Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամեն անկյունի վրա աչք ունեցող Ադրբեջանը պարբերաբար իր հավակնություններն է ներկայացնում Հայաստանին ու միջազգային հանրությանը: Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել հատկապես 44-օրյա պատերազմից հետո: 2020-ի դեկտեմբերի 10-ին, «Հաղթանակի զորահանդեսին» Ալիևը հայտարարեց, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են: Թեև նմանատիպ  հայտարարություններն ու սպառնալիքներն արդեն սովորական են դարձել, բայց հիմա արդեն սկսել են խոսել Երևանի թաղամասերի մասին, տվյալ դեպքում խոսքը Երևանի Կոնդ թաղամասի մասին է:

Օրերս հայտնի դարձավ, որ Բաքուն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե իբր Հայաստանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում, մեջբերում եմ, «Թեփեբաշի» թաղամասի նկատմամբ։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ թաղամասում եղել է մի քանի հարյուր տուն  և կոթողներ, որոնք որպես  ադրբեջանական մշակութային ժառանգության մաս՝ ոչնչացվել են հայերի կողմից։ Հայ պատմաբանները վստահ են, որ Ադրբեջանը Երևանում «ադրբեջանական պատմական հետք է հորինում», որպեսզի արդարացնեն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հետագայում նախատեսվող ագրեսիան:

Ադրբեջանում պահանջում են ոչ միայն Երևանի Կոնդ թաղամասը, այլ նաև «այլևս իրանական չանվանել Երևանի Կապույտ մզկիթը»։ Ադրբեջանցի վայ պատմաբանները վստահ են, որ «Կապույտ մզկիթն ադրբեջանական է և չի կարող իրանական լինել։ Հիմնավորումն այն է, թե իբր Երևանում 1917թ. «ապրում էր մոտ 100 պարսիկ, իսկ 1831-1920թթ.  Երևանի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ էին»։ Մզկիթը «վերականգնվել» է մի քանի տարի առաջ, կեղծվել պատմությունը, իսկ այժմ հայտնի է՝ որպես «պարսկական մզկիթ»։ Սա կրկնում ենք, ըստ ադրբեջանական թեզերի:

Թեմայի մասին զրուցել ենք ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի և իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։