Կրկնակի չափանիշներ

O tempora, o mores!

(Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր)

Սույն հոդվածով ցանկանում եմ համեմատություններ անել «նախկինների» և «հեղափոխականների» ժամանակների նմանատիպ, աղմկահարույց հանցագործությունների, հետևած պատիժների միջև, ինչպես նաև ներկայացնել դրանց  նկատմամբ հասարակության վերաբերմունքի տարբերությունները։

1․ Ըստ ժամանակագրության, սկսենք 2001 թվականին  «Առագաստ» սրճարանում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից ծեծի ենթարկված, ինչի հետևանքով մահացած Պողոս Պողոսյանի դեպքից։ Այս դեպքը մեծ ցնցումներ առաջացրեց հասարակութան մեջ։ Շատերն առաջարկեցին բոյկոտել «Առագաստ» սրճարանը, հաճախակի բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Եվ ընդհանրապես, այս դեպքը հիշվեց և հիշվում է մինչև այսօր։ Աղամալ Հարությունյանը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման՝ անզգույշ սպանություն հոդվածով։

Կարդացեք նաև

2022 թվականին վարչապետ կոչեցյալի շարասյունն անցնելիս՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի կնոջը՝  Սոնա Մնացականյանին։ Սոնա Մնացականյանը փողոցն անցել էր անցումով, կանաչ լույսի տակ, բայց շարասյունը ոչ միայն կանգ չէր առել, այլև վրաերթից հետո նույնպես շարունակել էր արագընթաց ուղին։ Բողոքներ, իհարկե, եղան, բայց ոչ այն աստիճանի, ինչ 2001 թվականին։ Ավելի քան մեկուկես տարի անց, դեռևս դատական վճիռ չկա, իսկ վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն ազատության մեջ է։

2․ 2007 թվականին, Երևանի ոստիկանության շենքում, կասկածելի հանգամանքներում մահացավ Լևոն Գուլյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Լևոն Գուլյանը հրավիրվել էր ոստիկանություն զրույցի և փորձել էր փախչել, բայց սայթաքել էր  և  երկրորդ հարկից վայր ընկնելով՝ մահացել։ Դեպքին հաջորդեցին բողոքի բազմաթիվ ակցիաներ։ Հասարակության ճնշման արդյունքում հրավիրվեցին միջազգային փորձագետներ։ Ըստ փորձաքննության, Լևոն Գուլյանի մարմնի վրա եղել էին վնասվածքներ, որոնք կապ չունեին վայր ընկնելու հետ, այլ հարվածների հետևանքներ էին։ Այսպիսով, պարզ էր, որ Լևոն Գուլյանին ոստիկանությունում խոշտանգել էին։ Լևոն Գուլյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ հարուցվեց, սակայն այն հետագայում կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով։

2023 թվականին Հայաստանում տեղի են ունեցել երեք նմանատիպ դեպքեր։  Ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության երրորդ հարկից ընկել և մահացել էր Հովտաշեն համայնքի բնակիչ Միսաք Պողոսյանը։ Հարազատները բացառում են փախուստի փորձի հավանականությունը՝ պնդելով, որ Մ․ Պողոսյանը մի քանի ժամից ամեն դեպքում ազատ էր արձակվելու, իսկ փախուստի ցանկության պարագայում ունեցել է ավելի հարմար հնարավորություններ։ Ըստ փաստաբանի, շենքի այն հատվածը, որտեղից ընկել էր Մ․ Պողոսյանը, տեսախցիկների տիրույթում չէ։

Հուլիսի 20-ին ՌԴ քաղաքացի Վադիմ Վոլկովը ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկի պատուհանից ցած է ընկել և մահացել։ Վերջինս եղել է ձեռնաշղթաներով։ Երկու դեպքում էլ Քննչական կոմիտեն շտապել էր հայտնել, որ մահացածները բաժիններում էին գտնվում թմրամիջոցների հետ կապված գործերով և փորձել են պատուհանից փախուստի դիմել։

Տարվա ընթացքում երրորդ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին։ ՌԴ քաղաքացի, «թրեշ-բլոգգեր» Յուլիա Մաքսիմովսկայան, ըստ Քննչական կոմիտեի, փորձել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի դիմել և ընկել է զբոսավայրի ցանցե տանիքին։ Վերջինս ստացել էր ողերի կոտրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Ինչպես Լևոն Գուլյանի դեպքում, ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ երեք անձինք էլ ենթարկվել են խոշտանգումների։ Փախչել, օրինակ, 3-րդ կամ  5-րդ հարկի՞ց…  աներևակայելի է։ Եվ հարց է, իրե՞նք են փորձել «փախչել», թե՞ նրանց «օգնել» են քննիչները։ Փաստորեն, մենք չէինք հավատում, որ Լևոն Գուլյանը 2-րդ հարկից փախուստի փորձ է արել, բայց հավատում ենք 5-րդ հարկից փախուստին։

Եթե 2007 թվականի Լևոն Գուլյանի ողբերգական մահը հասարակական մեծ արձագանքի արժանացավ, բազմաթիվ ակցիաներով, ապա 2023 թվականի նմանատիպ երեք դեպքերի ժամանակ լռություն է, ինչպես նաև առկա չեն քրեական գործեր և կասկածյալներ։

3․ 2012 թվականին «Հարսնաքար» ռեստորանում խմբակային դաժան ծեծի ենթարկվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ Շուրջ մեկ ամիս մնալով կոմայի մեջ, Վահե Ավետյանը մահացավ։ Նման հասարակական ընդվզում Հայաստանում չէր եղել։ Ստեղծվեց «Վահե Ավետյան» շարժում, հիմնադրամ։ Նույնիսկ սփյուռքում բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Դեպքը դատապարտեց «Հարսնաքար» համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, ով նաև հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Որևէ ցուցմունք չկար, ըստ որի՝ Ռուբեն Հայրապետյանը ներկա է եղել միջադեպին։ Ծեծի մասնակից «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության 6 աշխատակիցներ դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։

2019 թվականին Եղեգնաձորում, խմբակային, դաժան ծեծի ենթարկվեց   փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Չորս տարի կոմայի մեջ մնալուց հետո, Արա Մխիթարյանը մահացավ։ Դեպքի հետ կապված կալանավորվեց և 5  տարով դատապարտվեց ընդամենը մեկ անձ՝  Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը, որն  էլ վաղաժամկետ ազատ արձակվեց։ Ըստ երեք ականատեսների, դեպքին ներկա է եղել անձամբ մարզպետը և հրահանգներ է տվել մարզպետարանի  աշխատողներին։ Ականատեսները վկայությունը հաստատել են նաև առերես հարցաքննության ժամանակ, սակայն քննչական կոմիտեն և դատախազությունը մարզպետին չեն ներգրավել քրեական գործում։

Ի տարբերություն Վահե Ավետյանի մահվան, Արա Մխիթարյանի մահը չարժանացավ հասարակության բուռն զայրույթին։ Եթե Վահե Ավետյանի մահը զայրացրել էր նաև բանակի սպաներին, ապա փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան դեպքում նրանք բոլորը «խոհեմաբար» լռում են։

4․ 2017 թվականին, հիվանդանոցում, մեկուսարանում հացադուլի հետևանքով մահացավ Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը։ Նրա մահը մեծ հուզումներ առաջացրեց՝ բազմաթիվ ցույցեր, երգեր գրվեցին նրա պատվին, նույնիսկ խոսք էր գնում նրա հիշատակը հավերժացնելու համար հուշարձան կանգնեցնելու մասին։  Հիշեցնեմ, որ Հաց բերողը 2016 թվականին, ճեղքելով ոստիկանական պատնեշը, սնունդ էր տարել մի քանի օր շրջափակման մեջ գտնվող, ՊՊԾ գունդը գրաված, ոստիկաններ սպանած, «Սասնա Ծռեր» հանցավոր խմբին։ Խմբի հանձնվելուց հետո, խմբի մյուս անդամների հետ կալանավորվել էր, ապա նրա խափանման միջոց կալանքը փոխվել էր, և նա ազատ էր արձակվել։ Հերթական հարցաքննությանը չներկայանալու պատճառով  նորից էր կալանավորվել և հացադուլ հայտարարել։ Ըստ շրջանառվող լուրերի, Հաց բերողի փաստաբանի առաջարկով նա չէր ներկայացել հարցաքննությանը։  Հացադուլի հետևանքով Հաց բերողի առողջությունը վատացել էր, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, վիրահատել էին, բայց կյանքը փրկել չէր հաջողվել։

2019 թվականին, մեկուսարանում, 44-օրյա հացադուլից մահացավ Haynews.am կայքի խմբագիր Մհեր Եղիազարյանը։ Նա կալանավորվել էր կաշառքի միջնորդություն անելու կասկածանքով։ Մահվանից մեկ շաբաթ առաջ դատարանը մերժել էր Մհեր Եղիազարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։ Ի տարբերություն Հաց բերողի, Մհեր Եղիազարյանի խափանման միջոց կալանքը ոչ միայն չփոխվեց, այլև նա հիվանդանոց չտեղափոխվեց։

Եվ, ինչպես նախկին բոլոր դեպքերում, «հեղափոխականների» ժամանակների հանցագործությունները չեն արժանանում հասարակության բուռն ընդվզումների, այնպես էլ Մհեր Եղիազարյանի ողբերգական մահն աննկատ մնաց։

Այս ամենին հավելենք, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, 2023 թվականին առաջին անգամ, Էրեբունի ոստիկանական բաժանմունքում խոշտանգվեցին փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը, իսկ Կենտրոնի բաժանմունքում՝ փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Այս դեպքերի կապակցությամբ միայն փաստաբանական համայնքը բողոքեց՝ մի քանի օր գործադուլ հայտարարելով։ Նշված բռնությունների դեպքերի վերաբերյալ հարուցված գործերով պատժի ենթարկվածներ չկան։

Պատկերացնում եմ, որ նման դեպք պատահած լիներ «նախկինների» ժամանակ՝ ինչպիսի աղմուկ-աղաղակ կբարձրանար։

Ընթերցողին եմ թողնում վերը բերված 4 օրինակների համեմատությունները, մի կողմից՝ հանցագործությունը պատժելու, մյուս կողմից՝ հասարակության վերաբերմունքի հարցով։

Ի դեպ, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդների փաստաբանները, իրենց իրավապաշտպան համարող, եվրոպական հնչեղ անվանումով կազմակերպության անդամ ամուսիններն էին, նրանցից մեկը, զույգից՝ ամուսինը, նաև Հաց բերողի փաստաբանն է եղել։ Ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, իրավապաշտպան ամուսինները ոչ միայն այլևս չեն նկատում վերը հիշատակված մարդու իրավունքների  աղաղակող խախտումները, այլև երկուսն էլ  վարչապետ կոչեցյալի կողմից նշանակված են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ։ Իսկ դա նշանակում է, որ «իրավապաշտպան»  ամուսինները վարչապետ կոչեցյալի հավատարիմ ենթականերից են, ինչպես հանձնաժողովի բոլոր անդամները։

Այսպիսով արձանագրենք, որ մեր՝ Հայաստանի հասարակությունը չի առաջնորդվում արդարության, գթասրտության, բռնությունը մերժելու չափանիշներով, այլ միմիայն, անձնական նպատակահարմարությամբ։ Այս հոդվածը կարելի է համարել, իմ  նախորդ՝ «Մարդու իրավունքների կոռուպցիա» հոդվածի լրացում։

Ավետիք Իշխանյան


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։