Ռաֆայել Իսրայելյան
Ռաֆայել Իսրայելյան (սեպտեմբերի 4 (17), 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն — սեպտեմբերի 8, 1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, «Սարդարապատի հերոսամարտ» հուշահամալիրի հեղինակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։
Ռաֆայել Իսրայելյանը 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։ 1926—1928 թվականներին սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ[2]։
1929—1932 թվականներին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող։
1932—1934 թվականներին սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և 1934 թվականին ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։
1934 թվանին ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։
1936 թվականին տեղափոխվել է Երևան։
1936—1941 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թվականից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։
1941—1943 թվականներին աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։ 1941—1963 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝ դոցենտ։
1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։
Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։
1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։
1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։
1949—1951 թվականներին աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։
1950 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1950 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1951 թվականին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։
1951—1973 թվականներին աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։
1952 թվականին Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
1961 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1968 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։
1969 թվականին կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։
1973 թվականի սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։
Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արարատ» տրեստի գինու մառանները (Գ. Քոչարի համահեղինակությամբ)
- «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը» Արմավիրի մարզ
- «Չարենցի կամար» հուշակոթողը Երևան—Գառնի մայրուղի
- «Հաղթանակ» զբոսայգու մուտքի հաղթակամարը՝ Ազատության պ.
- Հաղթանակի հուշարձան-թանգարանը «Հաղթանակ» զբոսայգի
- 1918 թ Ապարանի հերոսամարտի հուշահամալիրը՝ Ապարան
- «Մուսա-լեռան հերոսական ճակատամարտը հուշարձանը» գ. Մուսալեռ
- «1920 թ Հաճընի հերոսամարտը հուշարձանը» ՝ Նոր Հաճըն
- Ջրանցույց Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետի վրայի ջրանցույցն
- Հուշարձան II Համաշխարհային պատերազմում զոհված Կարբի գյուղի բնակիչներին՝ գ. Կարբի
- Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը՝ Արմավիրի մարզ
- Ֆիզիկայի ինստիտուտի լաբորատոր մասնաշենքը՝ Բյուրականի շրջակայքում
- «Խերես» գինու գործարանը՝ գ. Օշական
- Բնակելի շենք՝ Բագրատունյաց պ.
- Սեփական մենատունը՝ Սարյան փ. 9
- Նկարիչների միության շենքը՝ Շառլ Ազնավուրի հրապարակ
- Աղբյուր-հուշարձան՝ նվեր Իտալիայի Կարարա քույր-քաղաքին՝ Տերյան—Իսահակյան փողոցների խաչմերուկ (զբոսայգում)
- «Առյուծ» կոթող-ցուցանակը՝ Կոտայքի մարզ, դեպի Գեղարդ տանող ճանապարհին
- «Արծիվ-շինարար» կոթող-ցուցանակը՝ Երևանի հարավային մուտքի մոտ
- «Վահագն վիշապաքաղ» կոթող-ցուցանակը՝ Երևանի հյուսիսային մուտքի մոտ
- Տուֆե նստարան Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում՝ Զարոբյան փ. 20