● Մեկնաբանություն

11.09.2021●12:55

նյութի աղբյուր՝7or.am


Հայ-թուրքական բանավեճ․ Արա Պապյանի թուրքամետ ժուլիկությունը (տեսանյութ)

Հայ-թուրքական բանավեճ․ Արա Պապյանի թուրքամետ ժուլիկությունը (տեսանյութ)Հայաստանում թուրքական 5–րդ շարասյուն կա։ Այդ շարասյունը գործում է տեղեկատվաքարոզչական դաշտում։

Երբ 1998–ին պարտվեց քիրվայական կուսակցությունը, թուրքական շրջանակները սկսեցին լրջորեն աշխատել Հայաստանի ներսում տեղեկատվական ու գաղափարական դիվերսիաներ կազմակերպելու, հայկական պետականության իմունիտետը քայքայելու և, ի վերջո, Արցախյան 1–ին պատերազմի արդյունքները վերանայելու համար։

Թուրքական 5–րդ շարասյան միջոցով շրջանառության մեջ դրվեցին հետևյալ հիմնական կոդերը՝

–հայկական բանակը ոչ թե հաղթանակ տարած, այլ թալանչիական կառույց է,

–Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղավոր է Ռուսաստանը և պետք է հրաժարվել հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններից, հեռացնել Գյումրիում գտնվող ռազմաբազան, ապավինել Արևմուտքին (ի դեպ, հակառուսական գիծ տանելու հարցում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի ու ԱՄՆ–ի շահերը 100 տոկոսով համընկնում են),

–Ղարաբաղի խնդիրը խանգարում է Հայաստանի զարգացմանը և հետևաբար ինչքան շուտ պրծնենք այդ խնդրից (իմա՝ Ղարաբաղը թողնենք Ադրբեջանին), այնքան շուտ լավ կապրենք սրա ենթակոդը հայաստանցի–ղարաբաղցի հակասության քարոզն է։

2018–ի իշխանափոխությունից հետո այս կոդերի կրողները գերակտիվացան, քանզի նրանց մի մասը դարձավ իշխանություն, իսկ մյուս մասի առաջ իշխանությունը կանաչ լույս վառեց։ Թուրքական 5–րդ շարասյունը 2018–ից հետո սկսեց ազատորեն, լկտիաբար ու բացահայտ գործել։ Արմանբաբաջանյաններից մինչև արապապյաններ, արամզավենիչներից մինչև լևոնշիրինյաններ լցրեցին իրենցով եթերներն ու հանրային հարթակները։ Սրանք արտաքուստ թաքնվում են արևմտամետի քողի տակ, բայց իրականում թուրքական քաղաքականությունն են առաջ մղում։

Թուրքական 5–րդ շարասյան երկու թևերը

Թուրքական 5–րդ շարասյունը երկու թև ունի։ Մի մասը ներկայանում է որպես անկեղծ քիրվայամետ, խոսում զիջումների անհրաժեշտությունից ու Թուրքիայի տակ պառկելու դրական կողմերից։ Մյուս մասը ներկայանում է որպես ծովից ծով Հայաստանի կողմնակից, Քուր–Արաքսյան հանրապետություն է հիմնում, Սևրի դաշնագրի քարոզ տանում, Վուդրո Վիլսոնի սրբադասում իրականացնում, բայց ծառայում է նույն նպատակին, ինչ քիրվայամետները։

Թուրքական 5–րդ շարասյան հիմնական ֆունկցիան հակառուսական քարոզ տանելն է։

Արցախի վերջնական ոչնչացումը 44–օրյա պատերազմի արդյունքում թույլ չտվեց Մոսկվան։ Հայաստանի վերացումը թույլ չտալը նույնպես ռուսական գործոնի շնորհիվ է։ Թուրք–ադրբեջանական էքսպանսիայի խոչընդոտը ՌԴ–ն է։ Ահա այդ խոչընդոտը վերացնելու համար էլ տարատեսակ գործակալներին ակտիվացնում են։ Սրանց թույլատրված է անգամ ծովից ծով Հայաստան քարոզել, Թուրքիայից հողեր պահանջել, միայն թե դա զուգորդվի հակառուսական ագրեսիվ քարոզի հետ։ Բայց որպեսզի ոչխար լսարանին արապապյանները, տիգրանխզմալյանները մի բանով գայթակղեն, ասում են, թե բա ՆԱՏՕ–ն, ԱՄՆ–ը կամ Ֆրանսիան կգան ու կփրկեն Հայաստանը։

Ինչպես Ավետիք Իշխանյանի հարցը բացահայտեց թուրքամետի բուն էությունը

Օրերս բանավեճ տեղի ունեցավ 5–րդ ալիքի եթերում։ Բանավիճում էին հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և «ծռիստ» (այժմ՝ «բևեռիստ») Արա Պապյանը։ Դա հայ–թուրքական բանավեճ էր։ Իշխանյանի տեսակետն այն էր, որ պետք է ուժեղ բանակ ու պետություն ունենալ, արժանապատվորեն դաշնակցել ՌԴ–ի հետ, քանզի դրա այլընտրանքը Թուրքիայի ոտատակ ընկնելն է։

Արա Պապյանը, ինչպես միշտ և ինչպես իր մյուս թիմակիցները, բոցաշունչ ռազմահայրենասիրական ելույթ էր ունենում՝ առաջ տանելով թուրքամետ այն գիծը, որ Հայաստանի բոլոր խնդիրների պատճառը Ռուսաստանն է և պետք է տարանջատվել Ռուսաստանից։

Պապյանն այնքան հեռու գնաց, որ հայտարարեց, թե բա 44–օրյա պատերազմը ռուսներն են հրահել ու դա Թուրքիայի հետ իրականացրած ծրագիր էր Հայաստանի դեմ։ Իհարկե, Պապյանը չբացատրեց, թե ո՞րն է ՌԴ շահը՝ Թուրքիային թողնել մտնել իր ազդեցության գոտի ու թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի վրա։

Արապապյանների համար փաստարկները կարևոր չեն։ Որպես թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ իրենք թութակի նման կրկնում են հակառուսական թեզերն ու աշխատում ոչխար զանգվածի վրա՝ դա անելով անարգել, քանզի իշխանության ղեկին Թուրքիայից դրական ազդակներ ստացող ու Ադրբեջանից խաղաղություն մուրացող Նիկոլն է։

Ուշագրավն այն է, որ Արա Պապյանն ու «ծռիստները» 2016–ին «ռազմահայրենասիրաբար» գրոհեցին ՊՊԾ գնդի վրա, ոստիկանների սպանեցին, թե բա տապալում ենք Լավրովի պլանը և չենք թողնում, որ Արցախի հողերը հանձնվեն, բայց ծպտուն չհանեցին ու որևէ հականիկոլական քայլ չարեցին, երբ 44–օրյա պատերազմն ավարտվեց թրքահաճո և ադրբեջանահաճո տարբերակով։

Արցախի 75 տոկոսը, այդ թվում՝ Շուշին հանձնվեց, փոքրանում են Հայաստանի սահմանները, բայց «ծռիստները» օլիմպիական հանդարտություն են դրսևորում ու պահանջում ․․․ Պուտինի ու Ռուսաստանի հրաժարականը։ Մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում Արա Պապյանն ու իր թիմակիցները պետք է շնորհակալագիր ուղարկեն Էրդողանին։

Քուր–Արաքսյան հանրապետություն քարոզող սեֆիլյաններին, պապյաններին, վարուժանավետիսյաններին 44–օրյա պատերազմի ընթացքում որևէ մեկը չտեսավ ռազմի դաշտում (իրենք «կռվում» էին՝ ֆեյսբուքներում հայտարարություններ տարածելով ու «պիկապներ» հավաքելով ու այդպես էլ չհասան մարտադաշտ), բայց սրանք շարունակում են փրփուրը բերաններին հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։

Այն, որ Արա Պապյանին ու իր ընկերներին լրիվ այլ բան է հետաքրքրում և իրենց համար «ռազմահայրենասիրությունը» հակառուսական ու թուրքամետ բիզնեսը թաքցնելու միջոց է, բացահայտեց Ավետիք Իշխանյանն իր պարզ հարցով (տե՛ս կից տեսանյութը)։

–Ձեր որդին ծառայե՞լ է հայկական բանակում,–հարցրեց Իշխանյանը Վիլսոնի քարտեզի «վկա» Արա Պապյանին։

Այդ հարցը հունից հանեց Արային․ «քաղաքական գրպանահատը» բռնվեց «հանցանքի վայրում»։ Նա ակամայից անկեղծացավ ու հայտարարեց, թե բա ինչո՞ւ պետք է իմ որդիները արտերկրից գան ծառայեն այստեղ։

Փաստորեն, ստացվում է, որ Արա Պապյանը պահանջում է ծովից ծով Հայաստան (ինչը ենթադրում է պատերազմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և հետևաբար՝ զոհեր), առաջ է քաշում պահանջատիրություն, Արցախը համարում է Հայաստանի մարզ, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, բայց միաժամանակ համարում է, որ դրսում ծնված ու մեծացած իր որդիները չպետք է ծառայեն հայկական բանակում։ Ասել է թե՝ հո հարի՞ֆ չեն։ Մարդը գնացել է Կանադայում դեսպան աշխատել, հետո թռել է Հայաստանից, որդիներին դարձրել օտար երկրի քաղաքացի, իսկ ինքը եկել է Հայաստան ռազմահայրենասիրություն է քարոզում, թուրքամետ գաստրոլներ տանում, Հայաստանի կործանման վրա փող աշխատում, որ վերջում հենց Հայաստանը փլուզվի, ինքը թռնի։

Արա Պապյանն ու թուրքական 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչները հայ ժողովրդին դիտարկում են որպես մատաղացու ոչխար Արևմուտքի (իրականում՝ Թուրքիայի) հակառուսական ծրագրերի համար, կոչ են անում հայորդիներին զոհվել հանուն ոչնչի։ Ու քանի դեռ սրանք ազատորեն անում են իրենց գործը, Հայաստանի գոյությունը վտանգված է։

Կորյուն Մանուկյան


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։