● Մեկնաբանություն

05.07.2023●20:25


Արևմտամետիստների թուրք-ամերիկյան ծրագիրը

Արևմտամետիստների թուրք-ամերիկյան ծրագիրըՈւղիղ երկու օր է, ինչ ապարդյուն սպասում ենք այսպես կոչված «արևմտամետների», եթե կուզեք՝ արևմտամետիստների բուռն արձագանքներին այն խայտառակագույն ու խորաապես հայատյաց հայտարարությունների առնչությամբ, որ արել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:

Հիշեցնենք, ԱՄՆ դեսպանուհին գործնականում հայտարարել է (Փաշինյանին երկրորդելով, փաստորեն), որ Արցախը ադրբեջանական տարածք է: Ավելին, Փաշինյանի անձնական քարոզչամիջոցի վերածված այսպես կոչված «Հ1»-ին տված հարցազրույցում Քրիստինա Քուինը նշել է, որ իրենք հավատում են, որ Ադրբեջանի կազմում հնարավոր կլինի ապահովել այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, ԱՄՆ-ը կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը և խրախուսում է բոլոր կողմերին» և այլն և այդպես շարունակ, բլա-բլա-բլա:

Գործնականում ԱՄՆ դեսպանուհին բացեիբաց հաստատել է այն, ինչը հայտնի էր շատերիս, թեպետ ոմանք միտումնավոր կամ ինչ-ինչ ընկալումային պակասությունների պատճառով, բոլորովին այլ բաներ էին հայտարարում ու համոզում այլոց: Իսկ հայտնին այն է, որ Հայաստանում իշխանափոխության միջոցով Հայաստանը թուլացնելու, Հայաստանի ու Արցախի պաշտպանունակությունը խարխլելու, Արդբեջանին ու Թուրքիային հարձակման նախապատրաստելու, Արցախի հայությանը կոտորելու և ցեղասպանության սպառնալիքի տակ դնելու սատանայական ծրագրի իրական սցենարիստը, ճարտարապետը, տիկնիկավարը հենց Միացյալ Նահանգներն են: Ամենաժպտադեմը ներկայացող ամենից արյունարբու եղանակներով գործող պետությունը: Պատմության ընթացքում միակ տերությունը, ի դեպ, որ խաղաղ բնակչության դեմ ատոմային ռումբեր է գործածել (բայց դե ո՞վ է հիմա դրա մասին հիշում, չէ՞) :

Բայց այս հրապարակման մեջ մեզ հետաքրքրող հարցը ամենևին էլ ԱՄՆ չէ՛, որի համար կերևոր չեն ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ մարդկանց իրավունքները, այլ կարևոր են բացառապես ու մի՛միայն իր շահերը: Եթե «իրենց մարդն» է, ապա ամենից կեղտոտ ու արյունարբու բռնակալին էլ կպատվեն: Նորություն չէ: Իրենք իրենց շահն ունեն ու դժվար է մեկ այլ պետության մեղադրել սեփական շահն առաջ տանելու համար:

Մեզ հետաքրքրողներն այսպես կոչված հայրենի արևմտամետիստներն են: Հասկանո՞ւմ եք, եթե հանկարծ, օրինակի համար, նույն բաները կամ ԱՄՆ դեսպանի ասածի կեսի կեսը ասեին, օրինակ, Հայաստանում Ռուսաստանի, Իրանի կամ Չինաստանի դեսպանները, ապա հիմա մի այնպիսի՜ վայնասուն բարձրացրած կլինեին զանազան արևմտամետիստներ՝ Արամ Զ. Սարգսյանից սկսած, Սաքունցով շարունակած, «ծռերով» ու «բևեռներով» լրացրած, Տիգրան Խզմալյանն ու Շիրինյանն էլ ձեզ փեշքեշ, որ էլ ասելու չէ:

Իսկ հիմա լուռ են: Մի հոլիվուդյան ֆիլմ կա չէ՞, «Գառնուկների լռությունը»: Ու լռում են: Ծպտունները չի լսվում: Մինչդեռ այդ արևմտամետիստական շրջանակները, որոնք (կասկածող լիներ) Նիկոլ Փաշինյանին ավելի ուժեղ են սատարում, քան նույնիսկ ՔՊ վարչության անդամները, ահա այդ շրջանակները զահլահան են արել իրենց դարակազմիկ վերլուծություններով, թե Արցախի դեմ կատարվածն ու Հայաստանի գլխին բերված աղետը «թուրք-ռուսական ծրագիր է»: Ինչ-որ երևակայական ծրագիր: Իսկ կյանքն ու ԱՄՆ դեսպանուհին մատնում են, որ իրականում սա «թուրք-ամերիկյան» ծրագիր է, որ այդքան տարփողված ու նաև՝ ֆինանսավորված՝ «Հայաստանի շեղումը դեպի Արևմուտք» ծրագրի բուն բովանդակությունը, իմաստն ու նպատակը Արցախի հայությանը բնաջնջելն է, Հայաստանի պետականությունը վերացնելը և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելը: Լավագույն դեպքում Հայաստանին սպառնում է մի 5 հազար քառակուսի կիլոմետրի վրա էթնոգրաֆիկ թանգարան-ռեզերվացիայի վերածվելու հեռանկարը, բայց մուտքի տոմսերը թուրքերն են վաճառելու, հասկանալի է՝ հասույթն էլ իրենց վերցնելով:

Հա, ու չկարծեք, թե այսպես կոչված արևմտամետիստները, ինչպես Երևանի խոսակցականով կասեին, «մանթոյից» են լռում: Ամենևին: Իրենք հրաշալի գիտեին, որ սպասարկում են արտաքուստ՝ արևմտյան (ամերիկյան), բայց իրականում՝ հենց թուրքական շահեր ու ծրագրեր: Իրենք այդ թուրք-ամերիկյան ծրագրի բաղկացուցիչ ու կարևոր մասն էին՝ որպես գործիք: Ժամանակին ասում էին, թե , իբր, ՊՊԾ գնդի վրա հարձակվել են, որ Լավրովի պլանը խափանեն: Բա հիմա Վաշինգտոնի պլանն իրեն դո՞ւր է գալիս, որ լուռ են: Դատելով ամենից՝ լռության հրահանգ են ստացել տերերից:

Այնպես որ, ԱՄՆ դեսպանուհու ասածի առթիվ պիտի լռեին, բա ի՞նչ պիտի անեին, ի վերջո, հո չէի՞ն թքելու այն ձեռքի վրա, որից կերակրվում են:

Արթուր Խայթ

Նյութի աղբյուր՝  7or.am


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։