Կամիլ Պիսսարո
Կամիլ Ժակոբ Պիսսարո (ֆր.՝ Jacob Camille Pissarro) (հուլիսի 10, 1830[1][2][3][…], Շարլոտե Ամալիե, Saint Thomas, Danish West Indies[4][5] — նոյեմբերի 13, 1903[1][6][7][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամիլ Պիսսարոն ծնվել է 1830 թվականի հուլիսի 10-ին Վեստ Ինդիայի Սենտ Թոմաս կղզում, ազգությամբ հրեա-սաֆարդ Աբրահամ Պիսսարոյի և Ռաշել Մանսանո-Պոմիեի բուրժուական ընտանիքում։ Մինչև 12 տարեկանը Կամիլ Պիսսարոն ապրել է Վեստ Ինդիայում։ 25 տարեկանում Պիսսարոն ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Փարիզ։ Նա դպրոցն ավատրելուց հետո վերադառնում է Սենտ Թոմաս և Վենեսուելա, որտեղ Կարակասում իր ընկերոջ՝ Մելբուի հետ յուրացնում է գեղանկարչական արվեստի նրբությունները։
1855 թվականին Պիսսարոն վերջնականապես վերադառնում է Փարիզ։ 1855—1861 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում և Սուիսի ակադեմիայում։ Այդ տարիներին նրա ուսուցիչներն են եղել Կամիլ Կորոն, Գյուստավ Կուրբեն և Շառլ-Ֆրանսուա Դոբանին։ Պիսսարոն մասնավոր դասեր է վերցրել Իսադոր Դանիանի մոտ, կրել է Ջոն Կոնստեբլի, Կամիլ Կորոյի, Ժան Ֆրանսուա Միլլեի ազդեցությունը։ Այս ժամանակաշրջանում նրա աշխատանքներում գերակշռում են գյուղական թեմատիկան և փարիզյան տեսարանները։ 1870-1871 թվականներին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Պիսսարոն տեղափոխվում է Լոնդոն։ Այդ ընթացքում Պիսսարոյի նկարները ոչնչացվում են փարիզյան իր տանը բնակվող գերմանացի զինվորների կողմից։ Այդ հավաքածուից պահպանվել է միան 40 նկար։
Լինելով անարխիստական գաղափարների կողմնակից՝ Պիսսարոն պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի և Բելգիայի անարխիստական հրատարակչատներին։ Սակայն նրա քաղաքական անարխիստական հայացքները չեն արտահայտվում նրա արվեստում, անարխիզմը մեծ ազդեցություն չի թողել նաև նրա գործունեության վրա։ Պիսսարոն իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ժամանակ առ ժամանակ աջակցել է հորը կոմերցիոն գործարքներում։
Իր իսկ կողմից մշակած յուրահատուկ ոճով և մոտեցումներով Պիսսարոն մեծ ազդեցություն է ունեցել իմպրեսիոնիստական գեղանկարչության վրա։ Պիսսարոյի մտերիմ ընկերներն են եղել Դեգան, Սեզանն ու Գոգենը։ Նա միակ իմպրեսիոնիստն է, որ մասնակցել է իմպրեսիոնիստների 8 ցուցահանդեսներին։
Դեռ ակադեմիայում սովորելու տարիներին սկսվում է նկարչի սիրավեպը իր ծնողների սպասուհու՝ Ժյուլի Վալլեյի հետ։ Սակայն երիտասարդները դարձան օրինական ամուսիններ միայն 10 տարի անց։ Պիսսարոյի և Ժուլիի 8 զավակներից Ժորժն ու Լուսիենը դարձան հայտնի գեղանկարիչներ։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչության մեջ Պիսսարոն իր առաջին քայլերը կատարել է որպես Կամիլ Կորոյի աշակերտ։ Նկարիչն իր վաղ շրջանի նկարներում առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում օդում լուսավորված իրերի պատկերմանը։ Լույսն ու օդը հետագայում դարձան առաջնային թեմա նկարչի արվեստում։
Կորոյի ազդեցությունը Պիսսարոյի արվեստում ժամանակի ընթացքում նվազում է և նկարչի մոտ ձևավորվում է իր անհատական ոճն ու մոտեցումները։ Սկսած 1866 թվականին Պիսսարոյի ներկապնակը դառնում է ավելի եթերային։ Այս շրջանում նկարչի նկարներում գերակշռում է արևային լույսով լուսավորված տարածական թեմատիկան, և այլևս չեն արտահայտվում Պիսսարոյին բնորոշ գունային նեյտրալ երանգները։
Պիսսարոն 1890 թվականին ծանոթանում է Ժորժ-Պիեռ Սեռայի և սկսում է նկարել պուանտիլիզմի տեխնիկայով, սակայն այս աշխատանքները վաճառքում հաջողություն չունեցան և Պիսսարոն վերադարձավ իր առաջվա ոճին։
Չնայած կյանքի վերջին տարիներին տեսողության հետ ունեցած խնդիրներին, Պիսսարոն շարունակում էր աշխատել ստեղծելով փարիզյան տեսարանների շարքը՝ համակված հիասքանչ գեղարվեստական էմոցիաներով։ Շարքի յուրահատկությունն այն է, որ նկարները նկարված են ոչ թե Փարիզի փողոցներում, այլ հյուրանոցային համարների պատուհաններից բացվող տեսարաններն են։ Շարքը դարձավ իմպրեսիոնիզմի գլուխգործոցներից մեկը հատկապես լույսի, մթնոլորտային էֆֆեկտների փոխանցման և իր հանրահայտ այլ սիմվոլներով։
Իր ստեղծագործություններում Պիսսարոն բացահայտել է բնության, մարդու, երևույթների ներքին հմայքն ու բանաստեղծականությունը։ Ի տարբերություն իմպրեսիոնիստների մեծամասնության ձգտել է առավել ավարտուն և պարզ կոմպոզիցիաների։ 1880-ական թվականների երկրորդ կեսին կրել է նեոիմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Ստեղծել է նաև գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ, վիմագրություններ, օֆորտներ։ Մեծ դեր է կատարել իմպրեսիոնիստների միավորում ստեղծելու գործում։
Կամիլ Պիսսարոն մահացել է 1903 թվականի նոյեմբերի 13-ին՝ Փարիզում, 73 տարեկան հասակում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հավրի ներքին նավամատույցը, 1902,
Հավր, Անդրե Մորուայի ժամանակակից արվեստի թանգարան. -
Լոցմանների կառանացից Հավրում, 1903,
Հավր, Անդրե Մորուայի ժամանակակից արվեստի թանգարան. -
‘Լուվեսիենի շագանակները, vers 1870,
Փարիզ, Օրսե թանգարան. -
Մուտք դեպի գյուղ Վուազեն, 1872,
Փարիզ, Օրսե թանգարան. -
Սայլակով գեղջկուհին, 1874
. Ստոկհոլմ, Շվեդիայի ազգային թանգարան. -
Կարմիր կտուրները ձմռանը գյուղի անկյունում, 1877
. Փարիզ, Օրսե թանգարան. -
Բերք, 1882,
Տոկիո, Գեղանկարչության թանգարան, Բրիջսթաուն. -
Հովվուհի, 1886,
Նորման (Օքլահոմա), Ֆրեդ Ջոնս կրտսերի արվեստների թանգարան. -
Մոնմարտրի խճուղին գարնանը, 1897,
Երուսաղեմ, Իսրայելի թանգարան. -
Էպեսերի փողոց, Ռուանա, 1898,
Նորման (Օքլահոմա), Ֆրեդ Ջոնս կրտսերի արվեստների թանգարան.