Ինչը ամուր բռնես, երբեք չեն կարող ձեռքիցդ վերցնել․ Գոռ Թամազյանը խոսում է իր լռության մասին

 2 ամիս առաջ – 14:41 28-11-2021

Ինչը ամուր բռնես, երբեք չեն կարող ձեռքիցդ վերցնել․ Գոռ Թամազյանը խոսում է իր լռության մասին

Պարոն Թամազյան, ինչո՞վ եք հիմա զբաղվում։ Ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ եք, թե՞ ոչ։ Կիսո՞ւմ եք ընդդիմության կարծիքը այն ամենի շուրջ, ինչը տեղի է ունենում մեր հասարակության մեջ։

Այս պահին ակտիվ քաղաքաքան գործունեությամբ չեմ զբաղվում, բայց այն ամենին, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, ակտիվ հետևում եմ։ Ես հիմնականում կիսում եմ ընդդիմության բարձրացրած բոլոր խնդիրները, որովհետև Արցախը մեր անվտանգության գոտին էր՝ մինիմալ կոնտեքստով վերցված։ Իսկ եթե ավելի լայն իմաստով ասեմ, Արցախը մեր ազգային արժանապատվության, ինքնության մարմնացումն է։

Նախկինում Ձեր կուսակցական պաստառներում հաճախ էինք հանդիպում այնպիսի մտքերի, որոնցով դուք կոչ էիք անում հային հայ մնալ, պահպանել ազգային արժեքները։ Հիմա երբ իրավիճակը ավելի վատ է ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին։

Բացասական։ Երբ մեր կառավարությունը հենվում է ազգային արժեքների վրա, այդ իմունիտետը բարձրանում է, բայց երբ մեր Կառավարությունն ու պետությունը չեն հենվում ազգային արժեքների վրա, այդ իմունիտետը դառնում է զրո։ Այս վերջին տարում մեզ մոտ այդ իմունիտետը իսպառ վերացած է, դրա վառ ապացույցը և՛ ներքին, և՛ արտաքին ճակատն է։ Թուրքը միանգամից չի դարձել մեր թշնամին, թուրքը ագրեսիվ ազգ է, որը դարերով եղել է մեր թշնամին և նրա հետ հարևանություն անել հնարավոր չէ։ Ի տարբերություն թուրքերի, մեր գործը արդար է, քանի որ մենք մեր պատմական հողերի համար ենք կռվում։ Եվ հայոց ազգը պետք է իր ազատագրական պայքարը մինչև հաղթական ավարտը շարունակի։ Երբ քո լինել չլինելու հարցն է դրված օրակարգում, դու պետք է ավելի ամուր կառչես ազգային արժեքներից։
Հուլիոս Կեսարն ասում էր․ «ինչը ամուր բռնես, երբեք չեն կարող ձեռքիցդ վերցնել»։ Մենք մեր երկիրը պետք է ամուր պահենք, որ թշնամին չկարողանա խլել։

Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեր Կառավարության վարած արտաքին քաղաքականությունը։

Մենք պետք է ակտիվ համագործակցենք մեր թշնամու թշնամիների հետ, իսկ ՀՀ Կառավարությունն արտաքին ճակատում սխալ քաղաքականություն է վարում, որի հետևանքով մեզ հեռացրին մեր միակ դաշնակցից՝ Ռուսաստանից։ Ո՛չ եվրոպացին, ո՛չ ամերիկացին․ բոլորը դիտորդներ են արևմուտքում, որոնք իրենց շահերն են բռնում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը ՆԱՏՕ-ի փաստացի արբանյակներն են։ Թուրքիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի բլոգի անդամ է։ Ադրբեջանն էլ անդամ կդառնա, երբ որ Արցախի հարցը իր օգտին, իր շահերին ներդաշնակ լուծվի։ Ադրբեջանը ռուսի հետ սիրախաղեր տալու խնդիր չունի, միանգամից կանցնի ՆԱՏՕ-ի բլոգի մեջ։ Իսկ այն փաստը, որ մինչև օրս ոտքը կախ է գցել, պայմանավորված էր նրանով, որ կարողանար հայ ազգին հրահրել ռուսների դեմ, ռուս ազգին՝ հայի դեմ, և արցախի խնդիրը լուծեր սեփական շահերի օգտին։ Այս ամենը միանգամից տեղի չունեցավ, այլ աստիճանաբար պլանավորվեց․ ուժեր բանեցվեցին, ռեսուրսներ կենտրոնացվեցին՝ Հայաստանի քաղաքական դաշտին և ժողովրդին պետական մտածելակերպից զրկելու համար։ Սա շատ մեծ խաղ է, որը թուրքերը խաղացին և հասան հաջողության։

Պարոն Թամազյան, իսկ ի՞նչն էր պատճառը, որ մենք 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողության չհասանք։

Ես ինքս 44-օրյա պատերազմի մասնակից եմ, կռվել եմ Աղդամում և 1 սմ հող չենք հանձնել թշնամուն՝ զինված լինելով 80-ականների զենքերով։ Իսկ ինչ վերաբերում է հաջողության չհասնելուն, մենք հաջողության չհասանք, քանի որ մեր Կառավարությունը նպատակասլաց չէր, և ամբողջ ազգին չմոբիլիզացրեց, տնտեսությունը չռազմականացրեց։ Իսկ առհասարակ, պատերազմներում առաջնայինը պետական մտածելակերպն է, ռազմահայրենասիրական ոգին է, որը կար, բայց միևնույն ժամանակ, պետք էր մասայական զորահավաք անել, տնտեսությունը ռազմականացնել, բնագծերը շատացնել, որ թշնամին առաջխաղացում չունենա։ Պատերազմը պետք է վարել և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ կազմակերպչական բարձր մակարդակով։ Ամբողջ ազգը պետք է ինտեգրվեր պայքարի մեջ, բոլոր ռեսուրսները պետք է կենտրոնացվեին, բոլոր զենքերը պետք է օգտագործվեին թուրքի գլխին։ Պատերազմի ժամանակ չպետք է գժտվել դաշնակիցների հետ։ Եթե գժտվում ես դաշնակցիդ հետ, դրանից շահում է քո թշնամին, որի անունը թուրք է՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ։

Իսկ ի՞նչ եք մտածում վարչապետի և իշխանանան թևից հնչեցվող այն մտքերին, որ պետք է դուրս գալ շրջափակումից, պետք է սահմանները բացել թուրքի հետ բարեկամություն անել։

Բնականաբար, ես այդ ամենին կատեգորիկ դեմ եմ։ Մի կողմ դրած իմ հասարակական գործունեությունը՝ ես առաջին հերթին հայ եմ ու չեմ կարող բարեկամություն անել հայի դարավոր թշնամի հանդիսացող թուրքի հետ։ Իսկ Փաշինյանը ինձ համար նորություն չէ։ Նա եղել և մնում է ՀՀՇ-ի աշակերտը։ Թուրքը մեր պապենական հողերի վրա նստած երկիր է կառուցել։ Թուրքիա և Ադրբեջան իրականում չկա, դա մեր պատմական Հայաստանն է։ Եթե մենք ուժեղ լինենք, մեր արժեքների համար կռվենք, կունենանք նաև դաշնակիցներ։

Դուք մտածո՞ւմ եք ,որ Հայաստանը միայնակ կարող է կռվել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ և իզորո՞ւ է ինչ-որ բան փոխել։

Միանշանակ իզորու է, ինչի՞ մասին է խոսքը։ 1918թ-ին, երբ մենք կայացած պետականություն չունեինք, բայց Սարդարապատի ճակատամարտ տվեցինք, թուրքին հաղթեցինք ու մուտքը կասեցրինք, հայրենիքը վերջնական կործանումից փրկեցինք։ Ինչպե՞ս կարող է պատահել՝ հիմա չկարողանանք, երբ գոնե քչից֊շատից պետականություն ունենք և կարող ենք, անկախ նրանից, որ պետությունը ոչ պետական այրեր են ղեկավարում՝ իրենց մասնավոր մտածելակերպով։ Դա հեշտությամբ կարող է փոխվել՝ բավական է ազգը համախմբի նոր կառավարություն  ձևավորի ազգային մտածելակերպով։ Իսկ մեր պարագայում լրիվ այլ բան տեղի ունեցավ։ Մենք ինչ֊որ գլոբալիստների ծափահարեցինք, բերեցինք իշխանության և մեր պետականության դարպասները բոլոր ոլորտներում բացել տվեցինք թուրքի առաջ։ Չեմ կարող ասել՝ միտումնավոր էր դա, թե առանց միտումի, բայց դրանից օգտվեց Թուրքիան։ Մի սխալը կարելի է մեկ անգամ անել, բայց եթե դա ունի շարունակական բնույթ, նշանակում է՝ դրանում կա միտում։ Իսկ այդ միտումից օգտվում են Թուրքիան և փոքր թուրքը, որը կոչվում է Ադրբեջան։

Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ մեր ժողովուրդը չի միախմբվում, դառնում մի բռունցք։ Ի՞նչն է խանգարում ժողովրդին անել դա։

Ժողովրդին խանգարում է վերջին 30 տարվա մասնավոր մտածելակերպը, և այն, որ կապիտալիզմի օրոք մարդիկ դարձել են մեծ և փոքր սեփականատերեր։ Այսինքն՝ էգոիզմը խանգարում է։ Եսասիրությունը միշտ էլ խանգարել է պետական-ազգային մտածելակերպին։ Արտաքին թշնամու նման փողապաշտներին և վախկոտներին է կարողանում կաշառել, դարձնել իր քաղաքական ուժը, բերել իշխանության և այդ իշխանության միջոցով պետական դարպասները բացել իր առաջ։ Այսօր մարդիկ ավելի շատ մտածում են իրենց գրպանի, քան հայրենիքի մասին, չգիտակցելով, որ եթե հայրենիք չկա, քո այդ մասնավորն էլ է ոչնչանալու։ Անկախ նրանից՝ մենք սիրում ենք այս կառավարությանը, թե ոչ, մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր հայրենիքին, մեր երկրին, մեր ազգային արժեքներին։ Եվ չպետք է ընդունենք այն ուժերին, որոնք Արցախը պատկերացնում են Ադրբեջանի կազմում, կամ Հայաստանը պատկերացնում են թուրքական գաղութի կարգավիճակում։ Թուրքի հետ պայքարը մի դեպքում կարող է վերանալ, երբ կա՛մ իրենց զորքը մտնի Երևան, կա՛մ մեր զորքը՝ Բաքու, իսկ հետո՝ Ստամբուլ։ Եթե կառավարության անդամին հարց է տրվում Շուշին հայկական է, թե ոչ, իսկ նա վախենում է պատասխանել, նշանակում է՝ մեր երկրում ոչ ոք իր տեղում չի։ Մեր երկրի պարագայում լրիվ այլ է։ Մեր պատերազմող երկրի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում է մի մարդ, ով զինվորական չէ, ինչ գործ ունի նա այնտեղ։ Հայաստանը փորձադաշտ չէ։ Չէ՞ որ հայ ազգի ճակատագիրն է այսօր վճռվում։ Մեր ՊՆ նախարարն առհասարակ գաղափար չունի, թե ինչ է պատերազմը։ Կառավարման արվեստը այն է, որ այդ պաշտոնին պետք է փառավոր անցյալով զինվորական։ Այդ պաշտոնին պետք է այնպիսի մարդ լինի, որի կենսագրությունը կարդաս և հիանաս, որպեսզի ժողուվուրդը նրան վստահի։

Լիլիթ Հարությունյան

Նյութի աղբյուր oragir.news

 


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։