Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլին
Թորոս Ռոսլին
|
|
---|---|
|
|
Ծնվել է | 1210/16 |
Վախճանվել է | 1270 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ և նկարազարդող |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | ձեռագրերի նկարազարդում |
Մեկենասներ | Կոնստանդին Ա Բարձրաբերդցի |
Ակտիվ շրջան | XIII դարի 2-րդ կես |
Toros Roslin Վիքիպահեստում |
Թորոս Ռոսլին (1210 – 1270), 13-րդ դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։
Կյանքն ու գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացմանը։ Կաթողիկոսական ձեռագրատանը ձևավորված մանրանկարչության դպրոցը գլխավորն էր մյուս դպրոցների մեջ ու վճռական ազդեցություն ունեցավ կիլիկյան և ոչ միայն կիլիկյան գրքարվեստի հետագա զարգացման վրա։ Հռոմկլան իր ծաղկման բարձրակետին հասավ Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի (1221–1267) օրոք, որի հովվապետությամբ էլ ծավալվում էր Թորոս Ռոսլինի գործունեությունը։
Նկարիչը բարձր համբավ ուներ իր կենդանության օրոք. նա աշխատում էր արքայական ընտանիքի, իշխանների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով, բայց Ռոսլինի անունը չի հանդիպում ժամանակակից հայկական աղբյուրներում, բացի իր գրած հիշատակարաններից։ Դրա պատճառներից մեկը նկարիչների անունները չտալու միջնադարյան տարեգիրների սովորությունն էր․
Նրանք չեն սիրում հաղորդել նույնիսկ խոշոր փաստի մանրամասերը, և այն, ինչ մենք հետաքրքիր ենք համարում հատկապես ականատեսի պատմածում, նրանք համարում են ավելորդաբանություն՝ անարժան լուրջ գրողի գրչին։ Նրանց գործն է հաղորդել փաստը, իսկ ընթերցողի թեթևամիտ հետաքրքրասիրությունը հագեցնել, նրան զբաղեցնել աշխարհիկ իրադարձությունների փաստի մանրամասներով՝ ցածր է նրանց արժանապատվությունից[1]։ |
Ռոսլինի ժամանակակից Հովհաննես Երզնկացին հաղորդում է, որ արքայական ընտանիքի անդամները (նկատի ունի Կիլիկիայի թագավորներին) սովորություն ունեին պատվիրել իրենց նկարները տարբեր տարիքներում.
Եւ զոր աւրինակ նկարի պատկեր թագաւորի ի մանկութեանն` զնոյն պահէ զնմանութիւն զգայականն կերպ, նոյնպէս կատարեալ հասակին, և ծերութեանն, և յորժամ թագ առնի, իւրաքանչիւրն զնոյն նմանութիւն պահեն[2]։ |
Էլ ավելի որոշակի է դիմանկարում նմանությունը պահպանելու պահանջը Ներսես Լամբրոնացու «Ատենաբանության» մեջ.
Զորօրինակ թէ ախորժէ ոք գծագրութեամբ դեղոց պատկեր նկարագրել՝ զպէսպէս երանգ՝ դեղոցն ի կիր ածէ. և ջանայ ուշիւ իմաստիցն զնա ի տիպ և ի հասակ և ի ձև կենդանեաց յօրինել, զի հաճելի և ցանկալի որպէս զկենդանի թուեսցի տեսողացն` անկենդանին[3]։ |
Կաթողիկոսական նստավայրի ավերումը 1292 թվականին, որտեղ անցել էր Ռոսլինի կյանքը, և 1375 թվականին Կիլիկյան թագավորության դիվանի կործանումը մայրաքաղաքի գրավման ժամանակ զրկեցին նոր ժամանակի պատմաբաններին, այդ թվում արվեստի պատմաբաններին, ոչ միայն քաղաքական բնույթի մեծարժեք նյութերից, այլև մշակույթի գործիչների հետ կապված վավերագրերից։
Ռոսլինի կենսագրության միակ աղբյուրը դարձան նրա ձեռագրերի հիշատակարանները։ Նկարչի ստորագրությամբ այսօր հայտնի յոթ աշխատանքը արվել են 13 տարում` 1256 թվականից 1268 թվականը ընկած ժամանակահատվածում։ Այդ ձեռագրերի հիշատակարաններում նա իրեն անվանում է Թորոս «մականուն Ռաւսլին կոչեցելոյ», խնդրում է հիշել իր մտերիմներին և ուսուցիչներին։
Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն անցել է Հռոմկլայում և, անշուշտ, այստեղ էլ նա կրթություն է ստացել։ Հիշատակարաններում նկարիչը շնորհակալությամբ է հիշում իր ուսուցիչներին, որոնք պետք է լինեին Հռոմկլայի 1240-1250-ական թվականների խոշորագույն վարպետներ Հովհաննեսը և Կիրակոսը[4]։
Սիրարփի Տեր-Ներսեսյանը Թորոս Ռոսլինին համարում է Հռոմկլայի ձեռագրատան ղեկավար[5]։
Կեղծանուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեթե բոլոր հիշատակարաններում Թորոսն իր անվանը վերագրում է «Ռոսլին» մականունը[6], իսկ 1256 թվականին Ավետարանում նկարիչն ավելացնում է՝ «մականուն Ռաւսլին ստ նախնեաց»։ Այդ մականունը, որի վրա ուշադրություն է հրավիրել Թորոս Ռոսլինի ստեղծագործության առաջին ուսումնասիրող Մ. Տեր-Մովսեսյանը[7], 20-րդ դարի 70–90-ական թվականներին դարձել է մի շարք հեղինակների ուշադրության առարկա, և նրանցից ոմանք սկսել են բազմապիսի ենթադրություններ անել, թե որտեղից կարող էր լինել նման արտասովոր մականունը, և փորձել են զանազան կռահումների հիման վրա հիմնավորել Թորոսի ոչ հայկական ծագումը. ոմանք նրան վերագրել են գերմանական, ոմանք՝ ֆրանսիական, ոմանք էլ՝ նույնիսկ շոտլանդական ծագում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարկոսի ավետարանի սկզբնաթերթը, Զեյթունի Ավետարան, 1256 թ (MS No. 10450)
-
Հովհաննես Մկրտիչ, Մալաթիայի Ավետարան, 1268 (MS No. 10675)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ История монголов по армянским источникам։ СПб.: Пред. К. П. Патканова ко второму выпуску։ 1874։ էջեր IV
- ↑ Խաչիկյան Լևոն (1981)։ Հայ արվեստի պատմության կարևոր սկզբնաղբյուրները, հատոր 4։ Երևան: Հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիում։ էջ 42
- ↑ Սրբո Հօրն մերոյ Ներսէսի Լամբրոնացւոյ արհիեպիսկոսի Տարսոնի կիլիկեցւոյ Ատենաբանութիւն. յամի Տեառն 1737, Վենետիկ, էջ 51։
- ↑ Իր հիշատակարաններից մեկում Ռոսլինը նշում է նրանցից մեկի անունը` «չքնաղագեղ գրիչն Կիւրակոս», տե՛ս Երուսաղեմ, ձեռ. -1956, թ. 342ա («Կեռան թագուհու Ավետարան», 1265 թ.)
- ↑ Der-Nersessian Sirarpi։ Armenian Manuscripts in the Walters Art Gallery։ էջ 51
- ↑ Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր Ա։ Երևան։ 1979։ էջ 586
- ↑ Տեր-Մովսիսյան Մ․ (1913)։ Հայկական մանրանկարներ. Կիլիկյան հայոց թագավորների և Կոստանդին Ա կաթողիկոսի համար գրված ձեռագրեր, գիրք ԻԴ։ «Ազգագրական հանդես»։ էջ 79
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дурново Л. А. Древнеармянская миниатюра. Альбом. Ер., 1952.
- Իրինա Դրամբյան. Թորոս Ռոսլին. Կյանքը ու արվեստը։ Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը 12-13-րդ դդ., Երևան, 1964։
- Дрампян И. Р. Художественные особенности искусства Тороса Рослина // Древнерусское искусство. Рукописная книга. Сб. 3. М., 1983.
- Ղազարյան Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (13-րդ դարի վերջ-14-րդ դարի սկիզբ), Երևան, 1984։
- Sirarpie Der Nersessian, Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Washington D.C.: Dumbarton Oaks Studies, 1993.
- Լևոն Չուգասզյան, Թորոս Ռոսլին։
- Дрампян Ирина, Торос Рослин, Ереван, 2000, 285 стр.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սեբաստիայի Ավետարանը» (1262, ձեռ. թիվ 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ)
- Walters Art Museum Illuminated Manuscripts, T’oros Roslin Gospels, 1262
- T’oros Roslin Gospels, 1262, Walters Manuscript W.539
- T’oros Roslin Gospels, 1262 · The Walters Art Museum · Ms. W.539, 1/472
- T’oros Roslin Gospels, 1262, PDF
Այլ էջեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թորոս Ռոսլին/Toros Roslin. Archived 2006-08-24 at the Wayback Machine.
- Toros Roslin.
- Թորոս Ռոսլին (ShoghakatTVcompany)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 208)։ |