Խաղաղություն ես ուզում պատրաստվիր պատերազմի, իսկ Հայաստանը, ի դեմս իր իշխանության, պատերազմի չի պատրաստվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«ՀՀ իշխանությունը փորձում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ողորմածությանը ներքո գտնվել, ցույց տալ, որ ինքը առավել քան խաղաղասեր է: Փաշինյանը մոռացել է 2020-ի հունիսին Տավուշի մարզում հայտնի դեպքերից հետո, երբ 2 մարտական հենակետ ընդամենը հայկական կողմը վերցրեց, եւ իրեն թվում էր, թե մեծ ճակատամարտ է հաղթել: Այն ժամանակ եւ հիմա հռետորաբանությունը լրիվ հակառակ են իրար: Սա պարտվածի հոգեբանություն է, որպեսզի հաղթող երկիրը ուժ չկիրառի, բայց Ադրբեջանն ունի պահանջներ, մասնավորապես, մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այսպես կոչված, ադրբեջանական «անկլավների» վերադարձ, ռեպարացիա, փոխհատուցում եւ այլն: Փաշինյանի կեցվածքով ինքը պատրաստ է զիջել, բայց աստիճանաբար, այնպես որ Հայաստանի ներսում ներքաղաքական լուրջ խնդիրներ չլինեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն ասում են, որ սահմաններն են կահավորում, զինտեխնիկա են փորձում բերել բոլոր հնարավոր միջոցոներով, փորձագետն ասաց. «Դա միայն խոսքեր են: Սովորաբար պատերազմից հետո, եթե խաղաղության պայմանագիր չի կնքվել, պատրաստվում են պատերազմի: Դա ենթադրում է անձնակազմի համալրում, մասնագիտական ունակությունների բարձրացում, մեծ քանակի զինտեխնիկայի եւ զինամթերքի գնումներ, եւ վերջին փուլը զորավարժություններն են: Ադրբեջանը գործնականում անում է սա, Թուրքիայի հետ 20-ից ավելի մեծ ու փոքր զորավարժություններ է արել: Ադրբեջանը հաջորդ մեծ ճակատամարտին է պատրաստվում, իսկ մեզ մոտ միայն խոսքեր են, կենացներ ու ածականներ: Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ոչ մի զորավարժություն չի անցկացրել»,-ասաց նա:

Նահապետյանի խոսքով,  Հայաստանը ուներ հնարավորություն այստեղ ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել, սակայն Հայաստանը դա մերժում է, իսկ զորավարժություններ չանցկացնելը ցուցիչ է:

Անդրադառնալով ֆրանսիական զենքեր գնելուն, Հայկ Նահապետյանն ասաց. «Ֆրանսիական զենքերը մտադրությունների հուշագիր են: Երբ կլինի այդ զենքը, ինչպես կլինի, արդյոք ՀՕՊ միջոցներ, երբ բերվեն  Հայաստան, առկա ՀՕՊ համակարգերի հետ կարող են համատեղ աշխատել: Այդ ռադարները ով է աշխատեցնելու, մեր զինծառայողները պատրաստվե՞լ են արդյոք, թե ոչ: Զինամթերքն ինչպե՞ս է բերվելու: Այս ամենը չկա: Հուշագիր է ստորագրվում երեք ռադարի վերաբերյալ, հետո հայտարարվում է, թե Հայաստանին երկինքը փակվում է, այն դեպքում, երբ Հայաստանը ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ կառավարման համակարգ ունի:

Այստեղ լուրջ խաբկանք կա, իբր, Ֆրանսիայից գնում ենք եւ մեր պաշտպանունակությունը կբարձրանա: Ես կարծում եմ՝ ֆրանսիացիները կոնկրետ խնդիր ունեն, այդ հուշագրում ՀՕՊ համակարգերի աուդիտի մասին ձեւակերպում կար, յսինքն ֆրանսիացիներին մոտ ժամանակներս հնարավորություն է տրվելու մուտք գործել Հայաստանի եւ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ կառավարման համակարգ: Եթե ֆրանսիացիներին թույլ տրվի այդ տեխնիկայի սպասարկման մեջ մասնակցություն ունենալ, դա նշանակում է, որ նրանք տիրապետելու են գաղտնիքների, որը դյուրին կերպով կարող են փոխանցել եւ Ադրբեջանին, եւ Իսրայելին, եւ Մեծ Բրիտանիային՝ Իրանի դեմ, եւ Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ»,- ընդգծեց նա:

!

Այս նյութը հասանելի է նաև   Русский

Տպել


Հավանեցի՞ր։ Դե կիսվիր այս գրառմամբ։