչ է սպասվում Գյումրիի ռուսական ռազմաբազային ու ռուսական ուժերին ՀՀ-ում:

– Խաղաղապահները կհեռանան Ղարաբաղից, երբ ավարտվի նրանց ժամկետը: Ներկայումս խոսքն այն մասին է, որ այդ մանդատը կարող է տեսականորեն երկարաձգվել, բայց պրակտիկ ապացույցներ չկան դա պնդելու համար: Պետք է պայքարել, որ նրանք այնտեղ մնան, քանի որ, եթե այնտեղ չլինեն մեր խաղաղապահները՝ հայերը Ղարաբաղից կհեռանան: Ընդհակառակը նաև, եթե հայերը հեռանան Ղարաբաղից, ապա անհրաժեշտ չեն մեր խաղաղապահները: Մենք այստեղ կապված ենք ամբողջությամբ:

Իսկ որպեսզի բազան իր դերը կատարի, նա պետք է օգտագործվի պաշտոնապես: Իսկ եթե Հայաստանը չունի սահման Ադրբեջանի հետ, եթե Հայաստանը բանակցում է Թուրքիայի, ՆԱՏՕ-ի հետ, ո՞ւմ պետք է պաշտպանի: Կարելի է որքան հնարավոր է ցույց տալ, իբրև թե չես հասկանում՝ ինչ է կատարվում, բայց մենք հասկանում ենք: Խոսքը Հայաստանում ռուսական ներկայության մինիմալիզացման մասին է, իսկ ռեգիոնում ՌԴ-ն ունի ներկայություն Աբխազիայում, Հարավային Օսիայում, դա Ռուսաստանին լիովին բավարար է:


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։