Եթե սրանք մնան իշխանության՝ համալսարանը 3 տարուց կդադարի գոյություն ունենալ. այդ կինը գիտակցում է, թե ինչ ավերածություններ է գործում. Սերժ Սրապիոնյան10/31/2023   19:56  |  ՔԱՂԱՔԱԿԱՆ

Համալսարանն այսօր շատ հեռու է մեր իմացած համալսարանից, հարմարվողականությունը, տուն պահելու, այսպես կոչված, կեղծ փիլիսոփայությունը շատ մասնագետների խանգարում է, շատ մասնագետներ էլ չեն համարձակվում բարձրաձայնել խնդիրները, որովհետև ոտնահարվում են ոչ միայն համալսարանի, այլև ողջ ժողովրդի ինքնասիրությունը, ինքնագիտակցումը, դրանով նաև նրա գոյության իրավունքը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ արժեհամակարգային փոփոխություններ են մտադիր իրականացնել կրթության նախարարությունում և արդյոք նման մասնագիտական քննարկումներ եղել են։

Գրականագետի փոխանցմամբ՝ իր մասնակցությամբ նման քննարկում չի եղել, բայց նաև համալսարանն այսօր ղեկավարում են պատահական մարդիկ, ովքեր օրենքի բազմաթիվ խախտումներով եկան՝ բազմեցին համալսարանի ղեկավար պաշտոններին ու համասարանի հետ անգամ հեռավոր կապ չունեն։

«Նախկին ռեկտորները այս կամ այն չափով կապված էին համալսարանի հետ, իրենք այնտեղ ձևավորվել էին, այնպես որ համալսարանը նրանց համար հարազատ տուն էր։ Հիմա նման բան չկա, եթե լիներ՝ համալսարանը քանդելու, տեղափոխելու ծրագրեր չէր կազմվի ու դրանք համառորեն առաջ չէր մղվի։ Ես կասկածում եմ, որ եթե սրանք մնան իշխանության՝ համալսարանն առաջիկա 3 տարում կշարունակի գոյություն ունենալ, որովհետև այն ներքին կառուցվածքային փոփոխությունները, որ ծրագրված են իրագործելու, դրանք հենց համալսարանի կործանմանն են միտված»։

Անդրադառնալով նախարար Ժաննա Անդրեասյանին՝ նա նշեց, որ նրա նկատմամբ ունի իր վերապահումները։

«Նա հեռավոր կապ անգամ չունի կրթական համակարգի հետ, գաղափար չունի, թե ինչ է կրթությունը, ինչ է տալիս մարդուն կրթությունը, և ինչպիսին պետք է լինի այն, դրանց բխող բոլոր հետևանքներով; Հետևաբար, նա չի կարող նաև հասկանալ, թե ինչ ասել է՝ ազգային կրթություն։ Աշխարհի բոլոր երկրներն իրենց համալսարանները բարձրացրել են ու դարձրել ուսումնական կենտրոններ՝ հենվելով իրենց ազգային արժեքների վրա։ Այստեղ 5 տարի շարունակ խաչակրաց արշավանք է տեղի ունենում հայոց ազգային արժեքների վրա, լեզուն, գրականությունը, պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը, հայ հոգեբանությունը, բազմաթիվ առարկաներ, որոնք համարվում են հասարակագիտական առարկաներ հալածվում են ու այն դասախոսները, որոնք այդ առարկաներով են զբաղվել իրենց ամբողջ կյանքում՝ հիմա լուսանցքում են։

Այս կինը չի հասկանում, թե ինքն ինչ է ուզում և կամ, որ ավելի ճիշտ է՝ ինքը խորապես հասկանում է, և կատարում է ինչ-ինչ ուժերի հանձնարարականներ։

Եթե աղավաղում ես սեփական պատմությունը և քո երեխային ուղարկում ես սովորելու եվրոպական բուհերում, կամ եվրոպական կրթություն ես ուզում տալ՝ սա վկայում է այն մասին, որ դու շատ լավ գիտակցում ես, թե ինչ ավերածություններ ես գործում՝ ունենալով կրթության ասպարեզում հիմնական լծակները»,- ասել է գրականագետը։

Սրապիոնյանի դիտարկմամբ՝ դպրոցներում հիմա ընտրվել են պատահական տնօրեններ և ուսուցիչներ և գրեթե դասեր չեն արվում։ «Այդ կոլեկտիվները պետության փողերը ստանում են, ժամանակ են մաշում ու երեխաները կարգին կրթություն չեն ստանում, մի «դդմազգի» նախարար ունեինք՝ գտնում էր, որ հայոց լեզուն խանագարում է գիտության զարգացմանը ու հայոց լեզուն դարձրեց կամընտրական դասընթաց, որի շնորհիվ հայոց լեզվի դասաժամերը կրճատվեցին։

Հիմա նույնը վերաբերում է գրականությանը, համառորեն փոխում են դասագրքերը՝ կիսագրագետ, անտեղյակ, առարկան վատ պատկերացնող մարդկանց տալով նոր դասագրքերի կազմումը, որոնք հեռու են դասագիրք կոչվելուց։ Դրանք, ըստ էության, մարդու հոգեբանությունը աղավաղելուն միտված աշխատանքներ են։

«Այդ կինը հայտարարում է, թե ծնողներն իրավունք չունեն խառնվելու դպրոցի դասագրքային և ծրագրային խնդիրրներին, այդ տիկինը կարծում է, թե կրթության ասպարեզն իր հոր կալվածքն է ու ինքը ոնց ուզի, այդ կալվածքի հետ կարող է վերաբերվել։ Նա մոռանում է, որ ինքը վարձատրվում է այդ ծնողների տված հարկերով, որ այդ դպրոցները պահվում են հարկատուների տված հարկերով և այդ հարկատուն, որը վճարում է՝ նաև իրավունք ունի, որ իր երեխային տան այն կրթությունը, որ ենթադրվում է, որ պետք է տան։

Այդ կիսագրագետ կինը դեռ կշարունակի ավերածությունները՝ անբարոյական մտածողությամբ ու հակազգային մոտեցմամբ, և որքան շուտ նրան հեռացնեն այդ պաշտոնից, այնքան լավ, թեև ես չեմ կարծում, որ այս իշխանությունը կհեռացնի նրան, կարծում եմ այդ ամբողջ խունտան պետք է հեռացվի։

Այն ամբողջ ավերածությունները, որ կատարել են այս մարդիկ կրթության ոլորտում իր ամբողջ սարսափներով տեսանելի կդառնան նրանց հեռանալուց հետո։ Տիտանական աշխատանք է պետք այս ամբողջ համակարգը իր նախնական վիճակին բերելու համար»,- արձանագրել է Սերժ Սրապիոնյանը։

Հիշեցնենք, որ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով մասնագիտական համայնքի ու ծնողների մոտ վրդովմունք առաջացրած 7-րդ դասարանի պատմության դասագրքին, որտեղ աղավաղված է ներկայացվում մեր պատմությունը, ՀՀ ԱԺ-ի ամբիոնից հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, թե պետք է համակերպվել այդ աղմուկի հետ, դասագրքում որեւէ սկզբունքային փոփոխություն չի արվելու, քանի որ իրականացնում են արժեաբանական փոփոխություններ։

Աղբյուր` Փաստինֆո


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։