Փաշինյանը հետևողականորեն Ռուսաստանին դարձնում է թշնամի, իսկ հետևանքները զգալու է Հայաստանի ողջ բնակչությունն իր մաշկի վրա

Նյութի աղբյուր՝zham.am

Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել էր, որ ԵՄ-ն ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական դիտորդներ ուղարկի հայ-ադրբեջանական սահման: Հենց դրա համար, Մակրոնը Փաշինյանի առաջարկը անվանեց «խիզախ քայլ»:

Թե ինչ է դա նշանակում, միգուցե չհասկանա Հայաստանի շարքային քաղաքացին, սակայն փորձագետներն ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պետք է որ հասկանան, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար:

Հասկանալի է, որ զինված դիտորդների գաղափարին դեմ էին լինելու ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը: Այսինքն այն երկրները, որոնք այսօր զսպում են թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը:

Այն, որ ԵՄ-ն ուղարկում է բացառապես քաղաքացիական դիտորդներ, միայն այն պատճառով է, որ զինվորական դիտորդների առաջարկին դեմ է եղել Ադրբեջանը:

Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանն է կանխում Հայաստանի այն ցանկությունը, որին դեմ են Իրանն ու Ռուսաստանը:

Նման հակապետական, հակահայկական արտաքին քաղաքականություն դժվար էր պատկերացնել:

Փաստացի, Փաշինյանն իր քայլերով ամեն կերպ փորձում է համոզել Մոսկվային և Թեհրանին, որ Հայաստանը իրենց համար անվստահելի գործընկեր է:

Պարզ է, որ Փաշինյանի հակապետական բնույթի քաղաքականության համար պատասխանատվություն է կրելու  Հայաստանը: Դրա արդյունքում Ադրբեջանն էլ ավելի է լկտիանում և սահմանին էլ ավելի շատ հայ զինվոր է զոհվում:

Երկրում որդեկորուստ մայրերի քանակն է շատանում, բացառապես մեկ մարդու պատճառով:

Իսկ ո՞րն է նրա նման քաղաքականության իրական պատճառը: Ինչու՞ է նա վարում հետևողականորեն  այդ աստիճանի հակապետական քաղաքականություն: Ի՞նչ օգուտ պիտի տան Հայաստանին այդ քառասուն քաղաքացիական ԵՄ-ի դիտորդները: Պարզապես Թեհրանում և Մոսկվայում կրկին արձանագրելու են, որ Ադրբեջանն իրենց համար ավելի կանխատեսելի երկիր է, քան Հայաստանը:

Քանի՞ անմեղ երեխա պիտի զոհվի սահմանում, որ մարդիկ հասկանան, որ այս ամենի ողբերգության հիմնական աղբյուրը Փաշինյանի կողմից վարած այս քաղաքականությունն է:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ ւ է նա կատարում այդ քայլերը, կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։